Հայաստանը պետք է մեզ փախստականի կարգավիճակ տա, դիմի ՄԱԿ-ին
Lragir.am-ի զրուցակիցն է պատմաբան, Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը
Պարոն Հարությունյան, կառավարությունը երկար ժամանակ է չի արձագանքում արցախցիների դիմումին՝ փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
Մենք դիմում էինք հանձնել կառավարությանը՝ պահանջելով փախստականի կարգավիճակ, բայց այդ դիմումին դեռ պատասխան չկա։ Հիմա մտածում ենք, թե ոնց կարելի է նորից այդ հարցը ակտիվացնել, որ կառավարությունը քայլ անի։ Սխալ է, որ միայն Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնում այսքան փախստականների հարցերի լուծումը, այն դեպքում, երբ միջազգային կառույցներից աջակցության հնարավորություն կա։ Այսինքն՝ պետությունը կարող է դիմել ՄԱԿ-ին և օրինակ, ասել՝ «այսքան փախստական ունեմ, չեմ կարողանում այդ մարդկանց հարցերը լուծել, խնդրում եմ, օգնեք»։ Այդ դեպքում ամբողջ ծանրությունը չի ընկնի միայն հայոց պետության վրա։ Իսկ դրա համար Հայաստանը պետք է մեզ փախստականի կարգավիճակ տա, դիմի ՄԱԿ-ին և ասի՝ «ես արդեն ճանաչել եմ փախստականների կարգավիճակը, խնդրում եմ, օգնեք»։
Ըստ ձեզ՝ ինչո՞ւ կառավարությունն այս ուղղությամբ քայլ չի անում։
Դժվարանում եմ իրենց փոխարեն պատասխանել։ Հնարավոր է, ինչ-որ արտաքին ազդակներ կան։ Միգուցե դրսի ինչ-ինչ ուժերի ճնշման տակ չի գնում այդ քայլին։
Վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի «ադրբեջանական բնակչության վերադարձի» հնարավորության մասին։ Երբ խոսում ենք փախստականների վերադարձի մասին, հայ բնակչության իրավունքներն ինչպե՞ս պետք է բարձրացնել։
Ադրբեջանցի փախստականների հարցերով զբաղվում է ադրբեջանական պետությունը։ Մեր պետությունն էլ հայ փախստականների հարցերով պիտի զբաղվի։ Ես կարծում եմ՝ Փաշինյանի այդ խոսքն ավելի շատ դիվանագիտական քայլ էր։ Այդ խնդրի արմատները գնում են դեպի պատմություն։ Երբ բերվում է միայն խորհրդային ժամանակի պատկերը, դա ի նպաստ մեզ չէ։ Մոտավորապես այսպես է եղել, ԽՍՀՄ տարիներին՝ մինչև 1988 թվականը, Շուշիի ամբողջ շրջանում մոտ 10 հազար ադրբեջանցի բնակչություն է եղել, իսկ Շուշի քաղաքում 2700 հայ բնակիչ ենք ունեցել, չհաշված շրջանի գյուղերը։ Իսկ երբ պատմական փաստերն ենք վերցնում, 1920 թվականի մարտի 21-23-ը թուրք-ադրբեջանական ագրեսիա եղավ, իրականացվեց էթնիկ զտում։ Շուշիում էթնիկ հայ բնակչությունը բնաջնջվեց, 35-48 հազար հայ բնակչություն կոտորվեց։ Մնացածը հասցրել են մի կերպ փրկվել։
Ի՞նչ քայլեր պետք է անել՝ այս փաստերը ներկայացնելու ուղղությամբ։
Մենք չունենք քարոզչական մեքենա, այնինչ, ցանկացած պետություն ունի քարոզչական մեքենա։ Ես Հայաստանի այսօրվա վիճակը միշտ համեմատում եմ Գերմանիայի՝ 1918 թվականից հետո վիճակի հետ։ Եթե համեմատենք, նույն կոտրված վիճակն է, նույն անորոշությունը։ Ֆաշիստները եկան իշխանության, ստեղծեցին քարոզչական հզոր մեքենա։ Դրա համար, երբ իրար հետևից իրենք նորից սկսեցին հետ վերցնել գերմանական հողերը, ոչ ոք դրա դեմ չխոսեց։ Մենք չունենք այդ քարոզչական մեքենան, և ես դրա մասին 30 տարի է գոռում եմ, որ ոչ Արցախում, ոչ Հայաստանում քարոզչական մեքենա չկա։ Խնամի-ծանոթ-բարեկամով այս գործը չի ստացվելու, պատմաբանները, քաղաքագետները, իրավաբանները, այլ մասնագետները պետք է այդ քարոզչական մեքենան գլխավորեն, որ ի նպաստ Հայաստանի քարոզչություն ծավալվի։ Մեր թերությունն այն է, որ մենք կարծում ենք, թե աշխարհն ամեն ինչ գիտի մեր մասին։ Այս թյուր կարծիքը մեզ սխալ ուղիով է տանում, աշխարհը ոչինչ էլ չգիտի, մենք պետք է աշխատենք։ Եվ պետք է վերջ տանք նախկիններ-նորեր բանավեճին, դա արդեն կոյուղի նետելու գաղափարախոսություն է, ներքին անհամաձայնության տանող ուղի։ Եթե մենք քրիստոնյա ազգ ենք, Նոր կտակարանում ասվում է՝ «չի կարող գոյություն ունենալ տունը, եթե տան մեջ կա պառակտում»։
Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցերը ևս հետին պլան են մղվում, ի՞նչ պետք է անել։
1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրով Արցախի Հանրապետության ողջ տարածքում պետք է դեօկուպացիա կատարվի։ Ինչ վերաբերում է ադրբեջանցի բնակչության գալուն-չգալուն, ես կարծում եմ, դա չպետք է լուրջ խնդիր սարքել։ Եթե այդ մարդիկ այստեղ բնակվել են, և եթե դու քեզ համարում ես ուժեղ մշակութային ազգ, ինչի՞ց ես վախենում։ Պետք է մեր ներքին թուլությունը վերացնենք, այնպիսի տնտեսական, քաղաքական, մշակութային ծրագրեր պետք է մշակենք, որ եթե նույնիսկ արդբեջանցի բնակչությունը գա Արցախ բնակվի, եթե դու հարցնես՝ դու ի՞նչ ազգ ես, ինքը կասկածի՝ ադրբեջանցի է, թե՞ հայ։ Սա է ուժեղ պետության քաղաքականությունը։ Մենք պետք է հզոր պետականություն ունենանք։ Դեօկուպացիան միանշանակ պետք է իրականացվի, թուրքական ու ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, իսկ Արցախ վերադառնալու ցանկություն հայտնող ադրբեջանցիները փաստացի ընդունելու են, որ Արցախի Հանրապետության քաղաքացի են։ Այսինքն՝ բոլոր հարցերը հեշտ է լուծել, եթե դեօկուպացիան կատարվի և Արցախի կարգավիճակը միջազգայնորեն ճանաչվի։ Մենք այդ ուղղությամբ պետք է քայլեր անենք, Արցախից նման հայտարարություններ երբեմն հնչում են, որ Ադրբեջանի կազմ վերադարձ չպետք է լինի։ Դա նշանակում է՝ ինչ-որ մեսիջներ կան։
Lragir.am