«Այստեղ պետք է քաղաքական պատվեր տեսնել, հատկապես, երբ գործը քաղաքական կոնտեքստ ունի». Արա Ղազարյան
Այսօր խորհրդարանում դատական գործերը «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ «ձեռքով» մակագրման վատ ավանդույթը երկար ժամանակ շարունակվում է, և ստացվում է, որ երբ և ում ուզեն, ցանկացած հանգամանքներում կալանավորում են՝ առանց խորանալու դրա իրավական հիմքերի մեջ։
Նշենք, որ քննարկմանը մասնակցում են նախկին դատավորներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ և իրավական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ։
Մինչև «ձեռքով» մակագրմանն անդրադառնալը, ներկաները խոսեցին դատարանների կողմից խափանման միջոց կալանավորման միջնորդությունները մեծամասամբ բավարարելու մասին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը քննարկման ժամանակ նշեց, որ նախորդ տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փորձել է պարզել խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վիճակագրական տվյալներ, և պատկերը ծայրահեղ անհանգստացրել է։
«Խոսքը դատարաններին ենրկայացված միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարելու պատկերի մասին է։ Սա չի կարող նորմալ լինել, սա չի կարող լինել այն տրամաբանությամբ, որ այդքան դեպքերում միայն կալանավորումն է, որը բավարարում է 135-րդ հոդվածի հիմքերի պահանջներին»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի խոսքով՝ ուսումնասիրելով վիճակագրական տվյալները, ապա Եվրոպայի խորհրդի և միջազգային մոնիտորինգային տվյալները, Հայաստանում բոլոր բանտարկյալների մեջ կալանավորների թիվը 45 տոկոս է, ինչը, ըստ նրա, սա շատ բարձր թիվ է։
«Սակայն ԱԺ-ում Գլխավոր դատախազության տարեկան հաղորդումներում, որոնք ներկայացնում են, այնտեղ խափանման միջոց կալանավորումը կիրառվում է 14,5 տոկոսով։ Այսինքն՝ այստեղ հակասություն կա՞, թե՞ ոչ, կարծում եմ՝ հակասություն չկա, ուղղակի հաշվարկի մեթոդաբանությունն է տարբեր՝ Եվրոպայի խորհուրդն ուղղակի վերցնում է երկու թիվ՝ ազատազրկվածներ և կալանավորներ։ Երբ ազատազրկվածների թվում փոփոխություններ է լինում, օրինակ, ամնեզիայով 620 մարդ դուրս է գալիս բանտերից, բնականաբար, կալանքի տոկոսային հարաբերակցությունը բարձրանում է, բայց կալանքի պրակտիկայում փոփոխություն չկա, մի բան էլ նվազում կա։ Կարծում եմ՝ Գլխավոր դատախազության մեթոդաբանությունն ավելի ճիշտ է, վերցնում է հարուցված քրեական գործերը, հանում է այն գործերը, որոնցով կալանք չի կարող կիրառվել, և դրանցով նայում է, թե քանի գործով է կալանքի միջնորդությունը բավարարվել»,- նշեց Արա Ղազարյանը։
Նա նաև ընդգծեց, որ կալանքը հրատապ միջոց է, և եթե անձը 3-4 ամիս եղել է ազատության մեջ, հարց է առաջանում՝ ի՞նչ հրատապ դեպք է տեղի ունեցել, որ կրկին կալանքը վերականգնվում է։
«Այստեղ պետք է քաղաքական պատվեր տեսնել, հատկապես, որ գործը քաղաքական կոնտեքստ ունի։ Եթե անձը գտնվել է ազատության մեջ և եթե պետք է խոչընդոտեր գործին, արդեն իսկ իր գործն արել է։ Այստեղ խնդիրն այն է, որ մարդը գտնվելով ազատության մեջ՝ կալանավորվում է այն դեպքում, երբ նրա դեմ հարուցված գործում չկա որևէ նորություն։ Ուստի այստեղ կարելի է ասել, որ սա արտաքին ազդակ է, իսկ արտաքին ազդակը դատական իշխանության նկատմամբ միջազգայնորեն ընդունված գործոն է՝ գնահատելու, որ դատարաններն անկախ չեն։
Հետևաբար, մենք ոչ թե թվի, այլ բովանդակության վրա պետք է կենտրոնանանք, թե ինչն է պատճառը, որ որոշ դեպքերում, հատկապես՝ քաղաքական կոնտեքստ ունեցող գործերի դեպքերում երկարաձգվում է կալանքը, երբ օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը վերացել է»,- շեշտեց Արա Ղազարյանը։
168.am