Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

Տիկին Հովսեփյան, դուք բարձրացրել եք այն հարցը, որ Հայաստանի անվտանգային խնդիրները չեն լուծվում, բայց իշխանությունները որոշեցին ՀԱՊԿ շրջանակներում զորք ուղարկել Ղազախստան։ Անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ ի՞նչ քաղաքականություն պետք է վարի պետությունը։

Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը պետք է լինի բացարձակ պրոֆեսիոնալ կադրերով զինվելն ու Հայաստանի շահով առաջնորդվելը, ինչը մենք չենք տեսնում ոչ մի ոլորտում՝ կլինի դիվանագիտական, անվտանգության, թե այլ ոլորտում։ Իրենք շարունակում են իրենց հակահայկական քաղաքականությունն առաջ տանել։ Ցավոք, տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք ավելի կարևորում ենք անձանց, թե ով ում բարեկամն է, ոչ թե պրոֆեսիոնալներին։ Եվ դրա հետևանքով ունենում ենք այս իրավիճակը։ Բնական է, որ այսօր մեր գերիների և ՀՀ տարածք ներխուժումների հարցերը միջազգային մակարդակով պետք է բարձրաձայնվեին, և հնարավոր բոլոր լուծումները գտնվեին, բայց նախ առաջին հարցը՝ ովքե՞ր են մեր նորանշանակ դեսպաններն այսօր և ովքե՞ր են դեռ հավակնում այդ պաշտոններին։ Այս հարցին ի պատասխան տեսնում ենք, որ իրենք անվտանգային հարցերին որևէ կերպ լուրջ չեն վերաբերվում։ Դրա հետևանքով մենք արդեն տալիս ենք մեր պատանիների հերթական կյանքերը, բայց ոչ մի ապահովագրություն չունենք։ Մենք այսօր սահմանի ամրաշինական հարցերը չենք լուծել, բայց ունենք զրահապատ մեքենաներ՝ ղեկավարությանը սպասարկող։

Ի պատասխան Բաքվի գործողությունների ու Ալիևի հայտարարությունների՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ հետևողականորեն գնալու են խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհով՝ որքան էլ որոշ ուժեր ու անձինք փորձեն հակառակն ապացուցել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Ոչ մի ուժ չի էլ փորձում իրեն խանգարել, որովհետև կարծես թե մեր ընդդիմությունը լռել ու նստել է ու թողնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր սև գործը մինչև վերջ անի։ Այլևս ես չեմ ուզում որևէ ուժի մասին խոսել։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղության դարաշրջան բացելու մասին հայտարարություններին, բոլորս ենք տեսնում, թե ինչեր է արժենում իր խաղաղության դարաշրջանը։ Բայց դա իր կյանքը կարժենա, վերջապես կգա մի պահ, որ այդ զսպանակն ինչքան էլ սեղմես, մի օր թռնելու է, այդ օրը գալու է։

Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգությունների դեպքում ՀԱՊԿ-ը չի արձագանքում, բայց շատ արագ գործեցին Ղազախստան զորք ուղարկելու հարցում։ Այս զարգացումներն ի՞նչ ենք ցույց տալիս։

Սա տարրական անլրջություն է, որովհետև փաստացի մենք տեսանք, որ մեր խաղաղապահներն ու հատուկ ջոկատայինները գնացին ցույց ցրելու, մինչդեռ մենք ունենք երկրի տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ հարց լուծելու խնդիր, որը պետք է հենց այդ նույն ՀԱՊԿ նախագահությունը քննարկման դներ։ Նոյեմբերի 16-ին, երբ կարիք առաջացավ ՀԱՊԿ դիմելու, կրկին նույն խնդիրը եղավ, ինչ առաջին անգամ, երբ հորդորեցին գրավոր դիմել և այլն։ Սա ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը՝ որպես այդպիսին, Հայաստանի համար չկա։ Իսկ քանի որ այլ երկրի համար էր, Նիկոլ Փաշինյանը՝ որպես նախագահող, անմիջապես քայլեր ձեռնարկեց։ Սրանք շատ էժան գործողություններ էին։ Սա հետագայում մեր պետության հանդեպ լուրջ վերաբերմունքի խնդիր կառաջացնեն։ Եվ նա ուզում է, որ այլ պետություններն ավելի լո՞ւրջ վերաբերվեն մեր երկրին, այն դեպքում, երբ ինքն արհամարհված է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից, բայց նախահարձակ է լինում, ձեռնամուխ է լինում աջակցելու այլ երկրի ներքաղաքական խնդիրներին։ Ասում են՝ մեծ թուրանը չներթափանցեց Ղազախստան, բայց ինքն իր ձեռքով մեծ թուրանի ծրագիրն իրականացրեց Հայաստանում։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հույս էր հայտնել, որ նման իրավիճակներում ՀԱՊԿ-ն էլ մեզ կաջակցի։

Այո, նման իրավիճակում, իհարկե, ՀԱՊԿ-ը կաջակցի։ Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ կարող է այնպես լինել, որ իրենց շղթայական թանկացումների ֆոնին մարդիկ դուրս գան փողոց։ Իրենք քայլ արեցին և ցույց տվեցին, որ՝ եթե դուք փորձեք, մենք Ղազախստանի նման կդիմենք ՀԱՊԿ երկրներին։

Հայաստանն այս անվտանգային համակարգում է, որը փաստացի չի գործում հօգուտ մեր երկրի շահերի ու անվտանգության, ի՞նչ պետք է անել այս դեպքում։

Մենք պետք է հստակեցնենք՝ ՀԱՊԿ ֆունկցիան ո՞րն է։ Ես չգիտեմ՝ ՀԱՊԿ կոնկրետ ֆունկցիան այս պարագայում որն է, այն, ինչը հրապարակված է և ինչը մենք գիտենք, դա չի տեղավորվում այն տրամաբանության մեջ, ինչն այսօր արվում է։ Հիմա գուցե մենք սխալ գիտենք, մեր անվտանգության խորհրդի քարտուղարն ու Նիկոլ Փաշինյանն ավելի լա՞վ գիտեն, թե ՀԱՊԿ ֆունկցիան որն է։ Եվ եթե ՀԱՊԿ ֆունկցիան ցույց ցրելն է, ուրեմն մենք չպետք է մնանք այդ կառույցում, որովհետև փորձը ցույց տվեց, որ հայերը լավ էլ ցուցարար են և ցրելուց էլ չեն ցրվում։ Անիմաստ է Ղազախստանի կամ այլ երկրի միջամտությունը։ Մենք պետք է անդամակցենք մեկ այլ կառույցի, կամ եթե որևէ մեկից աջակցություն չենք ստանում, ապա որևէ կառույցում չլինելն ավելի ճիշտ է։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն