Ադրբեջանը Թուրքիայի թելադրանքով փորձում է ապամոնտաժել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմը. Դավիթ Բաբայան
Ադրբեջանը Թուրքիայի թելադրանքով փորձում է ապամոնտաժել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոյություն ունեցող մեխանիզմները։ Այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները եւ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարությունն այն մասին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ»։
«Ադրբեջանը ապակառուցողական քաղաքականություն է վարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ։ Դա արտահայտվում է նաեւ նրանով, որ պաշտոնական Բաքուն ամենատարբեր խոչընդոտներ է ստեղծում միջնորդների այցերի համար։ Խոսքն ուղղակի արգելքի մասին չէ, դա բացահայտ պահանջել Բաքվում դեռ չեն համարձակվում, այլ տարատեսակ կեղտոտ հնարքների մասին, որոնք ի վերջո անիմաստ են դարձնում հենց այցը։ Օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում է համանախագահների հետ հանդիպումներից՝ նորանշանակ համանախագահների հետ ճանաչողական հանդիպումը չի հաշվվում։ Կամ պահանջում է, որ մուտքն ու ելքը Աղդամով իրականացվի։ Դեմարշի տեխնոլոգիաները բազմազան են։
Վերջերս Ալիեւն իրեն, մեղմ ասած, ոչ լավ հայտարարություններ թույլ տվեց միջնորդների հասցեին։ Նա նախկինում հանդես էր եկել համանախագահների դեմ, իսկ հիմա ավելի բացահայտ արեց դա։ Ակնհայտ է, որ Ալիեւը փորձում է խաղալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակասությունների վրա։ Ընդ որում՝ Մոսկվայում նա դա բացատրում է Արեւմուտքի դեմ գործողություններով, իսկ Արեւմուտքում ասում է, որ գործում է Ռուսաստանի դեմ։ Ամեն դեպքում, վարկաբեկվում է ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդհանրապես, եւ Ռուսաստանի խաղաղապահ դերը մասնավորապես։ Իսկ հեռահար նպատակը կարող է լինել այն, որ հասնելով խմբի լուծարմանը, պնդել ռուս խաղաղապահների դուրսբերումը։ Ինչո՞ւ է Ալիեւը ձգտում չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Որովհետեւ սա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է։ Իսկ ինչպես հայտնի է, Ղարաբաղը ճանաչված է որպես բանակցային կողմ եւ հակամարտող կողմ։ Այն, որ նա լիարժեք չի մասնակցել, Ադրբեջանի քմահաճության արդյունքն է։ Այժմ Բաքուն ավելի հեռուն է գնացել եւ փորձում է տորպեդահարել ՄԽ գործունեությունը։ Բայց կա նաեւ համարժեք արձագանք՝ պատահական չէր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը կապված չէ հակամարտության հետ, հնչեց Ալիեւի հայտարարություններից հետո։ Ադրբեջանն, ըստ երեւույթին, տանուլ է տալիս իր խաղը։ Ադրբեջանը Թուրքիայի թելադրանքով փորձում է ապամոնտաժել կարգավորման գոյություն ունեցող մեխանիզմները։ Բայց չեմ կարծում, որ այդ փորձը հաջողությամբ պսակվի, ընդհակառակը, կարժանանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համապատասխան արձագանքին»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
Politik.am