Երևանում կհիմնվի Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ
Մայրաքաղաք Երևանում կհիմնվի Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը։
Համապատասխան որոշումը հրապարակված է Ֆրանսիայի կառավարության հանրային իրավաբանական ծառայության կայքում։ Որոշմամբ սահմանվում է Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման իրավական ընթացակարգը և նշվում է, որ այն ուժի մեջ կմտնի Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։
Մեկնաբանելով այս որոշումը՝ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր զբոսաշրջության, արտասահմանում Ֆրանսիայի քաղաքացիների և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երազել է տեսնել ֆրանսիական հաստատություն Հայաստանում․ այժմ այն ստեղծվել է։
«Ֆրանսիայի և Հայաստանի միջև եզակի մարդկային կապեր են տասնամյակների և նույնիսկ դարերի ընթացքում: Նրանց հետագա ամրապնդման համար ստեղծվել է նոր ինստիտուտ»,- գրել է պետքարտուղարը:
Նշենք, որ այսօր Հայաստանում գործում են Հայաստանի ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև ֆրանսերենի խորացված ուսումնասիրությամբ մի շարք դպրոցներ:
Armeniatoday.news