Արցախի ինքնորոշման իրավունքի վրա Հայաստանի իշխանությունը խաչ է քաշում, այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Արցախի վերաբերյալ․ «Նիկոլ Փաշինյանը նախորդ տարեվերջին ասուլիս էր տալիս և մեկը մեկին կրկնում էր ադրբեջանական թեզերը։ Ասում է՝ արդյոք Արցախը միայն հայկական է։ Եվ ավելի հեռուն է գնում, ադրբեջանական թեզեր է առաջ քաշում՝ ընդհուպ հասնելով ու ասելով, որ չկա գործնական ու տեսական որևէ հնարավորություն, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս։ Արցախի ինքնորոշման իրավունքի վրա դուք ամբողջությամբ խաչ եք քաշում։ Եվ մեկին մեկ կրկնելով ադրբեջանական թեզերը՝ Նիկոլ Փաշինյանը ո՞ր երկրի շահերն է սպասարկում»։ Աննա Գրիգորյանը նաև անդրադարձավ Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ նա ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետություններիրց երեքի հանդեպ։

«Թոշակի է ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իսկ միջնորդ երկրները և Հայաստանի իշխանությունները ի՞նչ են անում, ուղղակի լռում են։ Ալիևը վերջնագիր է առաջ քաշում, տարածքային հավակնություններ է արտահայտում Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի իշխանությունը ձևացնում է, թե չի էլ նկատել այդ ամենը։ Փաշինյանը բողոքում է, որ խաղաղության դարաշրջան կառուցելն ամուր նյարդեր է պահանջում, հիմա հարց եմ ձեզ տալիս՝ իրականում ի՞նչ եք կարծում, ձեզ որքան ժամանակ է պետք, որպեսզի այս հայտարարություններին արձագանքեք։ Եվ կա՞ արդյոք գիտակցում, որ ձեր չարձագանքելով արդեն իսկ ամենաթողության եք հասցրել վիճակը։ Ադրբեջանի նախագահն արդեն խոսում է ճանապարհների վերաբերյալ համաձայնության հասնելու մասին, և դրան էլ որևէ ձև չեք արձագանքում»,- նշեց նա։

Ըստ նրա՝ այս պահին Հայաստանն իր քաղաքական ու դիվանագիտական կապիտալի ամենացածր շեմին է գտնվում։ Եվ Թուրքիա-Հայաստան բանակցությունները, այսպես կոչված, տնտեսական օգուտի ներքո կարող են փորձել տեղավորել, բայց դրա դիմաց մեր կորուստները շատ ավելի մեծ են լինելու։ «Այսօր իրականության մեջ չկան առանձին հայ-թուրքական բանակցություններ կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Այդ հարաբերություններն ուղղակի կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Այսինքն՝ թուրքական կողմը չի էլ թաքցնում, ասում է՝ մենք սինխրոնիզացնում ենք մեր աշխատանքը Ադրբեջանի հետ։ Եթե ուզում եք մեզ հետ հարաբերությունները կարգավորել, նշանակում է՝ պետք է ադրբեջանական կողմի հետ ձեր հարաբերությունները կարգավորեք։ Իսկ ադրբեջանական կողմը չի թաքցնում, թե ինչպիսի ակնկալիքներ ունի Հայաստանի Հանրապետությունից։ Սպառնալիքներ, պահանջներ, այդ թվում, այսպես կոչված, միջանցքի և այլ տարածքային նկրտումների, այդ թվում՝ տարածքային ամբողջականության ճանաչման տեսքով։ Հետևաբար, դիտարկել առանձին հայ-թուրքական հարաբերություններ, մեղմ ասած, շատ նաիվ է»։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն