Պարեկային ոստիկանության կողմից պաշտոնյաներ են վարչական պատասխանատվության ենթարկվել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը և այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պարեկային ոստիկանության աշխատանքին։
Նա նշեց, որ այդ պրոցեսը բավականին դժվար ընթացավ՝ կապված քովիդի, պատերազմի, ներքաղաքական ճգնաժամի հետ, և 2021 թվականի հուլիսին որոշում կայացվեց մեկնարկել գործընթացը, և արդեն շուրջ վեց ամիս Հայաստանում գործում է պարեկային ոստիկանություն։ Նա ներկայացրեց արդյունքները։
«Մասնավորապես աշխատանքը համեմատել ենք ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատանքի հետ, որը Երևանի Ճանապարհային ոստիկանությունն է։ Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար նախկինում համեմատելի ժամանակաշրջանում եթե 565 արձանագրություն է կազմվել, ապա պարեկային ոստիկանության կողմից 1917 արձանագրություն է կազմվել, աճը երեք ու հինգ անգամ կամ 239 տոկոսով։ Հաշվառման համարանիշի հետ կապված նախկինում 953 արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից՝ 3435, աճը՝ 3,5 անգամ, կամ 260 տոկոսով։ Առանց վարորդական վկայականի վարելու համար կազմված արձանագրություններ՝ նախկինում 924 դեպք, պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք, աճը հինգ անգամ։ Հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ, վարչական իրավախախտում կատարելու հետ կապված նախկինում ոչ մի արձանագրություն չի արձանագրվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից 189 արձանագրություն է կազմվել»,–ասաց նա և հայտնեց նաև, որ պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ։
«Բայց, քավ լիցի, մեր դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել, այլ այն մասին է, որ մեր համոզմամբ ձևավորվել է իրավակարգ կարգ ու կանոն օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։ Ես ուզում եմ աշխատանքային գաղտնիք բացահայտել, պարեկային ոստիկանության յոթ ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, ես ռանգը նկատի ունեմ, որոնք հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք մենք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։ «Կարծում եմ, որ սա շատ հիշարժան փաստ է, և համապատասխան տուգանքը վճարվել է, և վարչական պատասխանատվության են ենթարկվել մարդիկ։ Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց բերման են ենթարկել իրենց կաշառք առաջարկելու կապակցությամբ»,–ասաց նա։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ 2021 թվականի վեց ամիսների ընթացքում արձանագրվել է կաշառք տալու չորս դեպք, հարուցվել է քրեական գործեր, և երեկ ունեցան նոր դեպք, երբ Իսակովի պողոտայում ոչ սթափ վիճակում քաղաքացին խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկի և հիմա նախապատրաստվում են նյութեր։ «Նախատեսում ենք 2023 թվականի կիսամյակին ամբողջ հանրապետությունում ունենալ պարեկային ոստիկանություն»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նաև նախատեսված են խրախուսումներ պարեկային ոստիկանության աշխատակիցներին՝ կատարված աշխատանքի համար։ Նա նշեց, որ Շիրակի և Լոռու մազերում ևս կունենաք պարեկային ոստիկանություն
Tert.am