Գեղարքունիքի մարզում 2021 թվականին գործել  են 124 հանրակրթական դպրոցներ, որոնցից մարզային ենթակայության են 116, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության՝ 8 դպրոց։ Մարզում ներառական կրթություն են իրականացրել 124 դպրոց՝  220  աշակերտով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Սեւանի N3 հիմնական դպրոցում գործել է ռուսերեն ուսուցմամբ 4 դասարան` 37 աշակերտով: 2021-2022 ուսումնական տարում մարզի Գեղարքունիք եւ Վարսեր համայնքներում հիմնվել է 2 մանկապարտեզ: 2021 թվականին մարզում գործող 53 մանկապարտեզի 150 խմբում հաճախել են 3 779 երեխա եւ 49 նախակրթարանի 68 խմբում՝ 1 290 երեխա: 2021-2022 ուսումնական տարվա սկզբին աշակերտների թիվը մարզային ենթակայության դպրոցներում կազմել է  28 877, որը նախորդ ուստարվա համեմատ 698 աշակերտով ավելի է եղել: 2021-2022 ուստարում 1-ին դասարան են հաճախել 2 899 աշակերտ, որը նախորդ    ուստարվա համեմատ պակաս է 110 աշակերտով: Առաջին դասարան չի կոմպլեկտավորվել Տրետուք բնակավայրի դպրոցում: 2020-2021 ուսումնական  տարվա  ավարտին 9-րդ դասարանում սովորել է 2 374 աշակերտ, հիմնական կրթության վկայականներ է տրվել 2 359 աշակերտի, որոնցից 156 աշակերտի տրվել են գերազանցության նմուշի վկայականներ, իսկ 2 203-ին` սովորական նմուշի վկայականներ:

2020-2021 ուսումնական  տարվա  ավարտին  12-րդ դասարանում սովորել են 1 298 աշակերտ: Պետական ավարտական քննությունների արդյունքում՝ 12-րդ դասարան  ավարտել  եւ միջնակարգ կրթության ատեստատ են ստացել 1 295 աշակերտ, որոնցից 1-ն արժանացել է «Գերազանցության մեդալի»:

Ընդհանուր թվաքանակի մեջ 2021 թվականին մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը կազմել է 1 705 աշակերտ, որոնցից ԲՈՒՀ-եր են ընդունվել 599 աշակերտ:

2021 թվականին ատեստավորման միջոցով որակավորման 1-ին աստիճանի տարակարգ են ստացել 15 ուսուցիչ, իսկ 2-րդ աստիճանի՝ 2 ուսուցիչ: Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից ատեստավորվել են 590 ուսուցիչ: 2021 թվականի ընթացքում «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 419 ուսուցիչ: «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրով» ատեստավորվել են  28 ուսուցիչ:

 Առաջացած մանկավարժական թափուր տեղերը համալրվել են մրցութային կարգով, եւ 60 դպրոցում անցկացված մրցույթների արդյունքում նշանակվել է 103 ուսուցիչ:

«Դասավանդի՛ր, Հայաստան»  կրթական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում  2021-2022 ուսումնական տարում մարզ է  գործուղվել 7 ուսուցիչ:

Կորոնավիրուսի դեմ մարզի դպրոցների պատվաստված աշխատակիցների թիվը 2021 թվականի դեկտեմբեր ամսին կազմել է  95.94 տոկոս։

ՀՀ  Գեղարքունիքի մարզային ենթակայության 17 դպրոցների 24 դասասենյակներ անվանակոչվել են Արցախյան պատերազմի 33 հերոսների  անուններով: 2021 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Արցախից Գեղարքունիքի մարզի կրթական գործընթացում ներգրավվել է 212 աշակերտ։

Մարզի հանրակրթական դպրոցներում, մշակութային օջախներում կազմակերպվել են Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մեծարման ցերեկույթներ, հանդիպումներ նրանց հարազատների հետ:

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Գեղարքունիքի մարզի 113 դպրոցում իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որտեղ ընդգրկված է մարզային ենթակայության 111 և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 2 դպրոց (Ծաղկունքի բաց դպրոց և Վարդենիկի կրթահամալիր): Ծրագրում ընդգրկված է շուրջ 11 177 երեխա, որոնցից 1 087-ը նախակրթարանների սաներ են:

Գեղարքունիքի մարզային ենթակայության 67 պետական ուսումնական հաստատություններում իրականացվել են ճաշարանների հիմնանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում արդեն 40 դպրոցներ ունեն ժամանակակից ստանդարտներին համապատասխան ճաշարաններ, իսկ 24-ի վերանորոգումը կավարտվի առաջիկայում:

Խոսրով Խլղաթյան

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն