Մի քանի օր է՝ Հայաստանում դրամը դոլարի նկատմամբ արժևորվում է. այսօր արդեն փոխարժեքը կազմում է մեկ դոլարի դիմաց 490 դրամ։

Արդյո՞ք դրամի արժևորումը պայմանավորված է Կենտրոնական բանկի կողմից հունիսի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ, և որքանո՞վ են իրատեսական իշխանամերձ շրջանակների այն պնդումները, թե դրամի արժևորումը քաղաքական կայունության, տնտեսական դրական սպասումների արդյունքն է․ 168.am-ը այս հարցերի պատասխանները փորձել է ստանալ տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանից:

Տնտեսագետը շեշտեց, որ դրամի արժևորումը պայմանավորված է մի շարք գործոններով, մասնավորապես՝ մակրոտնտեսական դրական տեղաշարժերով, արտաքին պահուստների մակարդակով և տնտեսական սպասումներով.

«Հինգ ամիսների արդյունքներն արդեն հրապարակված են. արտահանումը շուրջ 20 տոկոս է աճել, ներմուծումը՝ 7 տոկոս. առևտրային բացասական հաշվեկշիռը կրճատվում է, այսինքն՝ դոլարի պահանջարկը կրճատվում է, մասնավոր տրասֆերտների աճի տեմպը մոտավորապես 30 տոկոս է, հաջորդ գործոնը կարելի է դիտարկել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձացումը, որը, ի դեպ, ավելի թույլ գործոն է»:

Այդուհանդերձ, Բ. Ասատրյանի համոզմամբ՝ քաղաքական կայունության մասին խոսելը վաղ է, իսկ թե որքան կպահպանվի դրամ-դոլար փոխարժեքի այս հարաբերական կայունությունը հարցին ի պատասխան՝ նա մանրամասնեց.

«Առայժմ չեզոք կամ դրական են սպասումները, բայց մի հատ իրադարձություն, և կարող է այդ չեզոքությունը փոխարինվի բացասական սպասումներով: Ուզում եմ հիշեցնել. որ մեր երկրում լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացվում»:

Անդրադառնալով գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությանը, այդ քաղաքականության ձևավորած սպասումներին՝ Բագրատ Ասատրյանը արձանագրեց, որ շատ բացեր կան, և հավելեց.

«Հուսանք, որ իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն, որովհետև մենք ունեցել ենք վերին աստիճանի անգործունյա կառավարություն, որը գերադաասում էր վճիռներ չկայացնել:

Այն վիճակում, երբ էական ծավալով ներդրումներ՝ մասնավորապես, ուղղակի օտարերկրյա ներդրումներ չկան, իհարկե, իշխանություններն ավելին պետք է անեն այս դաշտն աշխուժացնելու համար, կառավարությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի, որը պետք է նպաստի տնտեսական ակտիվության աճին»:

Արդյոք առաջիկայում ականատես կլինե՞նք տարածաշրջանային տնտեսական քարտեզի փոփոխությանը՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ տնտեսագետն ասաց. «Սպասումներ կան՝ պայմանավորված հիմնականում ճանապարհների ապաշրջափակման հետ. բայց դա կարճաժամկետ չէ, մեկ օրվա գործ չէ. պրոցես է, որի հիմքը եթե դրվի, արդեն նոր սպասումներ առաջ կգան: Դա ռազմաքաղաքական գործընթացներով պայմանավորված երկարատև գործընթաց է»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն