ԳԱԱ-ում կընտրվի այլ նախագահ. 15 տարի պաշտոնավարումից հետո Ռադիկ Մարտիրոսյանը հեռանում է
Գիտությունների ազգային ակադեմիան այսօրվանից կունենա նոր նախագահ:
Այս պահին ԳԱԱ-ում ընթանում են ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարների ընտրություններ: Վաղն էլ տեղի կունենան բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների եւ նախագահության անդամների ընտրությունները: Այս մասին մեզ հաղորդեցին ԳԱԱ լրատվական բաժնից:
ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել են 3 թեկնածուներ՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:
Նշենք, որ, համաձայն «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ ԳԱԱ կանոնադրության, ակադեմիայի նախագահն ընտրվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, ակադեմիայի ակադեմիկոսների թվից, փակ-գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ակադեմիայի նախագահ:
Նախագահի պաշտոնավարման այս սահմանափակումը առաջարկվել է ԳԱԱ գործող նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին՝ 2016 թվականի ընտրությունների ժամանակ:
Եվ, ըստ այս օրենքի, նա այլեւս չի կարող շարունակել պաշտոնավարումը:
Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից: