Վիկտորյա Սարգսյան

Արցախի Հանրային ռադիո

Շառլ Միշելի հայտարարությունում Արցախի մասով ընդամենը մեկ նախադասություն կար՝ մեջբերում. «Շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: ԵԽ նախագահի այս հայտարարությունն Արցախում մտահոգության  տեղիք է տվել: «Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ Նախագահի ու Ազգային ժողովի կողմից»՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է ԱՀ  նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

 Նա հիշեցրել է 2021 թվականի դեկտեմբերին Նախագահ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը՝ 

«1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։ 2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։ 3․ Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր»։

Հանդիպման արդյունքներով եռակողմ հայտարարություն չի եղել: Դիվանագիտական պրակտիկայում, եթե բանակցության մյուս երկու կողմերը չեն խոսել, ապա Շառլ Միշելի ասածը պետք է ընդունել  որպես ընդհանուր կարծիք՝ ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ Միշելը փոխանցել է քննարկումների ամբողջ մթնոլորտն ու արտահայտված դիրքորոշումները: Քաղաքագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի մասով սա ամենաանհաջող հայտարարություններից է, որովհետև սա նշանակում է ուղղակի կասկածի տակ դնել Լեռնային Ղարաբաղի տարածքային քաղաքական սուբյեկտությունը և խոսել փոքրամասնության իրավունքների և անվտագության մասին: 

«Սա շատ վտանգավոր մեսիջ է և,  բնականաբար, բոլորիս համար անընդունելի: Ղարաբաղի հարցում նման տխուր շրջադարձ  եղել է մեկ էլ 1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից՝ էապես կորցնելով իր սուբյեկտությունը: Բայց այս մեկը շատ ավելի սարսափելի է, որովհետև նշանակում է Հայաստանի հրաժարում (եթե իշխանությունները սրան չհակառակվեն իհարկե) Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին աջակցելուց»:

Արցախի պետական նախարարի համար մի կողմից ողջունելի, մյուս կողմից էլ մտահոգիչ է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը: NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Բեգլարյանը նշել է, որ ողջունելի է, որ արցախցիների իրավունքների ու անվտանգության մասին այդ մակարդակով կրկին հայտարարություն եղավ։ Իսկ թե իրավունք ու անվտանգություն ասելով ինչ նկատի ունի Շառլ Միշելը, բնականաբար, մեկնաբանության հարց է։ 

«Արցախի իշխանությունների եւ քաղաքացիների համար իրավունքները ներառում են նաեւ անվիճարկելիորեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Իրավունքների ու անվտանգության հետ ուղիղ կերպով փոխկապակցված է նաեւ կարգավիճակի հարցը։ Եթե այս կոնտեքստով նայենք ու մեկնաբանենք, բնականաբար, ողջունելի հայտարարություն է, բայց հաշվի առնելով նախապատմությունը, կոնտեքստը, այլ հայտարարությունները, նաեւ ընդհանուր դիվանագիտական լեքսիկոնի մեկնաբանման կանոնները, կարծում եմ՝ այստեղ որոշակի պոտենցիալ մտահոգություններ կարող են լինել»:

Ըստ Արտակ Բեգլարյանի՝ մտահոգիչ է նաեւ այն, որ «ի տարբերություն մի շարք այլ հատվածների այս հայտարարության մեջ, տվյալ հատվածում ոչ թե նշվում է, որ բոլոր կողմերը համաձայնեցին, երկուստեք պայմանավորվեցին, այլ այն, որ Շառլ Միշելը երկու ղեկավարներին նշել է, որ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերը, այսինքն՝ այստեղ մեզ համար մտահոգիչ հարցեր կան»։ Արցախի պետական նախարարի խոսքով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատերազմից հետո աչքի չի ընկել ինքնորոշման իրավունքի մասին խոսելու փորձով։ 

«Այս տեսանկյունից առաջնահերթ մեզ համար շատ կարեւոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումներն ու ինքնորոշման իրավունքի սկզբունքի շեշտադրումը, նոր երկրորդ հերթին մնացած բոլոր միջազգային դերակատարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահի ազդեցիկ հայտարարության մեջ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շեշտադրումը։ Իհարկե, ես հասկանում եմ կոնտեքստը, բայց չեմ ցանկանում փորձագիտական մեկնաբանություն անել, քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձ եմ եւ իմ խոսքը կարող է այլ կերպ մեկնաբանվել»:

Ի վերջո, ո՞ր   հարթակում է որոշվում Արցախի ճակատագիրը՝ Մոսկվայում, թե՞ Բրյուսելում: Սուրեն Սուրենյանցն է պատասխանում: 

«Երկու միջնորդական հարթակն էլ զուգահեռ պրոցես են տանում: Բայց նման բան չի կարող լինել, որովհետև դա նշանակում է տորպեդահարել բանակցային գործընթացը՝ նկատի ունենալով նաև Ռուսաստան-արևմուտք գլոբալ հակադրությունը: Ինձ՝ որպես քաղաքագետի, շատ ավելի հարազատ է այս հարցում այն դիրքորոշումը, որ արտահայտվում է Մոսկվայի կողմից: Որովհետև Մոսկվայի դիրքորոշումը թույլ է տալիս ժամակավորապես հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծումը: Ակնհայտ է, որ եթե այս պահին ենք անդրադառնում կարգավիճակին, ապա հայկական կողմի համար նպաստավոր լուծում չենք կարող ունենալ»:

Բրյուսելյան այցից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցներ են ունեցել ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրորվի հետ: Փորձագիտական շրջանակներում սա մեկնաբանվում  է որպես սլաքների ուղղում:  Հատկանշական է, որ այդ հեռախոսազրույցից հետո   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։  Այն, ինչպես և  2021թ.-ին ստեղծված  եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից  նախագահում է  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն