2021-ի ծախսերից մինչև հայ-ադրբեջանական քննարկումներ․ արտգործնախարարը՝ ԱԺ-ում
Արտգործնախարարության կարևորագույն գերակայությունները շարունակում են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն ու ԼՂ հարցի քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում և նրա մանդատի ներքո․ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանում այսօր ուշադրության կենտրոնում են եղել արտաքին քաղաքական թեմաները․ նախորդ տարվա բյուջեի կատարողականի շրջանակում քննարկվել են ոչ միայն 2021-ին ծախսված գումարները, այլև՝ ընթացիկ իրավիճակն ու խնդիրները։
8 պաշտոնական հանդիպում 2021-ին, 2 հանդիպում էլ այս տարի․ դրանցից վերջինը քանի օր առաջ Մոսկվայում էր։ Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ խմբի աշխատանքային արդյունավետությունը միայն հանդիպումների թվերով չի արտահայտվում, կա նաև որոշակի պայմանավորվածություններ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում վստահեցրել է․
«Կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները, բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն՝ բոլորիդ հայտնի են այդ շահարկումները, և ահա տեսնում ենք, որ հաճախ դրանք անհիմն են»։
Ապաշրջափակման հարցերով խմբի 10-րդ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել ու hստակեցրել են մոտեցումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով` ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղափոխման հարցերի շուրջ։ Քննարկվել են նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր երթուղիները։ Այս ուղղությամբ ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր։
Ի տարբերություն տրանսպորտայինի, այլ կարգավիճակում է ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման հարցը, որով զբաղվում է միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը՝ ԵԱՀԿ ՄԽ-ն։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո շուրջ 1տարի անց՝ 2021-ի սեպտեմբերին, Նյու Յորքում, ապա նոյեմբերին Փարիզում տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ: Հերթականը պետք է տեղի ունենար Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց այն:
«Նախքան հնգակողմ հանդիպումը, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»։
Պատերազմից հետո հայկական դիվանագիտությունն առանձին ուղղությամբ զբաղվում է ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց վերադարձի հարցերով։ Միջազգային կառույցները հստակ բանաձևեր, կոչեր և հայտարարություններ են ընդունել, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները հստակ արձանագրումներ են արել։
««Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստան և ԼՂ կատարած այցի արդյունքում հրապարակել է զեկույց, որում տեղ են գտել հստակ ձևակերպումներ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես պատերազմական հանցագործություն։ Հայ գերիների վերադարձի խնդրին է անդրադարձել նաև «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը։ Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի կոչ անող բանաձև»։
Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան վերջին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում արձանագրեց, որ գերիների վերադարձի հարցում այն անարդյունավետ էր։
«Ադրբեջանը անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը, բայց մենք համաձայն չէ այդ դիրքորոշման հետ և մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն»:
Վարչապետն օրեր առաջ խորհրդարանում նշեց՝ Ադրբեջանը հաստատում է 39 գերու ներկայությունը Ադրբեջանում, մինչդեռ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն այլ թիվ է հրապարկում։ Ըստ նրա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, ընդ որում՝ ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով և լուսանկարներով։
Հայ-ադրբեջանական բանակցային այլ ուղղություն էլ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքն է։ Այս ձևաչափով կողմերը հանդիպել են մեկ անգամ՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Հանդիպումների այս ուղղությունից արտգործնախարար Միրզոյանը որևէ նոր տեղեկություն չունի։ Նաև փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը չի բացահայտում՝ արդյո՞ք Հայաստանը շարունակում է պնդել, որ սահմանազատումն ու սահմանագծումը հնարավոր են միայն զորքերի հայելային հետքաշումից հետո։ Եթե նախկինում այս առաջարկն անընդհատ հնչեցնում էր, ապա վերջին շրջանում տպավորություն է, թե դիրքորոշումը փոխել է։
«Հարցը քննարկման փուլում է, այդ առաջարկը սեղանին է, դրա վերաբերյալ միջազգային մի շարք մեր գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը։ Բանակցությունների ընթացքում կտեսնենք։ Չի կարելի պնդել, որ հայկական կողմը չի պնդում, այդ հարցում մեր դիրքորոշումը անփոփոխ է, և մեր առաջարկը ուժի մեջ է»։
Այս պահի դրությամբ հայկական կողմը որևէ պաշտոնական պատասխան դիրքորոշում Ադրբեջանից չի ստացել «խաղաղության պայմանագրի» քննարկման համար ներկայացրած հայկական 6 կետանոց առաջարկների առնչությամբ։ Դիվանագետները չունեն նաև հստակ պատկերացում այն ժամկետների վերաբերյալ, թե երբ կարող են սկսվել «խաղաղության պայմանագրի» բանակցությունները։