Թուրքիայից՝ Հայաստան․ ի՞նչ օրակարգ է Լավրովին Հայաստան բերել
Քանի դեռ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, այդ կառույցի տարբեր հավաքներն անցկացվում են Երևանում։ Հունիսի 10-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստն է, հունիսի 17–ին կհավաքվեն անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները։
Առաջին միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 9-10 Երևանում կլինի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Որոշ գնահատումներով՝ այսպիսի հանդիպումներն ու միջոցառումները լավագույն հարթակն են, որպեսզի Հայաստանը հստակ ներկայացնի իր դիրքորոշումներն ու ասելիքները իր համար կարևորագույն հարցերի առնչությամբ։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան է գալիս Թուրքիայից՝ այս երկրի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ որոշ հարցերում աջակցության համար։ Այդ հարցերի թվում նա նախ նկատի է ունեցել Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափի մասով ընթացիկ քայլերը, որոնց բերումով առաջիկայում հանդիպում կլինի Մոսկվայում։ Անկարան Մոսկվային շնորհակալ է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ու Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։
Թեեւ այս օրակարգը չէ, որ Լավրովին բերում է Հայաստան, բայց ենթադրելի է, որ Հայաստանի ղեկավարների հետ նախատեսված հանդիպումներին այս հարցերը եւս կքննարկվեն։ Լավրովը երկօրյա այցով Երևանում մասնակցում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ՝ հանդիպմանը պետք է ամփոփվեն ՀԱՊԿ գործակցության արդյունքները, հեռանկարները և արագ արձագանքման ուժերի աշխատանքը։
Մայիսի 16-ին Մոսկվայում այս հարցերով կառույցի աշխատանքը քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կառույցը այդպես էլ չարձագանքեց Ադրբեջանի զինուժի ներխուժմանը ՀՀ ինքնիշխան տարածք։
ՀԱՊԿ-ն իր ողջ կյանքում ընդունել է 72 օրենք և առաջարկ՝ ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, կազմակերպված հանցավորությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, ռազմատեխնիկական համագործակցության ապահովմանը, հումանիտար օգնության ցուցաբերմանը վերաբերող։
Բայց ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի լավագույն աշխատանքը համարվում է այս հունվարին Ղազախստանում խաղաղապահների գործունեությունը։ Դա տեղի ունեցավ ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահության ժամանակ։ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի Վյաչեսլավ Վոլոդինի կարծիքով՝ այդ փորձի հիման վրա անհրաժեշտ է կատարելագործել ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի աշխատանքը։ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը նույնպես շեշտում է այս օրինակը․
«Այնպես ստացվեց, որ Հայաստանի նախագահության շրջանում այս սթրես–թեստը տեղի ունեցավ և ինչ–որ չափով ցույց տվեց, որ կա ինչ–որ ուղղություն, որի հետ կապված ինչ–որ դրական զարգացում կա։ Հիմա այստեղ կարևոր է, որ այսօրվա Արևմուտք-Ռուսաստան ճգնաժամի ֆոնին մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ–ի հետ կապված Ռուսաստանը նոր մոտեցումներ ունի։ Փորձ է արվում ԱՊՀ երկրներին դիտորդի կարգավիճակ տալ, այդ հարցն է քննարկվում, ինչը արդեն պետք է ցույց տա, որ Ռուսաստանը ցանկություն ունի ընդլայնելու ՀԱՊԿ–ը»։
Սա, բնականաբար, կարող է վերապահումով ընդունվել Հայաստանում, քանի որ ԱՊՀ անդամ է նաև Ադրբեջանը։
Երեւանում անցկացվող ՀԱՊԿ արտգործնախարարների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստերը Հայաստանը լավագույնս կարող է օգտագործել իր դիրքորոշումներն ու կարծիքները ներկայացնելու համար՝ կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Ընդ որում՝ հենց այստեղ կարող էր ակտիվ դերակատարում ունենալ խորհրդարանական ընդդիմությունը, որը փողոց է դուրս եկել Արցախը և Հայաստանը փրկելու կարգախոսերով, բայց հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ–ի խորհրդարանական վեհաժողովի նիստին՝ ասում է Ստեփան Գրիգորյանը։
«Կառաջարկեի, որ հենց Սերգեյ Լավրովին հարցնեն Փառուխ գյուղի պատմությունը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը շատ խիստ քննադատեց Ադրբեջանին, հասցեական։ Որոշ ժամանակ անց Լավրովը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ ամեն ինչ միանշանակ չէ։ Թող ընդդիմադիրները գնան բողոքի ակցիա անեն, գիտեք, չէ՞, Լավրովը որտեղ է ելույթ ունենալու և պահանջեն Լավրովից։ Իրենք ասում են՝ պետության ճակատագրով մտահոգված են, կարող է հողերը վերցնեն։ Այս նյուանսը մեր հասարակությունում հաճախ չեն զգում՝ պառլամենտական դիվանագիտություն ու պաշտոնական։ Պառլամենտականը ավելի ազատ է»։
Խորհրդարանական ընդդիմությունն արդեն հայտարարել է՝ Լավրովի այցի շրջանակում պատրաստվում են լսելի դարձնել իրենց ձայնը և պահանջները․ ֆեյսբուքում գրել է Իշխան Սաղաթելյանը։
ՀԱՊԿ միջոցառումներից բացի՝ Լավրովը Երևանում առանձին հանդիպումներ էլ է ունենալու հենց իրեն օդանավակայում դիմավորած Հայաստանի արտգործնախարարի հետ։ Միրզոյանը և Լավրովը վերջին անգամ շփվել են հեռախոսով մայիսի 23–ին։ Քննարկել էին եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հարցերը: Դեմ առ դեմ վերջին հանդիպումը մայիսի 12-ին էր՝ Դուշանբեում։
Ռուսաստանի արտգործնախարարը փաստել էր՝ ուղիղ շփումները վերջին շրջանում ավելացել են, և դա իրենց դուր է գալիս։