ՀԱՊԿ-ը կընդլայնվի. ՀՀ արտգործնախարար
ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի երևանյան նիստի արդյունքներով ընդունվել է հայտարարություն, հաստատվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդատվության ծրագիրը առաջիկա երեք տարիների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ։ Նիստից հետո կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հայտարարությամբ ամփոփել են արդյունքները։
Երևանյան նիստն ընթացել է կառույցին անդամակցող 6 պետությունների արտգործնախարարների նեղ, ապա ընդլայնված կազմով։ Օրակարգում եղել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նիստին զուգահեռ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են իրականացրել ընդդիմադիրները՝ ներկայացնելով իրենց պահանջները:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանն առայժմ չի ստացել որևէ հիմնավորում՝ ի պատասխան ուղարկված դիմումի: 2022-ին ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման համակարգը, մասնակից պետությունների գնահատմամբ, լավագույնս աշխատեց Հայաստանի նախագահությամբ՝ արագ արձագանքելով Ղազախստանում առաջացած խնդիրներին և կայունացնելով իրավիճակը, մինչդեռ Հայաստանի դեպքում անարձագանք է մնում դեռևս 2021-ին կառույցին հասցեագրված դիմումը:
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ ամփոփելով արդյունքները՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց 2021-ի իրադարձությունները, երբ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը երկու անգամ ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չարձագանքեց Հայաստանի արտգործնախարարի այն ակնարկին, որ Հայաստանի նկատմամբ 2021-ի մայիսին սկսված ադրբեջանական ագրեսիայի հարցը մինչ այժմ առկախված է: Փոխարենը գլխավոր քարտուղարը խոսեց ղազախական փորձի կատարելագործման մասին: ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի առաջին փաստացի փորձարկումը դրա հիմքերը տալիս է՝ ասում է։
Հատկապես այս համակարգի կատարելագործումն առաջնահերթություն է հռչակել կառույցում նախագահող Հայաստանը: Այն հարցը, որ ճգնաժամային արձագանքման համակարգն առաջիկայում խիստ արդիական կդառնա, վերլուծվել է նաև ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Կառույցի գլխավոր քարտուղարի ներկայացմամբ՝ իրավիճակը հեշտ չէ ՀԱՊԿ բոլոր երեք տարածաշրջաններում: Հատկապես բարդ է արևելաեվրոպական հատվածում՝ ասում է: Այդ պատճառով էլ արտգործնախարարները հատուկ կարևորություն են տալիս անվտանգությանը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»:
Նույն խնդիրների մասին ՀԱՊԿ արտգործնախարարների հետ հանդիպմանը խոսեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
« Ըստ նրա՝ կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ»:
Անհրաժեշտ է սերտ համագործակցություն, տեղեկատվության փոխանակում, իրավիճակի գնահատում, որպեսզի օգտագործվեն այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ճգնաժամային իրավիճակները կանխելու և ժամանակին կառավարելու համար՝ ասում է Փաշինյանը:
Այն, որ ՀԱՊԿ-ը Հարավային Կովկասում այլընտրանք չունի, ընդունում է խորհրդարանական ընդդիմությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Սակայն պնդում է՝ կառույցի ներսում փոխհարաբերությունները պետք է հստակեցվեն: Ընդդիմադիրներն իրենց պահանջները հնչեցրին ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Այդ շենքում էր ընթանում ՀԱՊԿ անդամ 6 պետությունների արտգործնախարարների հանդիպումը.
«ՀԱՊԿ-ում բազմիցս քննարկվել է, որ անդամ-երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքական և միմյանց վերաբերող հարցերում պետք է լինեն ներդաշնակ: 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որոնք որևէ կերպ չեն համապատասխանում դաշնակից պետությունների դիրքորոշումներին: Նմանատիպ հայտարարությունները, որոնք տրորում են հայկական շահը, չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ որևէ ձևաչափում: Այս և նմանատիպ հարցերը պետք է դառնան այդպիսի միջոցառումների խորը քննարկման առարկա»:
Ընդդիմադիրներն այս պահանջները ներկայացնում էին ընթացող նիստին զուգահեռ: Դրա ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ազդարարեց կառույցի հնարավոր ընդլայնման մասին:
«Արդեն պարզ է, որ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը՝ որպես անվտանգության դոնոր, աստիճանաբար կմեծանա և դուրս կգա եվրասիական տարածաշրջանի այն սահմաններից, որոնք ի սկզբանե ուրվագծել էին»,- ասաց Արարատ Միրզոյանը: ։
ՀԱՊԿ արտգործնախարարները Երևանում ստորագրեցին արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. եռամյա խորհրդատվությունների ծրագիրը:
Նույն կազմով հաջորդ անգամ կրկին կհավաքվեն Երևանում, բայց արդեն այս տարվա չորրորդ եռամսյակում: