Լողի գնալ, բայց զգուշանալով․ շոգին մանրէներից բացի նաև ռիսկերն են «բազմանում»
Ամռանը մեծ պահանջարկ վայելող լողավազանները կարող են վտանգավոր լինել, եթե տնտեսվարողը չպահպանի սանիտարական պարտադիր նորմերը, իսկ սպառողը՝ չնկատի, որ դրանք պահպանված չեն։ Առողջապահության նախարարությունը սահմանել է լողավազանի անվտանգ շահագործման պայման-պահանջները, իսկ տեսչական մարմինն էլ ստուգում է՝ խախտման դեպքում տուգանելու, իսկ մեծ վտանգի դեպքում գործունեությունը դադարեցնելու լիազորությամբ։ Մինչդեռ վարակաբանները սպառողներին են հորդորում ավելի ուշադիր լինել լողավազանի ու հարակից օբյեկտների մաքրության, հետևաբար նաև՝ սեփական առողջության նկատմամբ։
Բարձր ջերմաստիճանի դեպքում մանրէներն ավելի արագ են տարածվում և կարող են վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ․ ահազանգն Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնից է, հիշեցումը՝ լողավազաններից օգտվողների համար։ Բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը շեշտում է՝ ռիսկեր կան և՛ բաց, և՛ փակ լողավազաններում։
«Բաց, դեկորատիվ ջրամբարներն ունեն կենդանիների արտաթորանքով աղտոտվելու մշտական վտանգ, դա պարունակում է տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկեր։ Ինչ վերաբերում է փակ լողավազաններին, ապա այդտեղ վարակվելու հավանականությունն արդեն անհատական կոնտակտային տարբերակով փոխանցվող վարակներից է, նաև կարող է լինել աղիքային տարբեր վարակիչ հիվանդությունների վտանգ, բայց շատ ավելի փոքր, քանի որ ամեն դեպքում ախտահանման գործընթաց իրականացվում է»։
Համաճարակաբանն ասում է՝ քաղաքացիները լողավազաններից օգտվելիս պետք է ուշադիր լինեն հատկապես հանդերձարաների, ցնցուղարանների մաքրությանը, սրանց ախտահանման հարցում թերանալը կարող է մաշկային, սնկային հիվանդությունների հանգեցնել։ Ջրի մաքրության մասով կարևոր է հասկանալ՝ ինչ նյութով է արվում ախտահանումը․
«Ջրում ռիսկն ավելի ցածր է, հատկապես փակ լողավազաններում, որովհետև այստեղ ամեն դեպքում արվում է ախտահանում։ Բայց կախված է, թե ինչով է իրականացվում։ Սա արդեն ֆինանսական հարց է ավելի շատ։ Ամենամատչելի ախտահանիչը քլորն է, որն ունի իր բացասական կողմերն այն առումով, որ եթե քլորի քանակը նորմայից ավելի է, կարող է մաշկի, աչքերի վրա բացասաբար ազդել, կուլ տալու դեպքում ստամոքսի թթվայնությունը կարող է բարձրացնել և այլն։ Մյուս ախտահանիչները, որ օգտագործվում են՝ օզոնային, ուլտրամանուշակագույն ճառագայթներով, դրանք արդեն արժեքն են բարձրացնում, որովհետև դրանցով ախտահանումն ավելի թանկ է»։
Առողջապահության նախարարությունը սահմանել է լողավազանների շահագործման պարտադիր նորմերը։ Օրինակ՝ լողավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ, պետք է արգելվի հոգուստով, կոշիկներով մուտքը ցնցուղարան ու դահլիճ, ավազան մտնել չի կարելի առանց ցնցուղ ընդունելու։ Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-26 աստիճան պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30: Մեծահասակների լողավազանում 1 մարդուն անհրաժեշտ մակերեսը 5-8 քմ է, երեխաներինը՝ 4- 5 քմ, այսինքն՝ դրանից խիտ լողալ չպետք է թույլատրվի: Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1։ Այս պահանջները վերահսկող կառույցի՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանն է մանրամասնում․
«Վերահսկողությունն իրականացվում է 2՝ ստուգումների և վարչական վարույթների ձևով, ստուգումներն իրականացվում են տարեկան պլանի համաձայն, իսկ վարչական վարույթները իրականացվում են դիմում–բողոքների հիման վրա և մեր նախաձեռնությամբ, եթե որևէ տեղ, օրինակ, մամուլում տեսնում ենք այնպիսի խախտումներ, որոնք կարող են բերել վարակիչ հիվանդությունների առաջացման, կարող է վտանգ առաջացնել մարդու առողջության համար»։
Այս տարի առանձին լողավազանների ստուգումներ նախատեսված չեն, սակայն պարտադիր ստուգման ենթակա են, օրինակ, դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք ունեն լողավազան։ Լիլիթ Հունանյանը նշում է՝ իրենք լիազորված են ստուգել նաև ցանկացած անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի պատկանող լողավազան, օրինակ, հանրային ժամանցի տարբեր վայրերում։ Սակայն օրավարձով տրվող լողավազանով բնակարանները, որոնք հանրային միջոցառումների վայր են դառնում, տեսչականի ստուգող աչքի տակ չեն․
«Այ սեփական տների ներսում գտնվող լողավազանները մենք չենք վերահսկում։ Եթե տունը գրանցված է ԱՁ–ի անունով և գրանցված է որպես լողավազան շահագործող կազմակերպություն կամ հյուրանոցային համալիր է, հյուրանոցային առանձնատուն է, գրանցված է, ապա դրա վերահսկողությունն իրականացվում է, բայց եթե սեփական տուն է, և մարդն օրավարձով տալիս է այլ մարդկանց, դա մենք չենք վերահսկում»։
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը հորդորում է ակտիվորեն զբաղվել իր բնորոշմամբ ամենակարևոր սպորտաձևով, սակայն չմոռանալ անվտանգության մասին։ Ասում է՝ ինքն, օրինակ, հատուկ ուշադրություն է դարձնում նաև լողավազանի ծանրաբեռնվածությանը։ Հատկապես փակ տարածքներում և հատկապես չնահանջող վարակների պայմաններում սա ռիսկային է։ Իսկ տեսչական մարմինը պատրաստ է ստուգումներ իրականացնել նաև բողոքների հիման վրա և հորդորում է սպառողներին բարձրաձայնել նկատած խնդիրները։ Ոչ բարեխիղճ տնտեսվարողի նկատմամբ այս տարի արդեն մեկ վարչական վարույթ հարուցվել է։
Առաջին անգամ խախտման դեպքում տնտեսվարողը տուգանվում է 40- 120 000 դրամ, երկրորդ անգամ՝ 80 — 200 000 դրամ։ Սակայն տեսչական մարմինը խախտումների կրկնության դեպքում նույնիսկ լողավազանի գործունեությունն արգելելու իրավունք չունի։