Սյունիքն ընդունում է Աղավնոյից տեղահանված առաջին ընտանիքներին։ Այստեղ պատրաստ են կացարան տալ բոլոր նրանց, ովքեր իրենց հետագա կյանքը հենց այստեղ են ծրագրում։ Օրեր առաջ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է առկա բնակֆոնդն ու առաջարկում է հնարավոր տարբերակները։ Մարդիկ ունեն ընտրելու հնարավորություն Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոտ համայքներում, Գորիս քաղաքում և ոչ միայն։

Այս կացարանների վարձակալության գումարը պարտավորվում է պետությունը վճարել։ Մարզպետարանում ընդունում են ընտանիքներին, բնակարաններից բացի նաև ըստ անհրաժեշտության որոշակի վառելիք և ըստ կարիքավորության աստիճանի՝ որոշակի գումար տրամադրում։ 

Աղավնոյի բնակիչ Արմեն Հակոբյանն է Գորիսի համայնքապետարան եկել։ Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ՝ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը զրուցում է Սյունիքում բնակվելու ցանկություն հայտնած արցախցիների հետ։ Արմենի ընտանիքը 5 հոգուց է՝ ինքը, կինը, 3 անչափահաս երեխաները։ Սիսիան քաղաքում է ապրելու՝ առայժմ վարձակալությամբ։ 44-օրյա պատերազմի օրերին էլ Սիսիանում տուն էր վարձել ու ընտանիքին Աղավնոյից տեղափոխել այնտեղ։ Չէր հանձնել, հիմա տան կահ-կարասին կտեղափոխի այնտեղ։



Աղավնոյի տունն այլ վայրերում բնակվող հարազատները խորհուրդ են տալիս վառել, բայց՝

«Իմաստը որն է՞։ Նախ չեն թողնում պաժառ տանք, հետո էլ իմաստ չեմ տեսնում դրա մեջ»։

Մյասնիկ Մաթևոսյանն Աղավնոյի գյուղապետ է եղել 10 տարի։ Ինքն ու կինն առանձին են ապրում, երկու տղաները, աղջիկն իրենց ընտանիքներով դեռ գյուղում են՝ Աղավնոյում։ Բոլորը զբաղված են իրերը հավաքելով, ինքն է եկել Գորիսի համայնքապետարան։ Նախնական որոշմամբ՝ հետագան Սիսիանի Շաքի գյուղում է  դասավորելու։ Դեռ անցած ամիս 70 անասուն է գնել պարտքով,  վաճառել չի համաձայնվել ու իր 105 խոշոր եղջերավորները տեղափոխելու է Շաքի։ Միայն 4 բեռնատար ձմեռվա խոտն է։

Մյասնիկ Թադևոսյան․ «Ինչ խնդիր կա, վառելիք, մեկ էլ եթե կարողանանք ֆինանսապես օգնել՝ շնորհակալ լինեմ, ես այլ բան չեմ ուզում»։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ասում է՝ շարունակում են հաշվառել այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվելու Սյունիք։ Հանգամանորեն գրանցում են նրանց տվյալները։

«Ներկա պահին դիմել է 14 ընտանիք,  սկսել ենք գույքագրման աշխատանքները, փորձում ենք օգտակար լինել։ Հիմա տրադրում ենք վառելիք, անհրաժեշտության դեպքում՝ նաև բեռնատար ավտոմեքենա»։

Մարզպետարանի աշխատակիցները մեկ առ մեկ զրուցում են Աղավնոյից տարհանված ու Սյունիք տեղափոխվողների հետ, մանրամասն ճշտում կարիքներն ու ցանկացած այլ տեղեկություն։

Նարե Ղազարյան․«Հավաքագրում ենք նաև տվյալների բազա, որպեսզի մշտակապ կապ պահենք Սյունիք տեղափոխված մեր արցախցիների հետ, որպեսզի հետագայում նրանց խնդիրները միշտ ուշադրության կենտրոնում պահենք»։

Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը Գորիսում կաշխատի այնքան ժամանակ, մինչև Սյունիքում ապրելու ցանկություն հայտնած արցախցի ընտանիքը չտեղափոխվի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն