Բնակարանամուտ Շուռնուխում, վերաբնակեցում Աղավնոյից․ Սյունիքը՝ ապրելու նոր հասցե
Արցախի Աղավնո գյուղից մի քանի ընտանիք ցանկություն է հայտնել վերաբնակվել Սյունիքում։ Մարզպետարանն արդեն ուսումնասիրել է մարզի ազատ բնակֆոնդն ու ցանկացողներին տներ է առաջարկում։ Սյունիքում սա վերաբնակեցման միակ գործընթացը չէ։ Սրան զուգընթաց սահմանամերձ Շուռնուխում բնակարանամուտ է․այստեղից ոչ մի ընտանիք չի արտագաղթել։ Գյուղում կառավարության ֆինանսավորմամբ եւս 13 տուն է կառուցվում, որոնք նախնական տեղեկություններով պատրաստ կլինեն տարեվերջին։
Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում բնակարանամուտ է․ վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը գյուղի երեխաների հետ նորոգված շենքի կարմիր ժապավենն է կտրում։ Բնակարանները հատկացվել են Արցախից 2020-ի աշնանը տեղահանված երկու եւ սոցիալապես անապահով 2 գորիսեցի ընտանիքների։ Գյուղի կենտրոնի կիսակառույց շենքը նորոգվել է Գորիսի համայնքապետարանի միջոցներով՝ մոտ 28 մլն դրամ։ Եղել են նաեւ աջակցողներ, ոմանք՝ գումարով, ոմանք՝ շինանյութով, մյուսներն աշխատուժ են ապահովել։ Սյունյաց թեմի տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետը տնօրհնենքի արարողակարգ է մատուցում։ Ուրախ է, որ այստեղ ամուր կառչած են հողից։
«Հայ մարդուն Աստված երկու դեպքում ողորմում եւ անխնա տալիս է։ Առաջինը, երբ ր եկեղեցի են կառուցում, չենք հասկանում ինչպես, երկրորդը, որ տուն ենք կառուցում, չենք հասկանում ինչպես; Եկեղեցին եւ հայ օջախը նույնականացված են։ Թող Աստված տա, որ մենք ստիպված տներ չկառուցենք, այլ մեր կառուցածի տերը լինենք մեր ողջ կյանքում»։
Առաջինը Տեր Մակար վարդապետն է բանալին հանձնում Քաշաթաղից տեղահանված Թամարա Մարտիրոսյանին։ 9 երեխա ունի՝ 8 աղջիկ, մեկ տղա, 5-ն ամուսնացել են, ինքը 4 երեխայի հետ Շուռնուխում տնակում է մնում։ Փոքրը 6 տարեկան է, սեպտեմբերին Շուռնուխում դպրոց է գնալու։ Թամարա Մարտիրոսյան․
«Դոմիկում ես իմ երեխաներին սարի մեջ պահում էի։ Սար էր, որտեղ մնում էինք։ Տուն չունեինք։ Նման մարդիկ թող շատ լինեն։ Փառք Աստծո, լավ ենք, չեմ դժգոհում, ուղղակի մի քիչ գույքի խնդիրն է»։
Նիկոլայ Ղուկասյանը երեք զավակների հետ Գորիսում վարձով էր ապրում։ Դիմել էր համայնքապետարան, առաջարկեցին Շուռնուխում բնակարան՝ համաձայնեց։ Հոգ չէ, որ ադրբեջանցին մի քանի մետր հեռավորության վրա է։
Նիկոլայ Ղուկասյան․ «Թող իրանք վախենան, մենք ընդհանրապես չենք վախենում, մենք ենք մեր հողի վրա, ինչի՞ց վախենանք»։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ասում է՝ ամեն ինչ պիտի անենք, որ սահմանամերձ գյուղերը վերաբնակեցվեն։ Հպարտությամբ նշում է՝ Շուռնուխից ոչ մի ընտանիք չի արտագաղթել։ 130 մարդ է այսօր ապրում գյուղում։
Առուշ Առուշանյան․«Իհարկե, հերոսություն է այստեղ ապրելը։ Մարդը կարող է ապրել Երեւանի կենտրոնում, էնտեղ աշխատի, բայց ապրում է գյուղում, ցեխի մեջ, սա բոլորս պետք է գիտակցենք ու գնահատենք»։
Շուռնուխում այժմ կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է եւս 13 տուն։ 170 քմ մակերեսով հինգ սենյականոց տները նախատեսված են միջինը 5 անդամ ունեցող ընտանիքի համար։ Մեկ տան հաշվարկով կառավարությունը վճարել է 55 մլն դրամ։ Տները հատկացվելու են 2020-ի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ հուշագրից հետո ադրբեջանական հսկողությանն անցած տարածքում տներ ունեցած 13 շուռնուխցու։
Մինչ Շուռնուխում բնակարանամուտ է, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները պատրաստվում են դիմավորել Աղավնոյից տեղափոխվող այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնել վերաբնակվել Սյունիքում։ Բնակարաններ առաջարկում են Տեղ, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Արավուս, Խոտ եւ այլ գյուղերում, ինչպես նաեւ Գորիս համայնքում։
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյան․ «Այս պահին դիմել է 14 ընտանիք, սկսել ենք գույքագրման աշխատանքները, փորձում ենք օգտակար լինել տարբեր հարցերով»։
Դեռ ոչ մի ընտանիք չի տեղափոխվել Սյունիք։ Սյունիքի մարզպետարան դիմած ընտանիքներին հատկացվել է վառելիք, անհրաժեշտության դեպքում նաեւ բեռնատար ավտոմեքենա կհատկացնեն՝ իրերը տեղափոխելու համար։ Նարե Ղազարյանի խոսքով՝ հավանաբար եկող շաբաթ այդ ընտանիքներն արդեն Սյունիքի իրենց նոր տներում կլինեն։ Նախատեսում են բնակարանային այցեր՝ կարիքները գնահատելու եւ առկա խնդիրները գրանցելու նպատակով: