Հայկականի նորաձևը՝ նորաձևության մայրաքաղաքում․ Հռիփսիմեի շարֆերը կցուցադրվեն Փարիզում ու Նյու Յորքում
15 տարի առաջ Հռիփսիմե Սուքիասյանը բնակություն հաստատեց ֆրանսիայում։ Մասնագիտությամբ իրավաբանը Ֆրանսիայում այլ մասնագիտություն ձեռք բերեց՝ արդեն արվեստի ոլորտում։ Հայկական զարդանախշերով ու հայկական գրերով շարֆերը գրավեցին օտարերկրացիների ուշադրությունը։ Հռիփսիմեն հայկական գույները ներմուծեց նորաձևության մայրաքաղաք Փարիզ շարֆերի տեսքով։
Իրավաբանությունից արվեստ մեկ քայլ է։ 15 տարի առաջ Հռիփսիմե Սուքիասյանը բնակություն հաստատեց Ֆրանսիայում։ Այստեղ՝ Հայաստանում, իրավաբան էր։ Սակայն ֆրանսիայում մասնագիտությամբ չէր կարող զբաղվել․ ամեն ինչ շատ տարբեր էր։ Ծնված լինելով արվեստագետների ընտանիքում՝ որոշեց հենց այս ճյուղը զարգացնել ու ինքն իրեն մարտահրավեր նետեց՝ ընտրեց նորաձևության ոլորտը նորաձևության կենտրոն Փարիզում։
«Ծնողներս արվեստագետներ են։ Եվ, ինչպես ասում են, գենը կար, ստեղծագործական ջիղը՝ նույնպես։ Որոշեցի զարգացնել հենց դա ու ընտրեցի թվային նորաձևությունը»։
Փարիզաբնակ հայուհին՝ Հռիփսիմե Սուքիասյանը, ձեռնարկեց շարֆերի արտադրություն ու գտավ սեփական մոտեցումը՝ մետաքսի վրա պատկերել հայկակական զարդանախշեր, հայոց այբուբենը, քաղաքները։ Շարֆերը սկսեցին վաճառվել բրենդային խանութներում, բայց որոշ ժամանակ անց Հռիփսիմեն որոշեց ստեղծել իր հավաքածուն ու այն վաճառել արդեն «Ripsim» անունով։
«Ստեղծեցի առաջին հավաքածուն, ու այն պետք է լիներ հայկական մոտիվներով։ Ոչ թե մանրանկարչություն եմ արել, այլ ընտրել եմ պարզ պատկերներ, օրինակ՝ մի մոդել ունեմ, որը կոչել եմ Երևան, մեկ այլ մոդելի վրա հայկական հուշակոթողներ են»։
Նպատակը շահույթը չէ, հայկականություն տարածելն է։
«Իմ նպատակն է, որպեսզի իմ շարֆիկները կրեն օտարազգի մարդիկ։ Ու երբ իմ շարֆերը տեսնեն օտար մարդկանց վրա, իրենք ասեն, որ կրում են հայկականը։
Շարֆերի առաջին հավաքածուն նկարել են Փարիզի կենտրոնական հատվածներից մեկում, ու շատերն այդ օրը մոտեցել ու հարցրել են՝ Dior են նկարում, թե Hermes: Ի դեպ, այս ապրանքանիշի շարֆերը նույնպես մետաքսե են։
«Ասում էի՝ նկարում ենք հայկակական լոգոտիպերով շարֆեր, ու շատերը կային, որ Հայաստանի անունը շփոթում էին Ալբանիայի հետ։ Իսկ իմ նպատակն է, որ մարդիկ ավելի շատ լսեն հայի ու Հայաստանի մասին»,-ասում է զրուց ակիցս։
Ակնկալո՞ւմ էր, որ նորաձևության կենտրոն Փարիզում հնարավոր կլինի գտնել սեփական տեղը․ Հռիփսիմեն կիսվում է՝ իրեն հաջողվել է ձեռագիր ունենալ՝ համադրելով հինն ու նորը։ Յուրահատուկ շարֆերի պատկերները չեն կրկնում մեկը մյուսին, և յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում։
Հռիփսիմե Սուքիասյանի բրենդից օգտվում են Ֆրանսիայում հայտնի մարդիկ, սակայն նա չի շտապում բացահայտել անունները՝ ասելով՝ նրանց կտեսնենք արդեն երկրորդ հավաքածուի ցուցադրությանը, որը պատրաստվում է ներկայացնել նոյեմբերին՝ Փարիզի հայտնի կենտրոններից մեկում։ Իսկ մինչ այդ հայկական զարդանախշերով շարֆերը պետք է ներկայացվեն Նյու Յորքում սեպտեմբերին։