Հայաստանում առևտրի խոշոր կենտրոնների մեծ մասը՝ ավելի քան 90 տոկոսը, պատրաստ չէ հրդեհի։ «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից դեռ ամիսներ առաջ հայտնել էին, որ վերջին 3 տարում ստուգումների եւ ստուգայցերի ընթացքում առևտրի 114 խոշոր կենտրոնից միայն 17–ում խախտումներ չեն գրանցել։ Օգոստոսի 14–ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ու հրդեհն իր հետևանքներով ևս մեկ անգամ ապացուցեց՝ ամենաբազմամարդ կենտրոնները հակահրդեհային ամենաբազմազան խնդիրներ ունեն։ Ամենապարզ կրակմարիչներից մինչև հակահրդեհային ինքնաշխատ համակարգեր․ «Սուրմալուում», ըստ տեսչական մարմնի, սրանք բացակայում էին, մի շարք այլ նորմեր ևս խախտված էին։ Պայթյունի և հրդեհի պատճառները կպարզի դատախազությունը, մինչ այդ «Ռադիոլուրն» անդրադարձել է խոշոր առևտրի կենտրոններին ու հասարակական նշանակության օբեկտներին ներկայացվող հակահրդեհային նորմերին։

Հակահրդեհային ինքնաշխատ համակարգ, հրդեհի ազդանշանման համակարգ, կրակմարիչներ, հրդեհաշիջման համակարգեր, հակահրդեհային ավազաններ, հիդրանտներ, դեպի դուրս բացվող դռներ, տարհանման պլան և այլն․ սրանք այն հիմնական նորմերն են, որոնք խիստ պարտադիր են առևտրի խոշոր կենտրոնների համար, սակայն օգոստոսի 14-ին՝ հրդեհից առաջ, դրանք չկային կամ չէին գործում «Սուրմալուում»։ Պայթյունի օջախ հանդիսացած պահեստը դեռ անցյալ տարի էր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվել, ներկայացվել էր կարգադրագիր՝ պարտավորեցնելով վերացնել խախտումները:



Առևտրի խոշոր կենտրոնների, հանրային նշանակության օբեկտների, նույնիսկ բնակելի շենքերի հրդեհային անվտանգության կանոնները հաստատվել են 2015-ին ԱԻՆ նախարարի կողմից։ Դրանք հստակ են․ մասնավորապես, խոշոր են համարվում 2000 քմ և ավելի տարածք ունեցող առևտրի կենտրոնները։

Ըստ ԱԻՆ նախարարի հրամանի՝ դրանք պետք է ունենան հակահրդեհային ինքնաշխատ համակարգեր, կրակմարիչներ, ջրային ավազաններ, հասանելի հրշեջ հիդրանտ, հրդեհի դեպքում պետք է միանա ազդանշանային համակարգը, մուտքի և ելքի դռները պետք է դեպի դուրս բացվեն և, որ ամենակարևորն է, գործեն տարհանման ելքեր մարդկանց տարհանումն անխոչընդոտ իրականացնելու համար։

Սրանք հակահրդեհային նորմերի շատ փոքր մասն են, սակայն, ըստ ոլորտը վերահսկող տեսչական մարմնի, մեր երկրի 114 խոշոր առևտրի կենտրոններից խախտումներ չկան ընդամենը շուրջ 10 տոկոսում։



ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Facebook–յան իր էջում հիշեցրել է՝ վերջին 20 տարում հանրապետության տոնավաճառներում, առևտրի կենտրոններում և խոշոր սուպերմարկետներում 150-ից ավելի հրդեհ է արձանագրվել, որոնց պատճառած նյութական վնասը գերազանցել է 600 միլիոն դրամը:

«Դրանց մեծ մասի առաջացման պատճառը հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսումն է եղել, կրակի, պայթյունավտանգ նյութերի հետ անզգույշ կերպով վարվելը, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների շահագործման տեխնիկական կանոնների խախտումը»,– գրել է ԱԺ պատգամավորը:



Երևանի պահածոների գործարանի կամ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պատմության մեջ օգոստոսի 14–ի հրդեհը միակը չէ․ 2021-ի ապրիլի 6-ին նույն առևտրի կենտրոնում էլեկտրական լարերի անսարքության պատճառով այրվել էր 18 տաղավար։ Տեսչական մարմնում արձանագրում են՝ հրդեհների հիմնական պատճառն էլեկտրական լարերի և սարքավորումների սխալ մոնտաժն է։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն ավելի վաղ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկարագրում էր առևտրի խոշոր կենտրոններում հանդիպող խախտումները։

«Կարող եմ առանձնացնել նաև փայտե և դյուրավառ կոնստրուկտիվ մասերը հակահրդեհային միջոցներով չներկելու փաստը, հիմնականում հրդեհները տարածվում են տանիքներից, և եթե այդ փայտե նյութերը չեն ներկվում համապատասխան նյութով, դրանք շուտ բռնկվում են, և հրդեհի աղբյուր են հանդիսանում։ Կան նաև այլ բնույթի խախտումներ, ինչպես օրինակ տարհանման ելքերի բացակայությունը։ Պարտադիր նորմերից է նաև ելքի դռան դեպի դուրս բացվելը, ինչին, ցավոք սրտի, հաճախ ուշադրություն չեն դարձնում։ Սրանք, իհարկե, այն խախտումներն են, որոնք հնարավոր է վերացնել»։



Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյան

Մասնագետները նկատել են՝ խուճապի դեպքում մարդիկ անկախ իրենցից դուռը դեպի դուրս են հրում։ Բայց մոլերում ու առևտրի կենտրոններից շատերում ելքի դռները դեպի դուրս չեն բացվում։ Սա էլ է խախտում, որն արձանագրել էր տեսչական մարմինը նաև «Սուրմալուում»։ Առևտրի տաղավարները տեղակայված չեն եղել շենք–շինություններից ավելի քան 8մ հեռավորության վրա, շինարարական  տարրերը ծածկված չեն եղել հրապաշտպան լուծույթով, չի եղել հակածխային պաշտպանության համակարգ, բացակայել են առնվազն 1 հիդրանտն ու հակահրդեհային ջրավազանը, հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերը բացակայել կամ սարքին չեն եղել: Տեսչական մարմնի ստուգումից 1.5 տարի է անցել, իսկ վերստուգում չեն իրականացրել՝ պարզելու՝ թերությունները վերացել են, թե ոչ։ Նորմերը գրվում են նաեւ վիճակագրության հիմքով, իսկ երբեմն՝ կյանքի կոչվում միայն ցավալի վիճակագրությունից հետո մարդկային կյանքերի ու ճակատագրերի գնով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն