Փոխհատուցման մեխանիզմների կոռուպցիոն «կարկտահարության» ռիսկերը․ ե՞րբ է պետությունը «ձեռքը տանում գրպանը»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է աջակցություն տրամադրել Սուրմալու առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց։ Ըստ նախնական հաշվարկի՝ բյուջեից անհրաժեշտ կլինի ավելի քան 55 միլիոն դրամ՝ վիրավորներին՝ 150 կամ 300 հազար, զոհերի և անհետ կորած համարվող անձանց ընտանիքներին՝ 3 միլիոն դրամի չափով փոխհատուցում։ Ավելի վաղ գործադիրը հայտարարել էր՝ տուժած տնտեսվարողների համար փոխհատուցում չեն նախատեսում։ «Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ առհասարակ ինչ մեխանիզմով ու ընթացակարգով է պետությունն այս կամ այն արտակարգ իրավիճակի, տեխնածին կամ բնական աղետի դեպքում փոխհատուցում։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով հիվանդանոցում մինչև երեք օր բուժված անձանց՝ 150 հազար, երեք և ավելի օր բուժվածներին՝ 300 հազար դրամի աջակցություն կտրամադրվի։ Փոխհատուցում է նախատեսվում նաև զոհերի և անհետ կորած անձանց ընտանիքների համար․ ամեն զոհվածի համար՝ 3 մլն դրամ։ Սա դեռ կառավարության որոշման նախագծում է։
«Պոտենցիալ շահառուները կլինեն 24 վիրավորում- վնասվածք ստացած անձինք և 17 զոհված անձանց, այդ թվում գտնվելու վայրը անհայտ 1 անձի ընտանիքներ, ընդհանուր՝ 41 շահառու: Բյուջեից կպահանջվի 55.5 միլիոն դրամ»,– ասված է նախագծում։
Մինչ այս նախագիծը կքննարկվի, գործադիրից արդեն հայտարարել են՝ առևտրի կենտրոնի պայթյունից տուժած տնտեսվարողներին աջակցել չեն ծրագրում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դիտարկմամբ՝ տնտեսվարողներն իրենք պետք է ապահովագրած լինեին իրենց գույքը և փոխհատուցում ստանային ապահովագրողից, ոչ թե կառավարությունից։Եթե գործարարը ռիսկը մեծ չի համարել, կառավարությունն անելիք չունի՝ ասում է․
«Եթե այդ միջավայրում աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը (գրագետ բիզնեսները դա արել են, ապահովագրում են իրենց տարածքը եւ գույքը), բնականաբար, այս դեպքը հատուցելի կլիներ։ Հիմա եթե ինչ-որ մեկն արել է, մի մասը չի արել, ապա կառավարությունը չի կարող իր վրա վերցնել ֆունկցիա ՝ փոխհատուցել այն ծախսերը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը»,– ասել էր նախարարը։
Առհասարակ, ո՞ր դեպքում է պետությունը պատրաստ «ձեռքը տանել գրպանը»՝ փոխհատուցելու այս կամ այն տեխնածին ու բնական աղետից, պատահարից տուժածներին՝ պատասխանը միանշանակ չէ։ Ընկած ծառից վնասված մեքենա, քամու պոկած տանիքներ, անձրեւաջրից հեղեղված խանութներ, կարկտի ջարդած բերք, արջի լափած փեթակներ՝ ումից կամ որքան աջակցություն ակնկալի քաղաքացին, եթե նման խնդիրների է բախվել, որտե՞ղ փնտրել մեղավորին։
Էկոնոմիկայի Եւ ԱԻՆ նախարարություններից «Ռադիոլուրին» արձագանքեցին՝ այս մասով իրենք անելիք-իրավասություն չունեն․ մեջբերում․
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների դրույթների համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու իրավասություն չունի»:
Երևանի քաղաքապետարանից հայտնեցին՝ ֆորսմաժորային իրավիճակում, ըստ անհրաժեշտության, հանձնաժողով է ձևավորվում ու առանձին որոշում կայացնում։ Հստակ կարգավորում կամ որոշակի օրինաչափություն չկա։
Օրինակներով դիտարկենք․ 2020-ի օգոստոսին Երևանի Ռայնիսի փողոցում գազից պայթյունի հետևանքով փլուզված 12 բնակարանների սեփականատերերին նախ քաղաքապետարանը բնակվարձ փոխհատուցեց, ապա գործադիրը բնակարանի գնման վկայագրեր տրամադրեց։
Մեկ այլ դեպքում 4 տարվա դատական գործընթացից հետո է միայն քաղաքացուն հաջողվել փոխհատուցում ստանալ ծառի տապալման հետևանքով իր մեքենայի վնասի համար․ վերաքննիչ դատարանը պարտադրել է քաղաքապետարանին փոխհատուցել։ Մի դեպքում էլ կառավարությունն ավելի քան 8 ամիս անց է որոշել փոխհատուցել 2021-ի հուլիսին ադրբեջանական անօդաչուի հարվածից տուժած Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչներին։
Արտակարգ այս կամ այն իրավիճակից տուժած տնտեսվարողներին կամ քաղաքացիներին փոխհատուցելու միասնական մոտեցում կամ մեխանիզմ չկա․ կարկուտ, ուժեղ քամի, անձրև, ցրտահարություն, տեխնածին պայթյուններ, թշնամու հարվածներ․ կառավարությունը որոշ դեպքերում փոխհատուցում է կարկուտ-անձրևից տուժածներին, որոշ դեպքերում սուբսիդավորում ցրտահարությունից տուժած գյուղացու ծախսերը․ որպես կանոն սրանք կառավարության առանձին որոշումներովեն կարգավորվում։ Երբեմն համայնքների որոշմանն է մնում՝ երբ, որ դեպքում ձեռքը տանել «բյուջետային» գրպանը եւ ում որքան աջակցել։
Շիրակի մարզպետարանը, որը հաճախ է ստիպված լինում հաշվարկել գյուղացիներին պատուհասած վնասները, ամեն իրավիճակի համար առանձին որոշումներ է կայացնեմ՝ բացատրում են մարզպետարանից։
Բնականաբար, այստեղ վնասի հաշվարկման որոշակի մոտեցումներ կան, բայց հստակ բանաձեւ ու մեխանիզմ՝ ոչ, ինչն էլ սուբյեկտիվ մոտեցումների, ուռճացված ծախսեր ներկայացնելու, կոռուպցիոն այլ ռիսկեր կարող է ստեղծել։ Ամեն դեպքում ստացվում է, որ ոչ բնակչությունն է ապահովագրված արտակարգ իրավիճակից, ոչ էլ փոխհատուցման մեխանիզմները՝ այսպես ասած կոռուպցիոն «կարկտահարությունից»։