Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանը։ Մինչ տարեվերջ խորհրդարանը կքննարկի շուրջ 5 տասնյակ հարց, սակայն առայժմ՝   առանց ընդդիմության։ Օրեր առաջ խորհրդարանական ընդդիմությունը՝   «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, հայտարարել էին, որ շարունակում են դեռ ապրիլին սկսած իրենց պայքարն ու բոյկոտը և նիստերի դահլիճ վերադառնալու միտք չունեն։ Փոխարենը, ընդդիմությունն ԱԺ նիստին զուգահեռ սկսում է հանրային քննարկումների շարք՝ իր օրակարգով։ Մինչ Ազգային ժողովի դահլիճում օրենսդրական նախագծերի փաթեթներ են, ընդդիմադիրների «արտախորհրդարանական սեղանին» Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերն են։ Ինչպե՞ս է մեկնարկում Հայաստանի քաղաքական աշունը խորհրդարանում և դրանից դուրս:

Ազգային ժողովը սկսում է հերթական, բայց դեռ արտասովոր նստաշրջանը․ դահլիճում ազատ տեղեր կան, ընդդիմության ներկայացուցիչներ՝ բացակա։



Զուգահեռաբար ՀՀ օրհներգով է մեկնարկում նաև ընդդիմության արտախորհրդարանական «նիստը»։ Դեռ ամիսներ առաջ՝ ապրիլին, խորհրդարանական ընդդիմությունը հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից՝ հայտարարելով՝ պայքարը շարոունակելու են արտախորհրդարանական հարթակներում։ Չորրորդ նստաշրջանում ևս ընդդիմադիրները խորհրդարան վերադառնալ չեն պատրաստվում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն արտախորհրդարանական «նիստի» կամ, իրենց ձևակերպմամբ, համաժողովի մեկնարկին հայտարարում է՝ գործող իշխանությունը ԱԺ օրակարգում կեղծ առաջնահերթություններ ունի։ Փոխարենը ԱԺ–ից դուրս իրենք ավելի ներկայանալի կազմով առաջ կտանեն, ինչպես իրենք են ասում, իրական օրակարգը։

«Հենց այս վայրկյաններին, երբ Հայաստանի փորձագիտական, մտավոր հասարակական, քաղաքական դաշտի ներկայացուցիչներս քննարկում ենք մեր ժողովրդի առաջ ծառացած իրական մարտահրավերները, ԱԺ շենքի պատերի ներսում շարունակվում է կրկես հիշեցնող շոուն։ Հայաստանի իրական և առաջնային օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում։ Մենք մեր քաղաքացիներից մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար։ ՀՀ օրվա իշխանությունները և նրա կցորդ ԱԺ մեծամասնությունը չեն սպասարկում այդ օրակարգը»,– ասում է Իշխան Սաղաթելյանը։



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան

«Հայաստանի իրական օրակարգը․ Հայաստան և Արցախ անվտանգային սպառնալիքները»․ ընդդիմադիրներն այսպես են անվանել իրենց հանրային քննարկումը՝ 2 հիմնական բանախոսով, անվտանգային ներքին և արտաքին սպառնալիքների շուրջ։

Զուգահեռ իրականության մեջ իշխող խմբակցությունն Ազգային ժողովում աշխատանքային նստաշրջանն ու օրը սկսում է օրենքների նոր նախագծերով, հիմնականում՝ տնտեսական հարցեր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անհեթեթ է համարում ընդդիմադիրների մեղադրանքները, թե իշխանությունն անվտանգային հարցերը թողել, «երկրորդական» հարցեր է քննարկում։ Խորհրդարանի խոսնակը վստահեցնում է՝ իրենք իշխանության օրենսդիր մարմինն են և շարունակում են օրենքով իրենց վերապահված գործունեությունը։

«Մենք օրենսդրական մարմին ենք, այսինքն՝ եթե հիմա Սահմանադրական դատարանի դատավոր ենք ընտրում, կամ օրենք ենք ընդունում, դա որևէ կերպ պետության հետ կապ չունի՞։ Երբ մենք սահմանների մասին օրենք ենք ընդունում, դա իրենց հետ կապ չունի՞, ո՞րն է իրենց օրակարգը, նախկին իշխանավորներին քրեական հետապնդումից փրկե՞լը»,– կարծում է ԱԺ նախագահը։



Ընդդիմության բացակայությունը Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքը չի խաթարի՝ վստահեցնում է Սիմոնյանը։ Ընդդիմադիր գործընկերներին առաջարկում է կամ վերադառնալ խորհրդարան կամ․

«Թող այլընտրանքային պետություն հիմեն։ Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ։ Եթե դու քաղաքականության մեջ ես, ապա պետք է լինես այս դահլիճում, եթե քաղաքականությունից դուրս ես, ապա դու այս դահլիճից դուրս ես»,– ասում է Սիմոնյանը։

Խորհրդարանի նախագահը հիշեցնում է՝ եթե ընդդիմադիրների բացակայություններն անցնեն թույլատրելի շեմը, իրենք նստաշրջանի ավարտին կրկին առաջ կբերեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների իրենց գործընկերներին մանդատից զրկելու հարցը։



«Դրա մասին մենք կարող ենք խոսել դեկտեմբերին, բայց ես վստահ եմ, որ մինչ այդ իրենք ինչ–որ ձև կգտեն՝ կամ «բժշկի թուղթ» կներկայացնեն, կամ կգան ինչ–որ կերպ մասնակցություն կապահովեն։ Իսկ տարվա վերջ, երբ նստաշրջանն ավարտվի, արդեն, ըստ տվյալների, հարցը կմտնի խորհուրդ և որոշում կկայացվի»։

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, վստահ են՝ այս պահին պետության կարևորագույն խնդիրները լուծելու համար խորհրդարանական մանդատներն իրենց պետք չեն․ իրենց արտախորհրդարանական քննարկում– համաժողովները շարունակական են լինելու։ Սա դեռ ապրիլին սկիզբ առած «Դիմադրություն» շարժման պայքարի նոր հարթակն է՝ ձևակերպում են։



Մինչ ԱԺ–ում օրենսդրական նոր նախաձեռնություններ են, ընդդիմությունը հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագիր, Բրյուսելյան վերջին հանդիպում ու սահմանային լարվածություն է քննարկում։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նկատում է՝ անվտանգային խնդիրներն ամեն օր նոր բնույթ են ստանում, դրանց դեմ պետք է պայքարել բոլոր հարթակներում և անմիջապես։

«Եթե մեկ տարի առաջ մեզ համար սպառնալիք էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա մեկ ամիս առաջ մեզ համար անվտանգային սպառնալիք էր Բերձորի պահպանումը, այսօր արդեն կրակոցներ են հնչում Կարմիր շուկայի հարևանությամբ»,– ասում է Ղազարյանը։



ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյան

Ընդդիմությունը կմասնակցի՞ ԱԺ առաջիկա նիստերին, թե՞ ոչ․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասում է՝ շատ կուզեր, որ պետության ներսում ամենակարևոր խնդիրն ու հարցը հենց սա լիներ, բայց ավաղ այդպես չէ։ Կարծում է՝ այսօրվա խորհրդարանը լավագույն վայրը չէ խնդիրները լուծելու համար։

Ինչո՞ւ չեն կարողանում իշխանություն ու ընդդիմությունը մի դահլիճում համատեղ աշխատել։ ԱԺ նախագահի պատասխանը միանշանակ է՝ ընդդիմությունը կառուցողական չէ, կառուցողական են իրենք՝ կարծում է, եթե մինչև օրս ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով սահմանադրական դատարան չեն դիմել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն