Ահաբեկչություն՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ․ մեսիջներ ՀՀ–ում գտնվող դեսպաններին
Ադրբեջանը հստակ թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարներին Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած Սոթք բնակավայրում հայտնել է Տարածքային կառավարման ու ենթակուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Միայն Գեղարքունիքում սեպտեմբերի 13–ին 12 բնակավայր է ռմբակոծվել։ Թիրախում հիմնականում եղել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, գյուղապետարանի շենք։ Վնասվել է գազի խողովակաշարը, գյուղացիները զրկվել են հոսանքից, աշակերտները՝ կրթության իրավունքից։ Դիվանագետների արձագանքը չի ուշացել՝ առայժմ սոցիալական ցանցերում գրառումների տեսքով։
Արդեն 23 տարի Քրիստինե Բեգյանի տան հասցեն նույնն է՝ Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի տարածաշրջան, Սոթք բնակավայր։ Արդեն 23 տարի սահմանային միջադեպերն ու կրակոցներն նրա համար անակնկալ չեն, բայց այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13–ին կեսգիշերից հինգ րոպե անց, երբեք չի մոռանա։
«Երեխեքը քնած էին, ես արթուն էի։ Կեսգիշերին ձայներ լսեցինք։ Առաջին հայացքից մեզ թվաց, որ հրավառություն է։ Բայց պատուհանից նայեցի ու տեսա, որ զորամասի վրա են կրակում։ Այդ պահին անջատվեցին նաև գյուղի լույսերը։ Արդեն հարևաններով իրար հետ կապվեցինք, երեխաներին արթնացրեցինք։ Հասկացանք արդեն, թե ինչ է կատարվում։ Մեկը մյուսին զանգահարելով՝ իմացանք, որ ռմբակոծության տակ ենք»։
Կեսգիշերին սկսված ռմբակոծությունից ոչ միայն Քրիստինեի, այլև Սոթքի բոլոր ընտանիքները լքեցին գյուղ։ 44–օրյա պատերազմի ժամանակ զոհվել է տիկին Քրիստինեի որդին՝ Սարգիս Աբրահամյանը։ Նա «Ես եմ» ծրագրի մասնակից էր, երեք տարի ծառայել էր, վերադառնալու էր պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց։ Չնայած անձնական ողբերգությանն ու թշնամու համառ ջանքերին, այս ընտանիքը ու ոչ միայն նրանք , չեն պատրաստվում թողնել գյուղը։ Պարզապես այս պահին երեխաների անվտանգության հարցն է առանջային։ Տիկին Քրստինեն ասում է՝ ցերեկները գյուղում է, գիշերները՝ Վարդենիսում։
«Մեր վաղվա օրը տեսնում ենք գյուղում։ Երեխաներն էլ են ուզում վերադառնալ։ Բոլորն էլ ուզում են։ Մեր կյանքի կեսը այստեղ ենք ապրել։ Այստեղ տխրել ենք, այստեղ՝ ուրախացել»։
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Սոթքում ամբողջովին քանդված տներից մեկը տեսան նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետները։ Լուսանկարեցին փլատակները, եղան գյուղի տարբեր հատվածներում՝ տեսնելով երկօրյա պատերազմի բոլոր հետևանքները։ Միայն Սոթքում 140 տուն է վնասվել։ Թշնամին թիրախավորել ու ռմբակոծել էր նաև հոսանքի լարերն ու գազամատակարարաման խողովակաշարերը։ Դրանք արդեն վերանորոգվել են։ Աշխատանքներն, ի դեպ, ընթացել են կրակահերթերի տակ կամ այն փուլերում, հրետանին լռել է՝ «Ռադիոլուր»–ին պատմում է վարպետ Հակոբ Մելքոնյանը՝ վերանորոգված խողովակաշարերի վրա ցույց տալով արկերի հետքերը
«Հեսա, հլը նայի։ Վեց–յոթ օր վերականգված է գազը։ Երկու–երեք օր աշխատել ենք։ Հրետանի չկար, ավտոմատի կրակոցների տակ ենք աշխատել»։
Միայն Գեղարքունիքում 12 բնակավայր է ռմբակոծել թշնամին՝ սեպտեմբերի 13–ին։ Թիրախում հիմնականում եղել են խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ դպրոց , մանկապարտեզ, բուժկետ։ Կութում վնասվել է գյուղապետարանի շենքը, որի դեմ դիմաց դպրոցի հրթիռակոծված շենքն է։ Պատուհանների ապակիները կոտրված են, ներսում պատերն ու առաստաղները ՝ փլված։ Շենքի կողքին արկերի բեկորներ են ։ Դրանց լուսանկաներները նույնպես արդեն Հայաստանում հավատարմագրված դեսպանների հեռախոսներում են։ ԿՏԵՆ Գնել Սանոսյանը ընդգծում է․
«Կարծում եմ համայնքապետարանի, դպրոցի ու բուժկետի թիրախավորումը բոլորի կողմից ակնհայտ է դարձնում, թե ինչպես են թիրախավորվել կոնկրետ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս կողմում տեսնում եք Կութ բնակավայրի խոտհարքերն են, արոտավայրերը, որոնց մի մասից բնակիչները զրկված են։ Այս տարածքը ՀՀ սուվերեն տարածքն է, բայց այս բլուրի վրա ադրբեջանական զորքերն են ագրեսիայից հետո, համայնքապետարանը, դպրոցը, ամբողջ գյուղը հայտնվել է թշնամու թիրախում»։
Ենթակառուցվածքների մեծ մասը՝ ճանապարհային հատվածներ, գազ ու հոսանք, վերականգնված է, այժմ ընթանում է երկրորդ փուլը՝ վնասված տների գույքագրումը, ավելի քիչ վնասված տների վերականգնումը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է ամփոփում․
«Այս պահի դրությամբ գրեթե բոլորի մասով ունենք կարիքների գնահատված թերթիկներ։ Սոթք բնակավայրում ամբողջությամբ ավերվել է 7 տուն, նորի կուռցման խնդիր ունենք։ ՄՆացածի մասով արդեն կարիքները գնահատված են։ Առաջիկայում փոխանցումենր կլինեն, որպեսզի սկսեն բնակարանների վերականգնման աշխատանքները»։
Մարզի 7072 աշակերտ ու 897 մանկապարտեզի սան ագրեսիայի օրերին, 1245 աշակերտ էլ այս պահին զրկված են կրթության իրավունքից։ Մարզում 12 դպրոցում ուսումնական գործընթացը դեռ չի վերսկսել՝ անվտանգային նկատառումներից ելնելով։ Մարզի բնակիչներից զոհեր չունեն, բայց 10–ից ավելի վիրավորներ կան ։ Նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում, երկուսինը՝ միջին, մյուսները ստացել են թեթև վնասվածքներ՝ տեղեկացնում է մարզպետը, նաև նշում, որ որ վտանգյուղատնտեսական աշխատանքները նույնպես վտանգված են։ Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ընդգծում է՝ սեպտեմբերի 13-ին սկսված ագրեսիան նաև ահաբեկչություն է քաղաքացիական բնակչության նկատմամբ:
«Սա նաև ահաբեկչության տեսակ է՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ: Կցանկանայի, որ մայրաքաղաքներում նաև այս տեսանկյունից ներկայացվեր տեղեկատվությունը»։
Դիվանագետների մի մասի արձագանքը չուշացավ սոցիալական ցանցերում ՝ գրառումների տեսքով։ ՀՀ–ում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմեսը Թվիթերում գրել է․
«Ազդված եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք, Կութ բնակավայրերում այսօր տեսածիցս։ Դիվանագիտական համայնքի այցի շրջանակում դիտարկել ենք վերջին հարձակումների հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։ Հուսով եմ` տուժած ընտանիքները շուտով կվերադառնան իրենց առօրյային»։
Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն իր թվիթերյան էջում սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած վայրեր այցը շատ օգտակար է համարել՝ արձանագրելով, որ բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում: Ֆրանսիան շարունակում է գործել՝ ի նպաստ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ՝գրել է դեսպանը։