«Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։ Շաբաթներ առաջ «Թաթոյան» հիմնադրամը հայտարարել էր, որ Սիսիան քաղաքի բնակիչներից մեկն ահազանգել էր, որ այդ հավելվածների քարտեզներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված Սյունիքի մարզի մի շարք դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ փաստերն ուսումնասիրելիս պարզել են, որ խնդիրը միայն Սիսիանում չէ։

«Պարզեցինք, որ խնդիրներ կան նաև Մեղրիում, Կապանում, նույնիսկ Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում։ Անմիջապես կապ հաստատեցինք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ ու փորձեցինք առանձնացնել, վեր հանել այն հիմքերը, որոնց հիման վրա կարող ենք Google ընկերության հետ բանակցել դրան զուգահեռ նաև պատրաստում էինք դատական գործընթացի հիմքեր»։

Ամերիկահայ գործընկերների հետ «Թաթոյան» հիմնադրամի աշխատակիցները փորձել են Google–ին նախ ապացուցել, որ Բաքվի այդ գործողությունները ևս Ադրբեջանի թշնամական քաղաքականության, հայատյացության դրսևորումներից են։ Արման Թաթոյանն ասում է, որ բանակցություններոմ հիմնականում օգտագործել են հենց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանների՝ տարբեր ժամանակներում ադրբեջանական հանցագործություններն ամբողջացնող զեկույցները։



«Ցույց տվեցինք նաև, որ Ադրբեջանի նախագահը բացարձակ կեղծիքներով փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը, իբրև թե, ադրբեջանական հողեր են և այլն։ Արդյունքում կարողացանք հասնել նրան, որ սկզբում 1-2 տեղանուն հեռացվեց հետո արդեն ամբողջությամբ վերացվեցին ադրբեջանական անվանումները»,– պատմում է Արման Թաթոյանը։

Իսկ առհասարակ ի՞նչ մեխանիզմով է Google–ի քարտեզներում հայտնվում, անհետանում կամ խմբագրվում այս կամ այն տեղանունը։ CyHub նախագծի տեխնիկական փորձագետ Ալեքսեյ Չալաբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում բացատրում է՝ Google–ը հսկայական ընկերություն է, ուստի քարտեզներով ու դրանց խմբագրամբ կարող է զբաղվել մի քանի հարյուր մարդ։ Իսկ փոփոխությունները կատարվում են առաջին հերթին օգտատետերի դիմումների հիման վրա։



«Google–ը ունի որոշակի մեխանիզմ, հայերեն ասված՝ «տեղացի գիտակ»․ դրանք մարդիկ են, որոնք հաճախ ուղարկում են ինչ–որ ուղղումներ, կամ ավելացնում են նոր տեղանուններ, լուսանկարներ և այլն։ Բացի այդ կա նաև մոդերատորների խումբ, որոնք այդ խմբագրումները վերահսկում ու ընդունում են։ Հավանաբար մոդերատորները իրենք էլ չեն հասկանում՝ իրականում ինչ է կատարվում, նրանք չեն հասկանում, որ Հայաստանի տարածքում նման տեղանուններ չեն կարող լինել։ Հավանաբար, մոդերատորները մի քանի նման առաջարկներ տեսնելուց հետո, մտածում են, որ իրոք դրանք օբեկտիվ ուղղումներ են»,– մանրամասնում է Ալեքսեյ Չալաբյանը։



Չալաբյանն ասում է, որ դա առաջին հերթին հենց Google –ի խնդիրն է․ ստացվում է, որ ադրբեջանը օգտագործում է հարթակը իր քաղաքական նկատառումներով։ 10 տարի առաջ Google ընկերությունն ավելի թափանցիկ էր աշխատում, փոփոխություններն ու խմբագրումները ավելի հեշտ էին կատարվում, սակայն մի քանի միջազգային սկանդալներից հետո ընկերությունը վերանայել է իր գործելաոճը։ Ըստ փորձագետի՝ ավելի բարդ է Google–ի հսկայական քարտեզում ադրբեջանական կեղծիքները գտնելը, քան ընկերության հետ բանակցելն ու ուղղումներ անելը։

«Եթե մենք ունենանք սխալ տեղանունների ցանկ, կարող ենք դա ուղարկել Google–ին․ գուցե ոչ օրերի, բայց շաբաթների ընթացքում դա կուղղվի։ Բայց բուն խնդիրն այն է, թե ինչպես լուծել խնդիրը արմատապես։ Ադրբեջանցիները կարող են նույնիսկ ամենափոքր, օրինակ, ավտոլվացման կետի անվանումը փոփոխել, և մենք պետք է անընդհատ նայենք, մոտեցնենք, փնտրենք, գտնենք այդ կեղծիքները»,– ասում է փորձագետը։

«Թաթոյան» հիմնադրամում շարունակում են մշտադիտարկումը նման կեղծիքները օր առաջ հայտնաբերելու ու դրանց դեմ ևս պայքարելու համար։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ասում է, որ որոշակի աշխատանքներ են տանում նաև Google-ի քարտեզներում Արցախի տեղանունները հայերենով ամրագրելու ուղղությամբ, սակայն այս դեպքում գործընթացն ավելի բարդ է։



«Լուրջ խնդիր ունենք նաև Արցախի հետ կապված, նրանք անգամ քարտեզից հանում են ԼՂԻՄ–ի սահմանները, իսկ Արցախի տեղանունները փոխարինում ադրբեջանական անուններով։ Մենք այս ուղղությամբ էլ, բնականաբար, աշխատանք տանում ենք, հարցը քննարկել ենք նաև Արցախի ՄԻՊ–ի հետ։ Այստեղ ևս պետք է հստակ Google–ին ներկայացվի, որ այդ տարածքում ապրում են հայեր, դա հայկական տարածք է, և ադրբեջանական սադրանքներին տուրք տալով՝ նրանք օգնում են Ադրբեջանին այդ տարածքներից հայկականության հետքը վերացնելու գործում»,– ասում է Թաթոյանը։

Արման Թաթոյանն ասում է, որ որոշակի իմաստով դա էլ Ադրբեջանի հերթական պատերազմական հանցագործություններից  է․ այս կերպ ադրբեջանական իշխանությունները նախ և առաջ փորձում են լրացուցիչ տագնապի մեջ պահել սահմանամերձ բնակավայրերում ապրողներին, ապա նաև Google–ի գործիքներն օգտոգործել իրենց պատերազմական հանցագործությունները լեգիտիմացնելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն