Ոստիկանական համակարգում բարեփոխումները մեկնարկել են 2021 թվականին Պարեկային ծառայության ներդրմամբ և կանգ են առել այդ կետում՝ կարծում են քաղհասարակության ներկայացուցիչները։ Նրանք բարձրաձանում են մի շարք խնդիրներ, որոնք չեն համադրվում ժամանակակից մոտեցումներով ոստիկանություն ունենալու պատկերացումների հետ։ Ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում նրանք խոսել են անհանգստացնող խնդիրների մասին և ստացել դրանց վերաբերյալ պարզաբանումներ։

Բարեփոխումը ողջունելի է, մասնակի բարեփոխումը՝ երբեմն անիմաստ․ նման կարծիք ունեն ոստիկանական բարեփոխումների մասին քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ։ 2021-ին Երևանում ներդրվեց Պարեկային ծառայությունը, հետո շարունակվեց Լոռիում, Շիրակում, իսկ մինչև 2023-ի ավարտը պետք է հասնի նաև հանրապետության մյուս մարզեր։ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կածիքով՝ միայն մեկ օղակում բարեփոխումը չի կարող արդյունավետ լինել ամբողջ համակարգի աշխատելաոճի և դրա նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխության համար։ Կարծում է, որ հաջող մասնակի ռեֆորմը՝ պարեկային ծառայությունը, ոչ թե վարակեց ու ավելի լավը դարձրեց ողջ համակարգը, այլ ժամանակի ընթացքում ինքը սկսեց կիրառել նախկին ոչ ցանկալի աշխատելաոճը։



«Մինչև ամբողջ համակարգը չփոխեք, ես լուրջ եմ ասում, մեր այս ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի։ Սկզբում բոլորը զարմացել էին․ Վանաձորում պարեկային ծառայության ոստիկանները իրավախախտին հետևելիս այնպիսի փողոցներով էին գնում․․․ այդ փողոցներով կյանքում չեն տեսել ոստիկանական մեքենա։ Բայց այդ երևությունը շարունակվու՞մ են հիմա, թե չէ՞։ Չէ՛»։

Պարեկային ծառայությունը ներդրվեց ոստիկանի քաղաքակիրթ, պատշաճ կերպար ստեղծելու և այդ գործի նկատմամբ հասարակության մեջ հարգանքի չափաբաժինը մեծացնելու համար։ Սա, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով, հաջողվեց անել, սակայն, ընդհանուր ոստիկանական համակարգում այս բարեփոխումը շոշափելի փոփոխություններ չի մտցրել․

«Լուրջ խնդիրներ կան հանցագործությունների բացահայտման հետ կապված։ Վերջին 5 տարիների տվյալներով Հայաստանում սպանություն կատարած անձանց միայն 27%-ն է դատարան հասել, 73% դատարան չի հասել։ Գրանցված գողությունների 89%-ը դատարան չի հասել, 11%-ն է միայն դատարան հասել։ Կարևոր է, որ ռեֆորմը նաև էֆեկտիվության վրա անդրադառնա»։

Կարծում է՝ այսօրվա համակարգը մեծամասամբ գործում է խորհրդային ուժային կառույցների մոդելով․ հասարակության ակնկալիքն ու ոստիկանության առաջարկը չեն համընկնում։



«Ոստիկանությունը դարձել էր տուգանող գործիք, այնինչ հասարակությանը պետք է, որ ճանապարհին մարդ չմահանա, ոչ թե որ մարդիկ տուգանվեն։ Հա, դրա մեթոդներից մեկը տուգանելն է, բայց ամեն դեպքում նպատակները տարբեր էր, և դրա համար ոստիկանությունը ընկալվեց որպես թշնամի, մարդիկ ճանապարհին իրար լույսերով նշան էին տալիս, որ էնտեղ ոստիկան կա։ Դա շատ խնդրահարույց երևույթ է»։

Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը հետաձգեց ոստիակնության առանձին ստորաբաժանումնորի բարեփոխումները՝ ասում է  արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Բնականաբար այս ռեֆորմից չեն կարող անմասն մնալ ոստիկանության զորքերը և ռազամավարությամբ նախատեսված է, որ պետք է ունենայինք ազգային գվարդիա։ Այս տեսանկյունից մենք  մի փոքր ժամանակային առումով փոփոխություններ ունեցանք, որովհետև ոստիկանության զորքերի վերափոխումը այս պահի դրությամբ կառավարությունը կապում է ներքին գործերի նախարարության ստեղծման հետ։ Ներքին գործերի նախարարությունը ի վերջո լինելու է այն պատասխանատու կառույցը, որը մշակելու է քաղաքականություն ոստիկանության ամբողջ համակարգի համար»։



Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը ոստիկանության աշխատանքում փոփոխություններ չտեսնող մարդկանց ի պատասխան հայտնում է՝ հանցագործությունների տարբեր տեսակների դեմ պայքարում նոր մոտեցումներ ունեն։

«Օրինակ՝ համացանցի միջոցով կատարվող թմրանյութի ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով քրեական ոստիկանությունում ստեղծվել է առանձին բաժին, կամ ընտանեկան բռնության դեմ պայքարի նպատակով արդեն իսկ օրենսդրական նախաձեռնություն կա ներդնելու տեխնիկական միջոցներ, ձեռնաշղթաների նման հատուկ սարքերն են, որը հնարավորություն կընձեռի մեզ  ավելի արդյունավետ մոնիթորինգ իրականացնել ու կանխարգելիչ բնույթի միջոցառումներ  կիրառել»։

Ոստիկականական համակարգի չշտկվող խնդիրներից մեկն էլ փորձագետները խոշտանգումը՝ որպես հանցագործության բացահայտման մեթոդ դիտարկելն են համարում։ Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ խոշտանգում իրականացրած ոստիկանը երբեմն ոչ թե պատժվում է, այլ պաշտոնի բարձրացում ստանում, սակայն ոստիկանության պետի տեղակալի կարծիքով՝ խոշտանգումների մասին քաղաքացիների հայտարարարությունը երբեմն սուբյեկտիվ են․ ասում է՝ մարդիկ օրինաչափ վարքը նախընտրում են խոշտանգում անվանել սեփական իրավախախտումը քողարկելու նպատակով։ Արթուր Սաքունցի, Արա Ֆիդանյանի ու Դանիել Իոաննիսյանի զրույցը՝ առանց միջամտության․

-Պետք է լուրջ ներքին ծառայողական քննություն գնա, և դրա հիման վրա էն մարդը, որը բարեվարք պահվածք չունի չպետք է մնա,- ասում է Սաքունցը։

-Բոլոր դեպքերում, երբ ունենում ենք տեղեկատվություն, միանշանակ ծառայողական քննություն իրականացվում է։

-Պարոն Ֆիդանյան, ցավոք սրտի եղել են դեպքեր բոլորովին վերջերս, որ ծառայողական քննություններ չանցկացվեն ակնհայտ դեպքերով, ընդ որում մենք էդ ակնհայտ դեպքերով վերջերս դիմել էինք խնդրելով ծառայողական քննություն անցկացվեր, հանրային աղմուկ էր բարձրացել, մենք էլ դիմել էինք, բայց պատասխանը այն էր, որ ոչ ծառայողական քննություն չի իրականացվելու,- արձագանքում է Դանիել Իոաննիսյանը։



Պարեկային ծառայությունում, ի տարբերություն ոստիկանության մյուս ստորաբաժանումների, աշխատավարձը հասնում է մինչև 400 000 դրամի։ Ոստիկանության ներքին զորքերի ծառայողների աշխատավարձը միջինում 120 000 դրամ է։ Արդարադատության փոխնախարարը կարծում է, որ աշխատավարձի չափը ևս կարող է ազդել ծառայության որակի վրա․

«Եթե մենք պարեկային ծառայության տեսնկայունից բավական բարձր աշխատավարձ ենք նախատեսել, օբյեկտիվ ու սուբյելկտիվ հանգամանքներից ելնելով ոստիակնության համակարգում մնացած աշխատակիցները կարող են կամ խանդով վերաբերել այս ծառայությանը, դժգահություններ առաջանա և սա կդատապարտի նրան, որ մենք ոստիկանության ոլորտում պարեկային ծառայությունը կունենանք որպես բարեփոխումների կղզյալ և չենք կարողանա տարածել ռեֆորմը ամբողջ ոստիկանական համակարգում»։

Այս բոլոր խնդիրների լուծելի են, սակայն ժամանակ է պետք՝ ասում է Արփինե Սարգսյանը։ Ներքին գործերի նախարարության կայացումը նաև ոստիկանության համակարգում ընդհանուր բարեփոխումների հնարավարություն կտա։ Սակայն պատասխանատուները նշում են՝ արագ արդյունք սպասել պետք չէ․ նախարարության ստեղծումից հետո անցումային շրջանում կվերանայվի ոստիկանության կառուցվածքը, կփակվեն այն ստորաբաժանումները, որոնք ոստիկանական հիմնական ֆունկցիա չեն իրականացնում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն