Մասնագիտական հայրենադարձություն «Ներուժ 3․0»-ի միջոցով․ սփյուռքի 22 ստարտափ Հայաստանում է
«Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի նպատակն է սփյուռքահայերի ներուժն օգտագործելով նպաստել Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Արդեն երրորդ անգամ ծրագրի շրջանակում աշխարհի ավելի քան 30 երկրից ստարտափեր են հրավիրվում է Հայաստան՝ հնգօրյա միջոցառմանը մասնակցելու, Հայաստանում բիզնեսի առավելություններին ծանոթանալու և անհատական մենթորություն ստանալու նպատակով։ Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել է 22 ստարտափ՝ Կանադայից, Ռուսաստանից, Ֆրանիսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Լավագույն գաղափարները կարժանանան դրամական պարգևի, որը հնարավորություն կտա գաղափարը վերածել բիզնեսի։
Սիդնեյի Մըքքերի(Macquarie) համալասարանի երկու հայ ուսանողների՝ Ֆիլիպ Կուպերի և Լեոն Հակոբյանի ընկերությունը տարիներ անց վերածվելու էր գործընկերության։ 44-օրյա պատերազմից հետո Սիդնեյում սեփական բիզնեսը ղեկավարող Ֆիլիպ Կուպերը և Սինգապուրում մեծ թիմի ղեկավար Լեոն Հակոբյանը որոշել են իրենց կապերն ու գիտելիքը «հայրենադարձել»։ Հայաստանում են ԲՏԱ նախարարության «Ներուժ 3.0» ծրագրի շրջանակում։ Ֆիլիպ Կուպեր․
«Ինչպես շատ սփյուռքահայեր, մենք նույնպես ցանկանում ենք որևէ արդյունավետ նախագիծ ձեռնարկել հայրենիքի համար։ Մենք եկել ենք կայուն և աշխատող կոնցեպտով։ Հավատում ենք, որ այն կարող է միջավայր ստեղծել և յուրաքանչյուրին ներգրավել ներդրումների գործընթացին»։
Ֆիլիպ Կուպերն ու Լևոն Հակոբյանը պատրաստվում են ներկայացնել «Միասին» ստարտափի գաղափարը։ Նրանք ցանկանում են ստեղծել որակավորված մասնագետների համայնք, որոնք կմիավորվեն մեկ հարթակում։ Օրինակ՝ Լոնդոնում ապրող հայ տվյալագետը հարթակի միջոցով կարող է կապվել հայաստանյան ընկերության հետ, ապա համագործակցության և համատեղ գաղափարներ իրականացնելու համար որոշակի գումար ստանալ «Միասին» հարթակից։ Հարթակն իրենից ներկայացնելու է ներդրումների համակարգ։ Դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկն էլ համաշխարհային ներգրավում ապահովելն է՝ ասում է Լեոն Հակոբյանը․
«Մենք կառավարությանն ասելու ենք՝ դուք տալիս եք ձեր բյուջեի մի մասը, մենք այդ գումարը վերադարձնելու ենք ներդրումների միջոցով։ Դա հովանավորվելու է խոշոր գործընկերների կողմից, օրինակ՝ HSBC-ի։ Նվիրաբերության փոխարեն ներդրումների ապահովումը կայուն համագործակցություն կստեղծի պետության հետ»։
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն ասում է, որ ծրագրի առանցքում վերատադրվող մարդկային կապիտալն է ։ Նրա խոսքով՝ սա մեղավորների հավերժ փնտրտուքից լուծումների հավերժ փնտրտուքի անցնելու փորձ է։
«Ի տարբերություն բոլոր բնական ռեսուրսների, մարդկային կապիտալը ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է մշտապես վերարտադրել։ Սփյուռքում պետությունը ճիշտ քաղաքականությունների ռազմավարություն և հայեցակարգ ունենալով, կարող է այդ ռեսուրսը մշտապես վերարտադրել և ծառայեցնել ի նպաստ համահայկական օրակարգերի»։
ՆՁԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանը հայրենադարձ է։ «Ներուժ 3.0»-ին ներգրավվել է որպես խոսնակ և ժյուրիի անդամ։ Մասնակիցներին ներկայացնելու է ՆՁԱԿ-ի իրականացրած և ընթացիկ ծրագրերը։
«Ես որպես սփյուռքի ներկայացուցիչ և փորձագետ եկել էի Հայաստան և իմ գիտելիքները ներգրավեցի պետական ոլորտում։ Հիմա արդեն ես եմ ՆՁԱԿ-ում սփյուռքի հետ կապված նախագիծ իրականացնում ։ Մենք մինչև 70 տոկոս փոխատուցում ենք այն փորձագետների աշխատավարձները, որոնք գալիս և աշխատում են Հայաստանի մասնավոր և պետական սեկտորում»։
Բեռլինում բնակվողԷդուարդը, Սանկտ Պետերբուրգում ապրող գործընկերոջ՝ Վիկտորիայի հետ Հայաստանում ստեղծել է կոդերի զարգացման գործակալություն և կրթական կենտրոն։ Նրանց համատեղ նախագիծը հնարավորություն է տալիս ստեղծել ՏՏ արտադրանք՝ ծրագրավորման մինիմալ կիրառմամբ։ Էդուարդ Փարսադանյան․
«Այս փուլում Հայաստանում արդեն մի քանի աշխատող ենք ընդունել։ Նրանց գտնելու համար համագործակցել ենք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ, որն օգնել է իր շրջանավարտների հետ կապ հաստատել։ «Ներուժ» ծրագրում հաղթանակը կօգնի մեզ հայկական շուկա մտնել որպես ամբողջապես կայացած ընկերություն»։
Ծրագրի մրցանակային ֆոնդն այս տարի 45 մլն դրամ է։ 20, 15, 10 մլն դրամ կհատկացվի համապատասխանաբար՝ առաջին, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած թիմերին։ Դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայմաներից է ստարտափը Հայաստանում գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվելը։