Քաղաքներում գերադասում են առաջնեկը աղջիկ լինի, գյուղերում՝ տղա․ ՄԱԿ–ը հետազոտություն է իրականացրել Հայաստանում
Հայաստանի քաղաքաբնակ ընտանիքներում երազում են, որ առաջնեկն աղջիկ լինի, իսկ գյուղերում հիմնականում նախընտրում են տղաներին։ ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամը Հայաստանում հատուկ հետազոտություն է իրականացրել՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունը և պատճառները պարզելու համար։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանն ասում է, որ Հայաստանում ամենավատ վիճակագրությունը գրանցվել է 1990-ականներից 2000-ական թվականներին, երբ 100 աղջկա դիմաց ծնվում էր 120 տղա, մինչդեռ բնական համամասնություն է համարվում 100 աղջկա դիմաց 105 տղան։
«Նախորդ տարվա ցուցանիշով՝ մենք ունեցել ենք 108.8 տղայի ծնունդ 100 աղջկա դիմաց, իհարկե սա հեռու է բնական նորմայից։ 2022թ․ առաջին կիսամյակում մենք նորից ունեցել ենք աճ՝ 3 միավորով, 110 տղայի դիմաց 100 աղջիկ է ծնվել, սակայն սա ամփոփ ցուցանիշ չէ, քանի որ մենք տարին դեռ չենք ամփոփել»,– ասում է Լուսինե Սարգսյանը։
Դրական միտում, իհարկե, կա, սակայն Հայաստանում դեռ առկա է տղա երեխաներին նախապատվություն տալու հանգամանքը՝ արձանագրում են մասնագետները։ 2 սեռի երեխաների նկատմամբ հավասար վերաբերմունքի ամենաբարձր ցուցանիշն այսօր Կոտայքի մարզում է՝ ասում է հետազոտական խմբի անդամ Կարեն Այվազյանը։ Այստեղ հարցվածների 77%-ն ասել է, որ երեխայի սեռի որևէ նախապատվություն չունի։
«2022թ․ հետազոտությունը ցույց է տալիս, որ հավասար վերաբերմունք ցուցաբերողների կշիռը նվազել է բոլոր մարզերում․ այսինքն եթե 2017թ, օրինակ, Գեղարքունիքում 75%–ն ասում էր, որ հավասար վերաբերմունք է ցուցաբերում 2 սեռերի նկատմամաբ, այս տարի հետազոտությունը ցույց է տալիս, որ այս ցուցանիշը նվազել է մինչև անգամ 60%-ի»,– մանրամասնում է Այվազյանը։
Ընդհանուր առմամբ, բոլոր մարզերում աճել է տղա երեխաների նախապատվության ցուցանիշը։ ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամը հարցումներով փորձել է պարզել նաև այս կամ այն սեռին նախապատվությունը տալու պատճառները։ Տղա երեխային նախապատվություն տվող ընտանիքների 91%–ը նշում է, որ տղաները տոհմը շարունակողն են, 83%–ը կարծում է, որ նրանք հայրենիքի պաշտպաններն են, և 67%–ը նշել է, որ որդիները ունեցվածքի ժառանգորդն են։
«Աղջիկ երեխային նախապատվությունը տվողներից 67%–ը նշել է, որ դուրստրը միշտ պատրաստ է օգնել ծնողներին, 10%–ն ասում է, որ ընտանիքում աղջիկները քիչ են, այդ պատճառով էլ ուզում են աղջիկ ունենալ և 5%–ը նշել է, որ աղջիկների նկատմամաբ ընտանիքում սերը մեծ է։ Եթե փորձենք մի փոքր խմբավորել, երկու դեպքում էլ պատճառները սոցիալ–տնտեսական, մշակութային և նաև անվտանգային են։ Տղաները դիտվում են որպես տնտեսական բարեկեցության միջոց և նաև անվտանգության երաշխավոր, աղջիկներն էլ դիտվում են որպես ընտանիքին օգնող էակներ»,– ասում է Կարեն Այվազյանը։
Վերլուծությունն իրականացրած հետազոտական և խորհրդատվական ընկերության հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանը շեշտում է՝ հարցումներին մասնակցել են բացառապես կանայք, հարցազրուցավարները ևս կանայք են եղել, այսպիսով փորձել են ապահովել մասնակիցների մաքսիմալ անկաշկանդ ու անկեղծ լինելը։
«Ֆոկուս խմբեր են իրականացվել ոլորտի մասնագետների, որոշում կայացնողների հետ, որպեսզի հնարավորինս ներգրավենք բոլոր շահագրգիր կողմերի կարծիքը հետազոտոթյան մեջ»։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշը ավելի է սրվում հատկապես 2-րդ և հաջորդ երեխաների դեպքում։ Առաջին հղիությունից ծնված աղջիկ և տղա երեխաների դեպքում համամասնությունը մոտ է բնականին, չնայած որ այս պարագայում ևս մարդիկ, որպես կանոն, նախապատվությունը տալիս են տղաներին։ Արդեն երկրորդ հղիության դեպքում անհամամասնությունը սկսում է աճել։
«2022–ի տվյալներով ծնված երեխաների ամենախիստ անհամամասնությունը 4-րդ երեխաների պարագայում է, իսկ 2017թ հետազոտությունները ցույց են տալիս 3-րդ երեխայի դեպքում։ Ստացվում է, որ 3-րդ հղիությունից հետո աճում է իգական սեռի պտղով հղիությունների արհեստական ընդհատումերի քանակը»,– մանրամասնում են հետազոտությունն իրականացնողները։
Հարցումներին մասնակցած կանանց գերակշիռ մասն անկեղծացել է, որ ամուսինները առաջին երեխայի դեպքում նախապատվությունը տվել են արական սեռի երեխային։ ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը գտնում է, որ այդ հարցում անելիքներ դեռ շատ կան, տվյալները հեռու են բավարար լինելուց։ Նա ասում է, որ իրենց նպատակը սեռերի նախապատվությունը հավասարեցնելն է․ եթե այսօր քիչ են երեխաները վաղը քիչ կլինեն ծնողները։