1990 թվականից հետո միջազգային իրավունքը վաղուց փոխակերպվել է գերտերությունների  սահմանած վարքագծի կանոնների` կարծում է Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում սահմանադրական իրավունքի մասնագետը անդրադարձել է Հայաստանի կողմից 1998 թվականին ստորագրված, սակայն չվավերացրած Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատելու հարցին։ 

Դեկտեմբերի 29-ին հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային` Հաագայի դատարան: Ըստ ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի` ՀՀ-ն խնդրում է դատարանին Ադրբեջանից պահանջել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ու ազատ տեղաշարժը։

Ցանկացած նախաձեռնության համար հարկավոր է կանխատեսել դրա վերջնական արդյունքը` կարծում է Վարդան Այվազյանը։ Ըստ նրա` Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը Հայաստանի իշխանությունները պայմանավորում են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները իրավական գնահատականի արժանացնելու հետ, սակայն խնդիրն ունի նաև մեկ այլ մտահոգիչ կողմ։

«Այս գործընթացով հայկական կողմն իրավական պարտավորություն է վերցնում կատարելու Հռոմի միջազգային քրեական դատարանի իրավական վճիռները։  Բայց եթե Ադրբեջանը ընդհանրապես չի ստորագրել  այդ ստատուտը, և այդ երկրի վրա չի տարածվում Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, ապա նման դեպքում այս նախաձեռնությունը չունի որևէ արդյունավետություն։ Ադրբեջանը լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, ցինիկաբար արհամարհում է ՄԻԵԴ–ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, ՄԱԿ-ի ԱԽ շատ որոշումներ, տարբեր երկրների կոչեր։ Եթե միջազգային քրեական դատարանի իրավասությունը Ադրբեջանի վրա չի տարածվում, ապա այս գործընթացը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ և հակադարձ ուժով հնարավոր է գործի մեր երկրի քաղաքացիների դեմ։ Այսինքն՝ նախորդ 30 տարվա Արցախյան ազատամարտի փառահեղ հաղթանակի մասնակիցները, անկախ զբաղեցրած պաշտոնից, կարող են հայտնվել ռիսկային գոտում. ստատուտը վավերացրած ցանկացած պետության միջոցով  Ադրբեջանը կարող  է գործընթաց ձեռնարկել և «բաղձալի» նպատակին հասնելու համար ստիպել Հայաստանին հանձնել  ռազմական մեր գործիչներին»,- նշում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։

Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը շեշտում է, որ Ադրբեջանի նման ռազմական հանցագործություն իրականացրած երկրները, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են գործել,  այնքան էլ միամիտ չեն, որ միջազգային կառույցների իրավասությունն ընդունելով ստանձնեն  նման պատասխանատվություն, հենց դա է պատճառը, որ այդ երկրները չեն վավերացնում Հռոմի կանոնադրությունը։ 

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը հիշեցնում է, որ Հռոմի միջազգային քրեական դատարանի որոշումները պարտադիր ուժ ունեն այն պետությունների համար, որոնք վավերացրել են այդ ստատուտը, Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Հռոմի կանոնադրությունը, բայց դեռևս չի վավերացրել։ Մերձավոր Արևելքի երկրները, այդ թվում նաև Ադրբեջանը, ոչ միայն չեն վավերացրել, այլև չեն ստորագրել միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը,  իսկ ԱՄՆ-ը, Ռուսաստանը ստորագրությունը հետ են կանչել։

«1990 թվականից հետո միջազգային իրավունքը վաղուց փոխակերպվել է գերտերությունների կողմից սահմանված վարքագծի կանոնների։ Երկբևեռ աշխարհակարգի` Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում միջուկային զենքի սպառնալիքի ներքո գերտերություններն անշեղորեն կատարում էին ՄԱԿ-ի հանձնարարարկաննները, չնայած դրանք պարտադիր իրավական ուժ չունեին։ Խորհրդային Միության փլուզումից հետո մոլորակն անցավ միաբևեռ աշխարհակարգի և միջազգային իրավունքը հուղարկավորվեց։ Այսօր արդեն տեղի ունեցող իրադարձությունները նոր աշխարհակարգի ձևավորմանն են միտված, մինչև այս գործընթացը չավարտվի, մենք երբեք չենք կարող խոսել միջազգային իրավունքի արդունավետության մասին։ Եթե միջազգային իրավունքը գործեր, ապա նման իրավիճակ չէր ստեղծվի»,- ասում է Վարդան Այվազյանը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն