Տարածաշրջանում 2023թ.-ին աշխարհաքաղաքական զարգացումները և նոր փոփոխությունները հիմնականում պայմանավորված կլինեն ուկրաինական պատերազմով՝ հաշվի առնելով, որ դրանում ներգրավված է աշխարհի ուժային կենտրոնների մեծ մասը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։

Վերջինս նշեց, որ Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները ևս կախված կլինեն ուկրաինական պատերազմի զարգացումից։

«Ադրբեջանաթուրքական տանդեմի գործունեությունն այսօր բավականին լուրջ տատանում է ապրել և Թուրքիայի սատարումը Ադրբեջանին՝ կիրառական առումով, զգալի չէ, չի երևում այն ռազմատենչությունը, որը եղել է նախկինում։ Այս պահի դրությամբ էլ թուրքերը դուրս են բերում իրենց զորքերը այն տարածքներից, որտեղից երբևէ չպետք է դուրս գային, դրանք թուրք-օսմանների շահերի տարածքներն են։ Բոլորը, այնուամենայնիվ, ուկրաինական ճակատում սպասում են ինչ-որ լուրջ կամ որոշիչ հանգուցալուծման»,- ասաց Խաչատրյանը։

Քաղաքագետը ընդգծեց, որ մեր տարածաշրջանում ուժերի վերադասավորումը պայմանավորված է երկու վեկտորների՝ Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ բախմամբ։

«Ընդ որում, Արևելք-Արևմուտք շահերի բախումը անցնում է «Զանգեզուրի միջանցք»-ով։ Ստեղծված իրավիճակում էական նշանակություն ունի, թե մենք ինչպիսի մոտեցում ցույց կտանք մեր բանակին։ Պետք է ցույց տանք, որ բանակը հասարակության կարևորագույն օրգանն է։ Հայաստանում պետք է լինեն զորավարժություններ, որոնք իրենց մեջ կրում են շատ լուրջ լիցք։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հնդկաստանը հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանին օգնել 3 ուղղությամբ, բայց քանի որ կառավարման համակարգը կաթվածահար էր, այդ օգնությունը հնարավոր չեղավ տեղ հասցնել։ Հիմա պետք է օգտագործել այդ հնարավորությունը։ Անցյալի սխալներից դասեր քաղելը ամոթ չէ, շատ ավելի ծանր է դրանք կրկնելը։ Եթե ստեղծված իրավիճակում կարիք լինի կռվելու, մենք պետք է կռվենք, որովհետև բոլոր այն դեպքերում, երբ ժողովուրդը մտածել է կորուստների մասին, ոչնչացվել է։ Գենոցիդի ալիքը միշտ պտտվում է Մերձավոր Արևելքում, «Արաբական գարունը» դրա վառ ապացույցն է, որին զարգացած Արևմուտքը մնաց անհաղորդ»,-նշեց քաղաղագետը։

Վերջինիս խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը, Արևմուտքի հովանավորությամբ, արել են ամեն ինչ, որպեսզի բացվի «Զանգեզուրի միջանցքը», սակայն դա հնարավոր չեղավ առաջին հերթին Իրանի հակակշռման արդյունքում։

«Ադրբեջանը հսկայական ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացրել, որոնց տրամաբանական ավարտը պետք է լիներ «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

Բայց ինչպես տեսնում ենք, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան այս պարագայում սեփական կամքի դրսևորումներ չեն կարող ունենալ։ Այս երկու երկրները կառավարելի են կոնսոլիդացված Արևմուտքի կողմից, որի մի մասն են հանդիսանում։ Ստացվում է, որ Ադրբեջանը և Թուրքիան արել են հսկայական ծախսեր, բայց միջանցքի խնդիրը առկախվեց, որովհետև նախ Արևմուտքը համարեց, որ ճիշտ պահը չէ բախվել Իրանի հետ։ Բացի այդ, վտանգ կա, որ Հեռավոր Արևելքում ռազմական կոնֆլիկտ կարող է պայթել, որի դեպքում կջլատվեն Արևմուտքի ուժերը։ Այս վտանգավոր իրավիճակում միայն Հայաստանն է, որ որպես նավ կարող է անցնել այս փոթորկող օվկիանոսը, մյուս բոլոր նավակները այդ օվկիանոսը անցնելու համար չեն»,- ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս հնչեցրած այն հայտարարությանը, որով քննարկվում էր Արցախում բազմազգ խաղաղապահներ տեղակայելու հնարավորությանը, Վարդան Խաչատրյանը նշեց․

«Եթե հաշվի առնենք, որ այս բազմազգ կոնտինգենտը պետք է կազմված լինի շվեդներից, նորվեգներից, ապա դժվար եմ պատկերացնում, որ նրանց ներկայությունը պետք է հանգեցնի ինչ-որ արմատական փոփոխության։ Մենք երբևէ չենք տեսել այդ միջազգային կոնտինգենտի կոշտ լինելը։ Սառը պատերազմի գործողություններ են այսօր տեղի ունենում Արցախում, այդ պայմաններում բերել շվեդներին, նորվեգներին, կարող է հիշեցնել Հարավսլավիայի հայտնի դեպքերը, երբ առաջին իսկ կրակոցից միջազգային կոնտինգենտը պարզապես փախավ։ Ցույց տվեք մի տեղ, որտեղ խաղաղապահհների գործողությունների արդյունքում խնդիրները վերջնական լուծում են ստացել, չկա այդպիսի դեպք»։

Քաղաքագետը նշեց, որ Լաչինի միջանցքի փակումը ուղղակիորեն կապված է ռուս ուկրաինական պատերազմով։

«Ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից Ուկրաինան պահանջում է մտնել պատերազմական գործողությունների մեջ Ռուսաստանի հետ։ Այդ քողի ներքո Ալիևը  փորձում է ցույց տալ, որ սա ևս հակառուսական քայլ է։ Հաշվի առնելով այն օգնությունը, որը Ալիևը ստացել է Արևմուտքից, չի կարող մերժել նրան։ Կարող ենք ասել, որ Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի դեմ պայքարի մեջ մտնելու ոսկե միջին տարբերակն է Ադրբեջանի համար»,- ասաց քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն