Միայն դիմադրելոʹվ է հնարավոր Հայաստանը դուրս բերել աշխարհաքաղաքական թակարդից
Միայն դիմադրելոʹվ է հնարավոր Հայաստանը դուրս բերել աշխարհաքաղաքական թակարդից: Թշնամուն արված զիջումները Հայաստանին մտցնում են զիջումների անվերջանալի շղթայի մեջ: Հայաստանը ոʹչ առաջին, ոʹչ էլ վերջին երկիրն է, որը ճշգրիտ հաշվարկված և կազմակերպված դիմադրության դեպքում կարող է չեզոքացնել մարտահրավերները :
Վերջերս Բաքվի բռնապետը, այսպես կոչված՝ աշխարհի ադրբեջանցիների օրվա կապակցությամբ, կրկին խոսել է իր նկրտումների մասին, կրկին սպառնացել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ Զանգեզուրի միջանցքի բացման մասին պնդելով, թե Հայաստանը ուզենա թե չուզենա՝ մենք Զանգեզուրի միջանցքը ամեն գնով բացելոʹւ ենք, թե ամեն ինչ ծրագրվաʹծ է և ծրագրով առաʹջ է գնում:
Ճիʹշտ է, նման հոխորտանքները Ալիևի կողմից առաջին անգամը չեʹն, բայց այս անգամ դրանք զուգադիպել են Բերձորի միջանցքի փակման հետ: Բերձորի միջանցքի փակումը Բաքվի հերթական սադրիչ և շարունակական գործունեությունն է, որը 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև այսօր շարունակվում է: Ակնհայտ է, որ Բերձորի միջանցքի փակումը Արցախի հայաթափման, հանձնման, ու նաև՝ Զանգեզուրի միջանցքը ստանալու նպատաʹկն են հետապնդում: Այսպես Բաքուն օր - օրի մեծացնում է ճնշումը պաշտոնական Երևանի վրա, մինչև վերջինիս հասցնի ծայրահեղ վատ իրավիճակի և կարողանա, այսպես կոչված, խաղաղության պայմանագրում Արցախի, Զանգեզուրի, Սյունիքի և Հայաստանի այլ տարածքների հարցը վերջնականապես լուծի, ու Հայաստանին մի նոր կապիտուլյացիա պարտադրի:
Ադրբեջանի քայլերը բոլորը ծրագրավորված և շղթայական են: Ադրբեջանի և իր թիկունքում կանգնած պետությունների՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը շարունակվում է տնտեսական, ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական մակարդակներում. Հայաստանին պահում են շրջափակման մեջ, շարունակական ռազմական սպառնալիքների ներքո:
Սկզբում Ադրբեջանն ու Թուրքիան ուզում էին Զանգեզուրի միջանցքի հարցը լուծել ռազմական ուժի գործադրմամբ: Եվ այդ մասին Ալիևը բազմիցս հայտարարել է: Իրանի ռազմաքաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների խիստ զգուշացումը, նաև՝ պարբերաբար Իրանի Զինված Ուժերի լայնածավալ զորավարժություններն ու դիմադրությունը Ադրբեջանի հետ սահմանին, ժամանակավորապես զսպեց ու կանխեց Ադրբեջանի ոտնձգությունը՝ ուժով լուծելու Զանգեզուրի միջանցքի հարցը: Բայց իրենք շարունակեցին մեծացնել ճնշումը դիվանագիտակաʹն հարթակում և փորձել նպատակին հասնել աʹյս հարթակում:
Ադրբեջանը, Թուրքիան և այլ շահագրգիռ պետություններն ամեն ինչ անում են, որ Զանգեզուրի միջանցքը բացեն և իրենց համար այս նպաստավոր ժամանակահատվածում լուծեն իրենց դարավոր երազանքներն ու խնդիրները: Եվ թուրքական աշխարհը միավորեն:
Եթե նորից դիվանագիտական ճակատում, բարձր ճնշումների ներքո, չհասնեն իրենց նպատակին, ապա ամենայն հավանականությամբ, հարմար աշխարհաքաղաքական իրավիճակում, կրկին անգամ կփորձեն ուժով լուծել Արցախի, Զանգեզուրի միջանցքի, Սյունիքի, և ինչու չէ՝ Հայաստանի աʹյլ տարածքների հարցը:
Աշխարհում, Արևմուտքի ու Արևելքի առճակատումը, օր - օրի ավելի մեծ թափ է վերցնում: Քաղաքական, տնտեսական, ռազմական բախումը աշխարհի երկու բևեռների միջև գնալով ընդլայնվում է: Տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում առճակատումը պահանջում է տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային միջանցքների փոփոխություն, ամեն կողմը փորձում է իր շահերից ելնելով լուծել աշխարհաքաղաքական խնդիր դարձած տարածաշրջանային կարևորության միջանցքների հարցը:
Ցավոք, Հայաստանը կանգնած է տնտեսական և էներգետիկ միջանցքների մրցակցության տարանցիկ խաչմերուկում: Ռազմական առումով, արևմուտքի և արևելքի առճակատումը Մերձավոր Արևելքից ի սկզբանե փոխանցվեց Անդրկովկաս՝ արցախյան վերջին պատերազմով, այնուհետև փոխանցվեց Արևելյան Եվրոպայի տարածաշրջան՝ ռուս - ուկրաինական պատերազմով: 2020թ. -ին արցախյան պատերազմից հետո աննախադեպ ակտիվացել ու շատացել են Անդրկովկասի տարածաշրջանում խաղացողները՝ Արևելք-Արևմուտք առճակատման ֆոնին: Եվ այսպես, մեկը մյուսին փորձում է դուրս հանել աշխարհաքաղաքական այս մեծ խաղից և ամրապնդել իր սեփական դիրքերն ու շահերը Անդրկովկասում:
Ցավոք, ներկա պահին Ադրբեջանը կարողանում է ավելի շատ սպասարկել երկու բևեռների շահերը՝ իր շահերից ելնելով: Իսկ Հայաստանը շատ ավելի թույլ դիրքում է տարածաշրջանում: Մենք պիտի գիտակցենք, որ Արևելքի ու Արևմուտքի առճակատումը՝ Ուկրաինայից հետո, շատ հնարավոր է կրկին տեղափոխվի մեր տարածաշրջան, հատկապես՝ Հայաստանի և Իրանի վրայով … Հայաստանը պիտի ճիʹշտ հաշվարկներ անի՝ անվտանգ դուրս գալու համար այս վտանգավոր իրավիճակից: Սխալ հաշվարկների ու իրավիճակը ճիշտ չընկալելու դեպքում, Հայաստանին սպասում են պետականության և տարածքային անդառնալի կորուստներ:
Հայաստանը չպեʹտք է վերածվի Արևելքի ու Արևմուտքի առճակատման ևս մի թատերաբեմի՝ Իրաքի, Սիրիայի և Ուկրաինայի տարբերակով: Բախման օջախը, բացի Հայաստանի ու Արցախի կորստից, կհասնի նաև Իրանին: Այս տեսանկյունից, Լաչինի միջանցքի փակմանը՝ Ադրբեջանի և իր թիկունքում կանգնած պետությունների կողմից, կարող է հաջորդել Զանգեզուրի միջանցքի բացման կրկնակի փորձը: Իրենք կգնան ամեն սադրանքի, կփորձեն անել ամեն ինչ, որ իրենց դարավոր երազանքը կատարվի: Նման դավադիր սցենարի դեպքում՝ Իրանիʹն էլ կներքաշեն պատերազմի մեջ, որովհետև Իրանի Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանը Իրանի հակառակորդների համար թիրախային ճակատներից մեʹկն է, որի վրա տարիներով աշխատել են: Անդրկովկասը վերածվել է աշխարհի ուժային կենտրոնների առճակատման և մրցակցության էպիկենտրոնի: Պակիստան - Հնդկաստան, Արևմուտք - Արևելք, Եվրոպա-ԱՄՆ-Ռուսաստան, Իրան-Իսրայել-Թուրքիա. բոլոր այս հակասություններն ու շահերի բախումներն արդեն կուտակվաʹծ են Անդրկովկասում, հատկապես՝ Հայաստանում: Մի փոքր կայծ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Հայաստանը չպիʹտի վերածվի աշխարհի ուժային կենտրոնների բախման թատերաբեմի՝ իր բոլոր հնարավոր ողբերգական հետևանքներով: