Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով եւ Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին խոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի եւ ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ հանդիպմանը: Հյուրերի խնդրանքով պատգամավորը նախ անդրադարձել է Արցախում տիրող իրադրությանը, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին:

«Արցախի հարցը տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ հարյուրամյակներ ապրող հայերի ինքնորոշման իրացման հարցն է, որը բխում է միջազգային իրավունքից: Այնտեղ ապրող մարդիկ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունք ունեն»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:

Նշենք, որ Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները՝ հանուն ներառական ժողովրդավարության» ծրագիրը: Վուտեր Դոլը նշել է, որ այցի նպատակն է ուսումնասիրել եւ պարզել, թե մեր երկրում իրենց ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորություններ կան: Հյուրերը ներկայացրել են ծրագրի նպատակը, հիմնադրույթներն ու սկզբունքները, ժողովրդավարական մշակույթ ձեւավորելու իրենց տեսլականը:

Տիգրան Աբրահամյանն իր հերթին մանրամասնել է իրենց կուսակցության (ՀՀԿ) անցած ուղին, միջազգային գործընկերների հետ գործակցության առանցքը եւ ծրագրի շրջանակում համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը փոխգործակցության հեռանկարներն ու կոնկրետ ուղղություններն առաջիկայում քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն