Գործող դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության ստուգում: Արդարադատության նախարարությունը առաջարկում է ներդնել իրավական ոլորտում աշխատող պաշտոնյաների բարեվարքության ստուգման համակարգ, որը հնարավորություն կտա պարբերաբար ուսումնասիրելու պաշտոնատար անձանց գործունեությունը՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու համար:

Հասմիկ Տիգրանյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար) - Նախ՝ ունի կոռուպցիոն ռիսկերի զսպման մեխանիզմ, այսինքն՝ պաշտոնավոր անձինք՝ իմանալով, որ իրենց բարեվարքությունը ստուգվում է, առավել աչալուրջ են կոռուպցիայի տեսանկյունից հակվածություն ունենալու համատեքստում, և մյուս տեսանկյունից հնարավորություն է տալիս ընթացքում բացահայտել այն պաշտոնատար անձանց, որոնք այս կամ այն ձևով հնարավոր ռիսկային գոտում են գտնվում կոռուպցիայի տեսանկյունից: 

Նախարարությունը նմանատիպ համակարգ ներդրել էր դեռ 2020-ին, որով ստուգվում էր դատավորների և դատախազների թեկնածուների բարեվարքությունը, սակայն, ըստ Տիգրանյանի, անհրաժեշտություն առաջացավ բարեվարքությունը ամրապնդել նաև գործող պաշտոնատար անձանց շրջանակում: Անձը ստուգվելու է թե՛ համակարգ մտնելուց առաջ, թե՛ աշխատանքային գործունեության ընթացքում: Նրա մասին հավաքվելու է համակողմանի տեղեկություն, մեծ ուշադրություն է դարձվելու կենսագրությանը:

Հասմիկ Տիգրանյան - Նախ՝ ստուգվում է անձի գույքային դրությունը, այսինքն՝ ինչ եկամուտ ունի, ինչ ծախս ունի, որքանով են առկա գույքը, եկամուտը հիմնավորված, և վերջինիս ընտանիքի անդամներն են այդ առնչությամբ ստուգվում, երկրորդիվ ստուգվում է՝ արդյոք անձը որևէ քրեական, վարչական պատասխանատվության, կարգապահական ենթարկվե՞լ է, թե՞ ոչ: Արդյոք քրեական ենթամշակույթին հարում ունի՞, որևէ կապեր ունի՞: 

Տիգրանյանի խոսքով՝ դեռ քննարկվում է ստուգումը չհաղթահարած անձանց պատասխանատվության ենթարկելու տարբերակները: Կախված արարքից՝ անձը կարող է նույնիսկ համակարգից հեռացվել: Նախագծի ընդունման դեպքում գործընթացը փուլ առ փուլ է իրականացվելու: Ստուգումը պարտադիր է լինելու բոլորի համար:

Հասմիկ Տիգրանյան - Առաջնահերթ կստուգվեն այն անձինք, որոնց բարեվարքությունը մինչ այսօր չի ստուգվել: Հաջորդիվ ամբողջ ցիկլը ավարտելուց հետո նոր ուժի մեջ կմտնեն այն ընթացակարգերը, որոնք պարբերական մեխանիզմ են ենթադրում, այսինքն՝ երեք կամ չորս տարին մեկ ամբողջ համակարգը ենթարկվելու է այդ ստուգմանը: 

Նախարարությունում վստահ են՝ բարեվարքության ստուգման մեխանիզմի ներդրումը հնարավորություն կտա համակարգն անցնցում և իրավական եղանակով զտել անբարեխիղճ պաշտոնյաներից:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն