POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս ութերորդ)

Մարդուն բնորոշելիս բժիշկները սիրում են ասել, որ մարդն այն է, ինչ ուզում է: Գրքասերները պնդում են, որ մարդն այն է, ինչ կարդում է: Նիցշեն գրում էր, որ մարդն այն է, ինչ խոստանում է:

Այս ալգորիթմի տրամաբանությամբ փորձենք պարզել, թե ինչ է ազգը:

Ըստ իս, կարելի է ձևակերպել, որ ազգն այն է, ինչ դավանում է: Այսինքն՝ ազգի բնութագրիչը լավագույնս տրվում է իր արժեհամակարգի միջոցով, անկախ նրանից, թե այդ դավանանքի հիմքում ինչ է՝ Աստված, Հայրենիք, հարստություն, վայելքներ, փառք և այլն:

Պատկերացրեք հիմա այն ներքին սարսափը, որ կպատի մեզ, եթե փորձենք այս մեթոդը կիրառել ինքներս մեր նկատմամբ հիմա, ներկայիս հայ ժողովրդի հանդեպ… Լավագույն դեպքում ճարտասանական ճամարտակություններով կխուսափենք միանշանակ պատասխանից, իսկ առավել անկեղծ պատասխանները շատ ցավոտ կհնչեն 5000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի համար:

Սակայն փախչել այս հարցից չենք կարող, քանզի, ինչպես շեշտել եմ այս հոդվածաշարի մեկնարկին, «ի՞նչ է լինելու Նիկոլից հետո» հարցի պատասխանը մեծապես կախված է նաև «ո՞վ ենք մենք» անալիզի ճշգրիտ ախտորոշումից: Ավելին, նորից կրկնեմ այն աքսիոմատիկ պնդումը, որ քաղաքականությունը և բարոյականությունը շաղկապված ֆենոմեններ են:

Կարելի է ենթադրել, որ հայ ժողովրդի հավաքական բարոյական նկարագիրը, իր արժեհամակարգային բաղադրությունը հիմնականում բաղկացած է հետևյալ աղբյուրներից առաջացած արժեքներից.

1. Հավատք (քրիստոնեական արժեքներ),

2. Էթնոս (ազգային արժեքներ),

3. Պետություն (քաղաքացիական արժեքներ),

4. Անձ (անհատական արժեքներ):

Այս աղբյուրներից եկած արժեքները տարբեր բնույթի են, երբեմն իրար բացառող են և մեր նորագույն պատմության ընթացքում տարբեր հարաբերակցություններով են դրսևորվել հանրային բարոյականության տիրույթում:

Կցանկանամ այս պահին կենտրոնանալ հավատքից բխող արժեքների պահպանման և վերաիմաստավորման վրա, սակայն ոչ թե՝ «անձի փրկության», այլ՝ «ազգի փրկության» տեսանկյունից:

Դեռևս Դոստոևսկին էր գրում, որ եթե Աստված չկա, ապա թույլատրելի է ամեն ինչ: Ազգերի պարագայում թույլ տվեք պնդել, որ եթե ազգը չունի Աստված, ապա այդ ազգի հետ կարելի է անել ամեն ինչ:

Սա է պատճառը, որ հայկական ինքնության դեմոնտաժին ուղղված հրեշավոր օպերացիան, որն իրականացվում է սոցիալական ինժեներիայի նորագույն մեթոդներով, ազգայինի հետ միասին, ի սկզբանե թիրախավորել է նաև հոգևորը: Եվ այս հանգամանքն ունի նաև իր կառուցվածքային հստակ բացատրությունը:

Մեր ազգի էլեմենտար միավորը, նրա ատոմը Հայ Մարդն է, որի երկու բաղադրիչներում էլ՝ Հայ և Մարդ, հազարամյակների ընթացքում իր արմատներն է գցել քրիստոնեությունը: Իրոք, «հայկական» քրիստոնեությունը մեր ինքնության կարևոր հենասյուներից է, Հայի ազգային ունիկալության մարկերներից մեկը, անգամ անկախ այն հանգամանքից, որ ժողովրդի 90%-ը գուցե չկարողանա բանաձևել մեր և մյուս քրիստոնեական եկեղեցիների դավանաբանական տարբերությունները: Մյուս կողմից քրիստոնեությունը նախ ունիվերսալ բնութագրիչ է Մարդ հասկացության համար՝ հաշվի առնելով նրա հսկայական ազդեցությունը մեր քաղաքակրթության վրա:

Ուստի հարվածելով քրիստոնեությանը՝ մեզ վրա սոցիալական փորձարկումներ անող գլոբալիստական լաբորատորիաները գործող վարչակազմի ձեռամբ խփում են միանգամից երկու նշանակետի՝ մեր մեջ թուլացնելով, խոցելով թե՛ Հային, թե՛ Մարդուն:

Գրածս բացարձակապես առաքելականության քարոզ չէ: Վերջիվերջո, յուրաքանչյուրս ինքնուրույն ենք տնօրինում մեր խղճի ազատությունը: Վտանգավոր են ոչ թե այլ Աստված դավանող, այլ անաստված մարդիկ: Խղճի ազատությունը չի կարող վերածվել ազատությանը՝ խղճից:

Ասածս այն է, որ անկախ մեր կրոնական հայացքներից՝ անթույլատրելի է մոռանալ հոգևորի մասին: Անգամ, եթե չեք հավատում Աստծո գոյությանը, քրիստոնեական բարոյագիտությունը պարտադիր կերպով պետք է մեզանում գոյություն ունենա թե իր հայկական՝ ունիկալ, թե մարդկային՝ ունիվերսալ դրսևորումներով: Մի կենցաղային օրինակ. Մեզանից 99%-ը չգիտի, թե ովքեր են ստեղծել բջջային հեռախոսները, թե ինչ տեխնոլոգիաներ են դրանց հիմքում, թե ինչպիսին է դրանց միկրոչիպերի դիզայնը, սակայն դրանք մեր առօրյա կիրառման գործիքներն են:

Ըստ ոմանց, գուցե Աստված չկա, սակայն անքննելի է, որ կա իր հետ շաղկապված, ասոցիացվող «օպերացիոն» համակարգը՝ արժեքների վրա խարսխված բարոյագիտությունը, որը փաստացի Հայ Մարդու մեջ ներբեռնված է և install է արված by default, և որը փորձում են մեր միջից ջնջել՝ առաջարկելով մոդայիկ, նորաձև, սակայն բաց փորով, հեշտ կոտրվող, վիրուսներ չորսացող, տրոյական ձիու վարքագիծ դրսևորող այլ «օպերացիոն համակարգեր»:

Ընդհանրական արժեքները, որոնց մեջ հայ ժողովրդի դեպքում քրիստոնեությունը խիստ բնորոշիչ նշանակություն ունի, ցանկացած առանձին հանրույթը ժողովուրդ դիտարկելու առաջնային նախապայմաններից են: Ավա՜ղ, մենք անմիտ կերպով վատնեցինք նախորդ հաջողություններից ստացած ուժը և չունենք այլընտրանք, քան այսօրվա անհաջողությունների մեջ վերագտնել ոչ միայն մեր խիզախությունը, այլև բարոյականությունը, որն անհնար է պատկերացնել առանց հոգևոր բաղադրիչի: Դեռևս Մաքիավելին էր շեշտում, որ «պետությունը պետք է կրոնականություն ունենա, որպեսզի միասնական լինի և բարի»:

Խիզախություն է հարկավոր որոշ արժեքներ առաջնային, կարևորագույն, կենսական համարելու համար: Առանց դրա հնարավոր չէ դուրս գալ տիղմից, փրկվել մեզ իր գարշահոտ երախը ներծծող ճահճից: Հնարավոր չէ ցատկել՝ առանց ոտքերի տակ զգալու սեփական հողը, առանց հենման կետի:

Բարոյական նիհիլիզմը, որով մեզ վարակել են, մահաբեր հիվանդություն է, որը, սակայն, հնարավոր է բուժել: Այո, պետությունը պատկանում է ժողովրդին, բայց մարդկանց կամայական զանգված ժողովուրդ չէ, եթե միավորված չէ ոչ միայն շահերի ընդհանրությամբ, այլև, եթե սոսնձված չէ բարու և չարի, ճիշտ ու սխալի մասին ընդհանուր պատկերացումներով:

Հ.Գ. Պողոս առաքյալը Սալոնիկի քրիստոնյաներին ուղղված իր երկրորդ նամակում գրում էր. «Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը և հաճույք փնտրեցին անօրենության մեջ»:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.09.2023թ.


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն