Արցախի հայերը՝ Փարիզի պատվավոր քաղաքացիներ․ ինչի՞ մասին է դատապարտող-գոտեպնդող բանաձևը
Այսպես՝ Փարիզի քաղաքային խորհրդի որոշմամբ Արցախի հայերին Փարիզի պատվավոր քաղաքացիություն շնորհվեց։ Ընդունված բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդն իր բողոքն արտահայտեց Ադրբեջանի հանցագործությունների դեմ և դատապարտեց արցախցիների դեմ իրականացվող ցեղասպանական գործողությունները։
Արցախցիներին Փարիզի պատվավոր քաղաքացիություն տվող բանաձևն իր հետ նոր հարցեր բերեց, օրինակ՝ ի՞նչ կարող է անել արցախցին այդ կոչման հետ։ Պատրասխանը փնտրում ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ․
«Փարիզի քաղաքային խորհրդի ընդունած բանաձևերի մասին խոսելուց առաջ կարող ենք հիշել Ֆրանսիայի խորհրդարանի 2 պալատների ընդունած 2 բանաձևերի մասին՝ դեռ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, նաև 2022-ին։ Դրանք վերաբերում էին Արցախի անկախության ճանաչմանը, Արցախի իրավունքներն, անվտանգությանը և այլն, և գնահաատենք, թե ի՞նչ ազդեցություն և ի՞նչ արդյունք են ունեցել այդ բանաձևերը Արցախի ճակատագրի վրա։ Ըստ այդմ՝ մենք կարող ենք գնահատել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Փարիզի քաղաքային խորհրդի բանաձևը։ Մի կառույց, որը ֆրանսիական իշխանական հիերարխիայում իր դիրքով տեղային նշանակության կառույց է, անգամ համապետական չէ։ Ըստ այդմ՝ գնահատենք, թե այդ բանաձևերը, բացի բարոյական նշանակությունից, էլ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ»։
Հակոբ Բադալյանը շեշտում է՝ բնավ կասկածի տակ չեն դրվում Փարիզի քաղաքային խորհրդի բարի նպատակադրումը և անմնացորդ բարեկամական զգացումները Հայաստանի, մասնավորապես արցախահայերի նկատմամբ։
Սակայն, եթե կատարված քայլերը դիտարկում ենք գետնի վրա, ապա բացի բարոյական աջակցությունից, ուրիշ որևէ արդյունք կամ հեռանկար չի նշմարվում։ Փոխարենը քաղաքագետը հորդորում է ուշադիր լինել և հնարավոր օգուտը վնասի չվերածել․
«Արդյո՞ք պատվավոր քաղաքացու կարգավիճակը չի կարող դառնալ մեկնակետ, որ Հայաստան տեղափոխված՝ Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունենան Ֆրանսիա տեղափոխվելու հանարավորություն։ Արդյո՞ք սա չի կարող լինել առայժմ ֆորմալ հնարավորություն չտվող, բայց նախադրյալներ ստեղծող առաջին քայլերից մեկը։ Ի՞նչն է այստեղ մտահոգության առարկա․ մի քանի օր առաջ նաև Կիպրոսի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել՝ էթնիկ զտումը դատապարտելով, ինչը շատ կարևոր և ողջունելի է, բայց նաև այսպիսի մի արտահայտություն անելով, որ Կիպրոսը դիտարկում է իր տարածքում տեղահանվածներին տեղավորելու հավանակնությունը, մինչդեռ կասակածից վեր է, որ կարևորագույն խնդիր է տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում պատշաճ ապաստան տալու ու Հայաստանում իրենց կյանքը շարունակելու պատշաճ հնարավորություն տալու հանգամանքը»։
Հակոբ Բադալյանի խոսքով՝ պետք է հստակ պատասխան տալ՝ «ի՞նչ ենք ցանկանում» հարցին։ Առաջարկվող երկու տարբերակները․ պահել տեղահանվածների գործոնը՝ որպես քաղաքական խնդիր և պարբերաբար բարձրաձայնել այն, փորձելով Ադրբեջանին պատասխանատվության կանչել էթնիկ զտում իրականացնելու համար, թե՞ տարալուծել տեղահանված հայրենակիցներին, համալրել սփյուռքը և ազատել միջազգային քաղաքականության այն դերակատարներին, որոնց ուղղվող հարցեր կան։
Պատասխանը, Բադալյանի կարծիքով, բոլոր ջերմ ցանկությունների համար շնորհակալ լինելն է՝ աչալուրջ լինելու ունակությունը չկորցնելով։