Հայաստանի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքն ընդունվել է 90-ականներին և կարիք ունի հիմնովին վերափոխվելու, քանի որ տարիների ընթացքում այնքան է փոփոխությունների ենթարկվել, որ անգամ լեզվաբանական կամ կառուցվածքային առումով լուրջ բարդություններ է առաջ բերում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 25-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ «Հանրային առողջապահության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծով նախարարությունը ձեռնամուխ է եղել հանրային առողջապահության հարցերի ամբողջական կարգավորման:

Ըստ Ավանեսյանի՝ առաջին անգամ ՀՀ-ում կսահմանվեն հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները՝ հանրային առողջապահություն, հիվանդությունների իմունականխարգելում, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Կհստակեցվեն նաև հանրային առողջապահության բնագավառում Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, ֆիզիկական ու իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները: Կսահմանվեն նաև հիվանդությունների իմունականխարգելման կազմակերպման ու իրականացման պահանջները:

«Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո նաև ուժը կորցրած կճանաչվեն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության օրենքի որոշ դրույթներ և այլ օրենքների շրջանակներում կարգավորվող, բայց տվյալ ոլորտին վերաբերող մի շարք իրավանորմեր: Այսինքն՝ մենք կունենանք հանրային առողջապահության ընդգրկուն և բոլոր իրավահարաբերություններն իր մեջ պարունակող, ժամանակակից նոր մարտահրավերներին պատասխաններ պարունակող օրենք»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ նախագծի շրջանակում վերանայվել են նաև կարանտինի, կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման կարգավորումները, արդիականացվել են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելումն իրականացնելու պահանջները: 

Ըստ Ավանեսյանի՝ նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև կորոնավիրուսային փորձը, և այդ փորձի հիման վրա ևս որոշակի փոփոխություններ են կատարվել:

«Այո՛, կորոնավիրուսային վարակը կարծես թե անցավ, բայց ապագայում էլ, նաև կանխատեսումները վկայում են, որ վարակիչ հիվանդությունների տարբեր չափի բռնկումները դեռ մնում են շատ արդիական ռիսկ բոլոր երկրների համար»,- ասաց Ավանեսյանը: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն