Երկու տարի շարունակ «Խաղաղության պայմանագրի» կնքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խիստ հավանական էր գնահատվում, սակայն Երևանն այժմ նոր առաջարկ է արել Բաքվին՝ հիմնավորելով, որ «Խաղաղության պայմանագրի» կնքման ձգձգման դեպքում կարելի է գնալ այդ ճանապարհով։

Հայաստանի առաջարկը առնչվում է անվտանգային մեխանիզմներին։ Դրանց մասին վարչապետ Փաշինյանը խոսել է հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի տոնական միջոցառման ժամանակ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանը շարունակելու է գնալ այդ ճանապարհով։

Հայաստանը Ադրբեջանին անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ է առաջարկել է։ Արդեն հայտնի առաջարկների թվում կա նաև նորը։ Վարչեպետ Նիկոլ Փաշինյանը հավանական է համարում նոր ժամանակագրություն՝ Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» կնքելուց առաջ «Չհարձակման մասին» պայմանագրի ստորագրում։

«ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա ՀՀ որևէ տարածքի նկատմամբ։ Մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ։ Բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից»։

Հանրությանը այժմ հայտնի է անվտանգության առնվազն չորս երաշխիք, որ Հայաստանը առաջարկել է Ադրբեջանին։ Հայկական կողմի առաջարկներից ոչ մեկը Բաքուն դեռ չի ընդունել։

«Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո։ Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջրկել Ադրբեջանին։ Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև «Չհարձակման մասին» պայմանագրի ստորագրում այն պայմաններում, եթե կպարզվի, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը սպասածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը համոզված է, որ խաղաղության պայմանագրի համար երկար ժամանակ է պահանջվելու։ Իսկ Հայաստանի առաջարկած անվտանգային մեխանիզմները գործուն չի համարում։ Հայաստանի առաջարկը նա ավելի շուտ կապում է դիվանագիտական հռետորաբանության մեջ կիրառվող ինչ-որ դրվագի հետ։

Պատմությունից հայտնի «Չհարձակման մասին» ամենահայտնի պայմանագիրը կնքվել էր Հայրենական Մեծ պատերազմից առաջ նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ միջև։

«Փաստաթղթային որևէ մեխանիզմ՝ չհարձակման մասին պայմանագիր կամ սպառազինությունների վերահսկման պայմանագիր, որի մասին բարձրաձայնում է Երևանը, դրանք ամենևին չեն կարող անվտանգության հարցեր լուծել։ Դիվանագիտական հաշվարկից ելնելով, հնչում են այդ հայտարարությունները, բայց ես չեմ կարծում, որ Երևանը հավատում է, որ դրանք ունեն արդյունավետ առաջընթացի, Ադրբեջանի հավանության և իրականանալիության մեծ հնարավորություն։ Երևանը փորձում է ցույց տալ, որ ինքը առավելագույնս կառուցողական է խաղաղության պահպանման կամ խաղաղության արձանագրման գործընթացում, ցույց տալ, որ գործնական է տրամադրված այդ գործընթացը առաջ տանելու հարցում և այդ ֆոնին ցույց տալ, որ ապակառուցողական է Բաքուն։ Հայաստանի համար շատ կարևոր է շահել առավելագույնս շատ կայուն ժամանակ անկայունություններին առավելագույնս պատրաստվելու համար։ Ինչքանով է այդ պատրաստվելու արդյունավետությունը՝ սա արդեն առանձին քննարկման առարկա է»։

Քաղաքական վերլուծաբանը խիստ կասկածում է, որ ներկա փուլում աշխարհաքաղաքական զարգացումներում հնարավոր կլինի խաղաղություն կքնել առանձին վերցրած պետությունների միջև։

«Խաղաղությունը պետք է հիմնված լինի տարբեր գործոնների բալանսավորվածության վրա։ Ընդ որում ոչ միայն ռեգիոնալ, ոչ միայն անմիջականորեն երկկողմ Հայաստան-Ադրբեջան մակարդակում, այլ նաև՝ միջազգային մակարդակում, որովհետև բոլորս լավ հասկանում ենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցը դա աշխարհաքաղաքական հարց է և կապված է Կովկասի հանդեպ ընդանրապես աշխարհաքաղաքական հավակնությունների մրցակցության պայքարի հետ։ Իսկ քանի որ մենք տեսնում ենք, որ այդ պայքարը առայժմ գտնվում է ուժային ավելի ու ավելի լայն ծավալման տրամաբանության մեջ համաշխարհային մաշտաբով, դա գործնականում անիրատեսական է դարձնում առանձին վերցրած Կովկասյան ռեգիոնում առանցքային հարցերից մեկում խաղաղության պայմանագիր հաստատելը»։

Հայաստանից առաջարկված անվտանգության երաշխիքները, սակայն, գրավոր չեն փոխանցվել Ադրբեջանին, տեղ չեն գտել փոխանակվող առաջարկությունների փաթեթում, հաստատում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել։ Եթե լինեն համապատասխան դրական ազդակներ, բնականաբար, քննարկումները արդեն այլ փուլ կտեղափոխվի»։

Փոխարտգործնախարարի փոխանցմամբ՝ հունվարի 4-ին Ադրբեջանին ուղարկված «Խաղաղության պայմանագրի» տեքստի լրամշակումներին ադրբեջանական կողմը դեռ չի պատասխանել։ Վահան Կոստանյանի խոսքով՝ Բաքվից հայտարարություններ են հնչել, պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն