Այն ճանապարհները, որ ՀԽՍՀ տարածքից դուրս են գալիս, պետք է մի քիչ վերակառուցել այլ կերպ. վարչապետ
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հատվածում ՀՀ ճանապարհի մի կտոր գիծը հատում է և նորից մտնում է ՀՀ տարածք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանային ճշգրտումների հարցին:
«Նախկինում քննարկումների այնպիսի ֆոն կար, որ կարող է այնտեղ, որտեղ ճանապարհ կա և այլն, մենք հարցը լուծենք հետևյալ կերպ. ասենք՝ այդ ճանապարհի հատվածը պահենք, ուրիշ տեղից համարժեք չափով տանք և այլն, բայց ես հիմա եկել եմ այն եզրակացության, որ պետք չէ այդպես վարվել, որովհետև դա ստեղծում է լրացուցիչ անորոշություններ: Պետք է այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս դե յուրե Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից, մի քիչ վերակառուցել այլ կերպ»,- ասաց նա և նշեց, որ հանձնարարական է տվել ճանապարհի վերաբերյալ:
«Առաջիկայում պատեհ առիթով կգնամ և մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում և ինչու եմ այդպես մտածում»,- նշեց Փաշինյանը:
Խոսելով սահմանի հետ կապված Ադրբեջանի մոտեցումների մասին՝ վարչապետն ասաց հետևյալը. «Ադրբեջանի քաղաքականությունը հետևյալն է. որ ինչ-որ իր դե յուրե տարածքի մեջ է, և կարող է պարզվել, որ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, այդ ամեն ինչը Ադրբեջանը հետ վերցնի, իսկ այն, ինչ Հայաստանի դե յուրե տարածքի մեջ է, բայց ինքն է վերահսկում, այդ ամեն ինչը կվերադարձնի:
Այսինքն՝ լրահոսին, հայտարարություններին հետևող մարդը, որը վերլուծում է իրավիճակը, կարող է հանգել և մեծ հավանականությամբ հանգում է այս եզրակացության: Շարունակելով ավելի մանրամասն հետազոտել իրավիճակը՝ ինքը կասի, որ, գիտեք ինչ՝ այս իրավիճակին ճիշտ ռեակցիան հետևյալն է. եկեք դուք տվեք մեր դե յուրե տարածքները, մենք ձեր դե յուրե տարածքները կտանք: Հաջորդ պահին կհասկանա վերլուծություն իրականացնող մարդը, որ այս ձևակերպումը, երբ որ ինքն անում է իր տեսակետից, այն նույն կերպ կարող է օգտագործել հակառակ կողմը, և պրոցեսը կարող է որևէ ձևով այդ կետից առաջ չգնալ:
Այստեղ գալիս է հաջորդ հարցը. իսկ այս երկու կողմերից ո՞վ է ավելի շատ հետաքրքրված էսկալացիայով. այդ վերլուծող մարդը, մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ համադրելով, կարող է գալ եզրակացության, որ էսկալացիայով ոնց որ թե ավելի շատ հետաքրքրված է Ադրբեջանը, և հետևաբար, եթե այս զուտ հայելային խոսույթն է օգտագործվում, դա կարող է դառնալ էսկալացիայի պատճառ այն տրամաբանությամբ, որ, օրինակ, Հայաստանը մերժում է ինչ-որ մի գործընթաց: Հիմա՝ որպեսզի այս վերլուծող անձի ընկալումները և տրամաբանությունը և դրանից բխող ռիսկերը չզարգացնենք, մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք գնանք, տեղում տեսնենք, թե որտեղ ինչ կա, և որը ում տարածքն է, որտեղ է սկսվում Ադրբեջանի տարածքը, որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը, որպեսզի պրոցեսը մեռյալ տեղից շարժվի: Բայց մենք որտեղի՞ց պետք է իմանանք՝ որ կետում որ տարածքն է. պետք է նայենք դե յուրե հիմքը: Երբ որ մենք գնում ենք և դե յուրե գոյություն ունեցող հիմքը դարձնում ենք տեղում կոորդինատ, որը ցույց է տալիս, որ կոորդինատից այն կողմ Ադրբեջանն է, այս կողմում՝ Հայաստանը, նշանակում է, որ գետնին ենք դնում կոնկրետ իրավական բանաձև, և մենք պատրաստ ենք կոնկրետ իրավական բանաձևի իրացմամբ գնալ լուծումների: Մենք մերժողական չենք»: