«Բա սա աբսուրդ չի՞. եթե մակագրումների համակարգիչն ունի խնդիրներ, դրանք կարելի է լուծել». Արամ Վարդեւանյան
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կարող էր նաեւ կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կառավարության որոշումը ռազմական դրության վերաբերյալ չլիներ այնպիսին, ինչպիսին կար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Ըստ Վարդեւանյանի՝ եղել են նաեւ խոսքի ազատության վերաբերյալ սահմանափակումներ. «Եթե Կառավարության որոշմամբ, խոսքի ազատությունն այդքան չսահմանափակվեր, չէր լինելու արծրունհովհաննիսյանական իրականության ձեւավորումը, չէր լինելու հասարակական կարծիքի այդպիսի միակողմանի ձեւավորումը, որն էլ իր հերթին հանգեցրեց նրան, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ մեր հայրենակիցներից եւ ոչ մեկ իրական պատկեր չէր կարողանում ընկալել։ Այն դեպքերում, երբ մի ԶԼՄ հայտնում էր տեղեկություն, որը հաճելի չէր այն իրականությանը, որը թելադրվում էր, պարզապես տուգանվում էին։ Եթե ՄԻՊ-ը բարձրաձայնած չլիներ, նաեւ չէինք ունենա այդ իրավիճակը»։
Արամ Վարդեւանյանն անդրադարձավ նաեւ Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած գործընթացներին.
«Նոր նախագահն էլ եկել էր փոխարինելու հենց Գագիկ Հարությունյանին, որը հանդիսանում էր ԲԴԽ նախագահ, ում մասին պարոն Վարդանյանը բավականին ակնածանքով խոսեց։ Գագիկ Հարությունյանի դերը սահմանադրական իրավունքի, Սահմանադրական դատարանի կայացման մեջ իսկապես անգերազանցելի է»։
Նա անդրադառնալով դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու դեպքին՝ Վարդեւանյանն ասաց. «Նույնիսկ այն միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գրեթե մշտապես գովաբանում են այս իշխանություններին, այդ հարցը որպես քննադատություն եւս արձանագրել էին։ Դա տեղի էր ունեցել 7-րդ գումարման ԱԺ-ի ժամանակ, երբ կար Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ վլադիմիր Վարդանյան։ Այդ իրավիճակում կոնկրետ ի՞նչ գործողություն էր ձեռնարկել ՀՀ-ում նման խայտառակ երեւույթ չունենալ»։
Արամ Վարդեւանյանի խոսքով՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ու Սահմանադրական դատարանի միջեւ բնական կոնֆլիկտի ձեւավորում լինի. «Ո՞ր իրավական ակտի վերաբերյալ է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, որովհետեւ խորհրդարանական վերահսկողության համար այդ կոնֆլիկտը պարտադիր է։ Հակառակ դեպքում ԱԺ-ն վերածվում է կնիք դնողի»։
Քրեական գործերի մակագրման համակարգի վերաբերյալ խոսելիս Վարդեւանյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի պարզաբանումը. «ԲԴԽ-ն ունի կասկած, որ մակագրման համակարգին արտաքին միջամտություն է տեղի ունեցել, դրա համար պետք է մակագրման համակարգը անջատել, որ դրանք կատարվեն բացառապես ԲԴԽ-ի կողմից վերջերս նշանակված դատարանի նախագահների կողմից։ Բա սա աբսուրդ չի՞։ Եթե համակարգիչն ունի խնդիրներ, դրանք կարելի է լուծել»։
«Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ՍԴ դատավոր լինելը չի նշանակում, որ դատավոր է՝ աթոռին է նստել։ Պարոն Վարդանյան, եթե չեմ սխալվում ՍԴ-ում հիմնադրման պահից դատավոր չի եղել, որը նստել է այդ աթոռին, բայց մի տարի չի եկել որեւէ մի նիստի, չի մասնակցել աշխատակարգային նիստերին, բայց ստացել է վարձատրություն, դա կարծես թե Վահե Գրիգորյանն է»,- ասաց Վարդեւանյանը։