Սիսիանի համայնքապետի հրաժարականից հետո գործադիրը 1 տարով ԺՊ պետք է նշանակի, ինչը հակասում է Սահմանադրությանը. Երիցյան
Սիսիանի համայնքապետի հրաժարականից հետո կառավարությունը օրենսդրական բացթողումների պատճառով պետք է մոտ մեկ տարով պաշտոնակատար նշանակի, քանի որ ընտրություններ դեռ անցկացվել չի կարող, իսկ այդքան երկար ժամանակով կառավարության նշանակած պաշտոնյայի կողմից համայնքի ղեկավարումը հակասում է տեղական ինքնակառավարման սկզբունքին և Սահմանադրությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել «Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանը:
«Խնդիրն այն է, որ ՏԻՄ օրենքի փոփոխված տարբերակում բոլոր դեպքերը հաշվի չեն առնվել անցումային դրույթներում, և երբ համայնքի ղեկավարը հրաժարական է տալիս, նոր ընտրությունները պետք է համամասնական ընտրակարգով անցկացվեն: Ստացվում է՝ ավագանին դեռ մեկ տարի լիազորություններ ունի, իսկ համայնքի ղեկավար դեռ չի կարող ընտրվել մեծամասնական ընտրակարգով, քանի որ համամասնականի պետք է անցում կատարվի: Ստացվում է՝ համայնքը շուրջ մեկ տարի պետք է կառավարության կողմից նշանակված ղեկավար ունենա, ինչը հակասում է տեղական ինքնակառավարման սկզբունքներին և Սահմանադրությանը»,- նշեց Երիցյանը:
Հարցին՝ արդյո՞ք նման իրավիճակում ավագանու որոշումները չեն կարող կաշկանդվել գործադիր իշխանության նշանակած պաշտոնակատարի, այն է՝ միջնորդավորված կառավարության կողմից, Երիցյանը նկատեց՝ կառավարության կողմից պաշտոնակատարներ պետք է բացառիկ դեպքերում նշանակվեն:
«Երբ հնարավոր չէ օրենսդրական այլ լուծում, շատ կարճ ժամանակով կարող է պաշտոնակատար լինել մինչև նոր ընտրությունների կազմակերպումը, այն էլ՝ ողջամիտ ժամկետի սահմաններու՝ մեկ շաբաթ, մեկ ամիս: Բայց օրենսդրությունը պետք է այնպիսի կարգավորումներ ունենա, որ բացառվեն նման խնդրահարույց իրավիճակները: Հակառակ դեպքում ստացվում է՝ ՏԻՄ գոյություն չունի, տեղական ինքնակառավարումը վերածվում է պետական կառավարման՝ պետության կողմից նշանակված պաշտոնյան է համայնքը ղեկավարում, իսկ Սահմանադրությունը երաշխավորում է համայնքների ինքնակառավարումը, իսկ դա թե՛ մեր օրենսդրությանն է հակասում, թե՛ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիային»,- նկատեց Երիցյանը:
Նա խնդրի հնարավոր կարգավորման տարբերակ է համարում այն սուբյեկտների կողմից Սահմանադրական դատարան հայց ներկայացնելը, որոնք ունեն նման լիազորություն՝ ԱԺ խմբակցություններ, համայնքները, այսինքն:
«Մի քանի համայնք պաշտոնակատարի նշանակման խնդրով արդեն իսկ դիմել են ՍԴ, գործի քննությունը սեպտեմբերին է կայանալու: Եթե դրական ընթացք ունենա գործի քննությունը, ապա խորհրդարանը պետք է վերանայի օրենսդրությունը՝ վերացնելով այդպիսով օրենսդրական խութերը: Հայաստանում այս պահին անգամ համայնքներ կան, որտեղ ոչ ավագանի կա, ոչ էլ՝ համայնքապետ: Դա նոնսենց է, չի կարող նման բան լինել: Լուծումը օրենսդրական փոփոխություններն են»,- նկատեց Երիցյանը:
Սիսիանի արդեն նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն Սարգսյանը ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում՝ պատգամավորական գործունեությունից բխող լիազորություններով զբաղվելու հիմքով: