ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, ընդունել է ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:

Ինչպես  տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ Հայաստանում «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Դեսպանը շնորհավորել է նախարարին  նոր կառավարության ձեւավորման համար`  նշելով, որ կարեւորում է համագործակցության շարունակությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում:

 ԿԳՄՍ նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման:

Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` Վահրամ Դումանյանը առանձնակի կարեւորել է  ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ, որն այս տարի նշում է Հայաստանում գործունեության 20 ամյակը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` նախարարը նշել է Հայաստանի մարզերում անգլերենի 16 ակումբների բացումը, ինչը անգլերենի ուսուցիչների կարողությունների հզորացման նոր հնարավորություն է, եւ դիտարկվում է որպես աջակցություն  ոլորտի բարեփոխումներին:  «Նմանօրինակ ծրագրերը մեծապես նպաստում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Միջբուհական համագործակցության համատեքստում նախարարը խոսել է 2018 թվականին մեկնարկած «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի մասին, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները եւ նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: Հաշվի առնելով «Ստեղծարար միտք» ծրագրի առանձնահատկությունը եւ հնարավորությունները` նախարարն առաջարկել է ընդլայնել միջբուհական համագործակցությունը` դիտարկելով նաեւ փորձի փոխանակման  հնարավորությունները: Հայկական կողմը մասնավորապես հետաքրքրված  է բարձրագույն կրթության ոլորտում բրիտանական փորձով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար սահմանված կատարողականի արդյունքային ցուցիչների (KPI) լավագույն մոդելներ,  բյուջետային ծախսերի արդյունավետության մեթոդական մոտեցումներ եւ վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

ԿԳՄՍ նախարարը նաեւ կարեւորել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը եւ գիտնականների միջեւ ուղիղ կապերի հաստատումը, որոնք կարող են նպաստել  գիտության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:

Հայաստանում Բրիտանական խորհրդն աջակցություն է ցուցաբերել նաեւ մշակույթի ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մշակույթի ներառականության խնդիրներին: Նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկել է ընդլայնել ծրագրերը` կազմակերպելով հայ-բրիտանական մշակույթի օրեր, արվեստի  փառատոններ եւ ցուցահանդեսներ:  Համագործակցության ընդլայնման մյուս ուղղությունները, նախարարի առաջարկությամբ, կարող են լինել մարզիչների եւ մարզիկների փոխանակման, սպորտային բժշկության, երիտասարդների զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերը: Համագործակցության նոր ծրագրերն համակարգված իրականացնելու նպատակով` ԿԳՄՍ նախարարն առաջարկել է մշակել փոխըմբռնման հուշագիր: 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի ուշադրությունը հրավիրել է 2020 թվականի պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրի վրա: Նա հույս է հայտնել, որ գործընկեր երկրների, այդ թվում` նաեւ Միացյալ Թագավորության կողմից իրավիճակի արձանագրումների արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա իրենց հսկողության ներքո հայտնված շուրջ 4000 հայկական պատմական մշակութային հուշարձանները ոչնչացնելուց եւ դրանց ծագումը աղավաղելուց:

Դեսպան Ջոն Գալլագերին այս առնչությամբ նշել է, որ հայ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը Մեծ Բրիտանիայի կառավարությունը պահում է ուշադրության կենտրոնում` հարցը քննարկելով  ադրբեջանական կողմի հետ, ինչպես նաեւ կարեւերով  կայուն եւ տեւական խաղաղության հաստատումը տրածաշրջանում:

Հանդիպման ընթացքում ծավալված երկխոսության ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընթացքող կրթական բարեփոխումներին` նշելով, որ դրանք ընդգկում են կրթության բոլոր աստիճանները`  նախադպրոցական համակարգից մինչեւ բարձրագույն կրթության եւ  գիտություն: Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման  հնարավորություններին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն