Փաշինյանը մանրամասնեց՝ ինչ բանակցային ժառանգություն է ստացել ԼՂ հարցում
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, որը գործող իշխանությունը ժառանգել է 2018 թվականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, որ 2018 թվականին, երբ իրենք եկել են իշխանության, եղել է մի իրավիճակ, երբ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ձախողված է եղել ու եղել է նախապատերազմական վիճակ: «2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը, որն այդ պահի դրությամբ վերջին 10 տարում Ղարաբաղի հարցով զբաղվող թիվ մեկ պաշտոնյան է եղել, ասել է, որ բանակցությունները կանգնած են և լավատեսության հիմք չեն տալիս և ասել է, որ այլևս չպետք է հույս ունենալ, որ Ադրբեջանը ուխտադրուժ ձևով չի փորձելու պատերազմի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը: Այսինքն, 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցում մենք ունեցել ենք այս վիճակը՝ բանակցությունները ձախողված են, նախապատերազմական վիճակ է: Եվ մենք ի՞նչ ենք արել. բոլոր հնարավոր ձևերով փորձել ենք բանակցային գործընթացը դուրս բերել փակուղուց՝ առաջարկելով կառուցողական բանաձևեր և արել ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանը մաքսիմալ պատրաստվի պատերազմի: Բայց ստացվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի պատերազմին Ադրբեջանը պատրաստվում էր 16 տարի, իսկ Հայաստանը պատրաստվում էր 2 տարի: Եվ սա ճշմարտություն է, և այս ճշմարտությունը բոլորիդ աչքի առաջ է եղել»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացն անընդհատ ձախողվել է: «Մեզ մեղադրում են, ասում են՝ դե ադրբեջանցիներին հույս չտվեցին, որ այն, ինչ ուզում են ստանալ, կստանան բանակցությունների եղանակով: Սա մեջբերում է ձեզ հայտնի անձից: Իսկ հարց՝ բանակցային գործընթացի ընթացքում Ադրբեջանը հույս տվե՞լ է մեզ, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է այնպես, ինչպես հայ ժողովուրդը պատկերացնում է: Ադրբեջանը շարունակաբար ասել է, որ Ղարաբաղը համարում է իր տարածք, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն իրեն, իսկ եթե չվերադարձվեն, ռազմական ճանապարհով լուծելու է հարցը: Ադրբեջանը նաև հայտարարել է, որ միլիարդավոր դոլարներ է դնում զենք-զինամթերք ձեռք բերելու համար: Հայկական կողմի մի ժամանակ բանակցողն ասում է՝ դե պետք էր ադրբեջանական կողմին հույս տալ, որ այն, ինչ ուզում է ստանալ, կստանա բանակցային եղանակով: Ես ասացի, թե Ադրբեջանը ինչ էր ուզում ստանալ: Հիմա եղավ, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է հետևյալը՝ Ադրբեջանին տալ հույս, որ այս ամեն ինչը բանակցային ճանապարհով կստանա: Եվ ասեմ ձեզ, հասել են այդ նպատակին, որովհետև 2018 թվականի բանակցային իրավիճակում նույնիսկ այն, ինչ Սերժ Սարգսյանը համարում է ընդունելի, դա, ըստ էության, Ադրբեջանի հույսերի արդարացումն է, որ բանակցային ճանապարհով նա կստանա 7 շրջանները և Ղարաբաղը: Եվ նրանից առաջ բանակցողն էլ ինքն է խոստովանում, որ տակտիկան եղել է հույս տալը, որ Ադրբեջանը կստանա այն, ինչ ուզում է»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հարց բարձրացրեց՝ թող այդ դեպքում ասեն, թե իրենց ինչ հույս է տրվել: «Եթե բանակցային կողմն ասում է, որ մենք պետք է դիմացին հույս տանք, տրամաբանական է, որ դիմացինն էլ պետք է մեզ հույս տար: Ինչի՞ հույս է տվել մեզ Ադրբեջանը: Մենակ մի բանի հույս է տվել: Միակ տարբերակը, որտեղ այս հույսի տրամաբանությունը կարող էր գործել, հետևյալն է, որ քննարկվել է, որ Մեղրին փոխանակեն Ղարաբաղի հետ: Այսինքն, դա՞ է հույսը: Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ իրենց հայտարարությունների համար պետք է պատասխան տան: Հանրությանն ասեք՝ ի՞նչ հույս եք տվել Ադրբեջանին բանակցությունների ընթացքում, և Ադրբեջանը ինչի՞ հույս է տվել: Եվ դա պետք է ցույց տան հրապարակային հայտարարություններով և փաստաթղթերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ 2018 թվականին չի եղել բանակցային կոմբինացիա, որը շատ թե քիչ ընդունելի համարելը հնարավոր է համարվել իր կողմից: «Ես չեմ տեսել նման տարբերակ: Դա եղել է ժամանակին Ադրբեջանին տված հույսերի կուլմինացիան»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայտարարություններին՝ Լաչինի և Քելբաջարի շրջանների՝ հայկական վերահսկողության տակ մնալու վերաբերյալ: «2018 թվականի այն տրամաբանությամբ, որ եղել է բանակցային սեղանին, ոչ մի բան չէր մնում մեր վերահսկողության տակ: Ընդ որում՝ Հայաստանն անընդհատ հույս էր տալիս, իսկ Ադրբեջանն ավելի շատ էր ուզում, և ինչքան ավելի շատ էր ուզում, պետք էր ավելի շատ հույս տալ: Եվ խաղաղության ապահովման միակ եղանակը համարվել է ավելի շատ հույս տալը: Շատ լավ, կարող է լինել տրամաբանություն, ևս 30 տարի հույս տայինք, ևս 30 տարի ձգեինք, բայց գալիս է պահը, երբ դիմացինն ասում է, որ խոսքից պետք է անցնել գործի: Եվ շատ կարևոր է, որ այդ հույսերը արդեն ոչ միայն Ադրբեջանի ակնկալիքն էին դարձել Հայաստանից, այլև միջազգային հանրության և միջնորդների: Մենք այս իրավիճակում ենք ժառանգել Ղարաբաղի հարցը: Եվ դա փաստաթղթերով է ապացուցելի»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ միակ կոմպոնենտը, որը կարող էր մխիթարող դերակատարում ունենալ, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի թեման էր: «Բայց Ադրբեջանը և միջնորդները, ըստ էության, 2016 թվականից արձանագրել են, որ միջանկյալ կարգավիճակ չի լինելու: 2016 թվականի հունվարին, ըստ էության, Հայաստանին ներկայացվել է, որ Հայաստանը պետք է միջանկյալ կարգավիճակի գաղափարից հրաժարվի: Հայաստանը, բնականաբար, մերժել է, որից հետո 2016 թվականի ապրիլին սկսվել է ապրիլյան պատերազմը, որից հետո 2016 թվականի ամռանը ներկայացվել են առաջարկներ, որտեղ միջանկյալ կարգավիճակ հասկացությունը գոյություն չունի: Դրանից հետո տեղի է ունեցել բանակցային գործընթաց, որի արդյունքում հայկական կողմը, ըստ էության, համաձայնվել է, որ նաև Քելբաջարի ու Լաչինի շրջանները պետք է հանձնի՝ առաջարկելով վերադարձնել միջանկյալ կարգավիճակի տրամաբանությունը, ինչը Ադրբեջանը մերժել է: Հասկանո՞ւմ եք, բանակցային գործընթացում երկու կողմ է ձևավորվել, որոնցից մեկի հույսերն անընդհատ պիտի մեծանան, և երկրորդ կողմն էլ նա է, որը պետք է ավելի ու ավելի շատ մեծ հույսեր տա դիմացինին: Եվ երբ ամեն ինչի հույսը տրված է, արդեն գալիս է գործողության ժամանակը»,- ասաց Փաշինյանը:
Նա խոսեց նաև այն մասին, թե ի՞նչ պետք է տեղի ունենար հետո, եթե նույնիսկ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակն ընդունվեր:
«Նախ շատ կարևոր առանձնահատկություն կա, որ 1998 թվականին Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանափոխությունն արել են այն տրամաբանությամբ, որ Ղարաբաղի հարցը փուլային եղանակով չպետք լուծվի, այլ պետք է լուծվի փաթեթային եղանակով: 2018 թվականին բանակցային սեղանին եղել է և այդ ողջ ընթացքում բանակցել են մի փաստաթուղթ, որը վերնագրված է՝ ԼՂ հակամարտության կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին: Քաղաքական խորամանկություն են արել, որպեսզի չստացվի, որ 1998 թվականին այդ քաղաքական հանձնառությունից խուսափել են, այնտեղ մի նախադասության մեջ գրվում է՝ այս լուծումը փաթեթային է և փոխներառված է: Այդ նախադասությունը ձևակերպել են հայկական կողմի խնդրանքով: Բայց այստեղ ուրիշ խնդիր կա: Նույնիսկ, եթե այդ պայմանագիրը ստորագրվում էր, ի՞նչ էր տեղի ունենում: Դա արդյոք մտնում էր ուժի մեջ: Ոչ, որովհետև գրված է, որ այս գործողություներն արվում են նրանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները միջպետական բանակցությունների ճանապարհով մնացած հարցերն են լուծում: Այսինքն՝ բանակցվել է մաքուր փուլային տարբերակ: Ասվում է, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը ապահովող հանրաքվեի միջոցով: Ես այս վերջերս հարց բարձրացեցի՝ ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն: Եվ Սերժ Սարգսյանի թիմը ստիպված էր խոստովանել, որ այդտեղ խոսքը գնում է նաև Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների մասին, իսկ Ղարաբաղի բնակչություն համարվելու համար պետք է բնակվել Ղարաբաղում: Այդ 40 հազար ադրբեջանցին, որ Ղարաբաղում պիտի բնակվեր, որտե՞ղ պիտի բնակվեր: Իհարկե, պիտի բնակվեր այնտեղ, որտեղ նախկինում բնակվել է: 40 հազար ադրբեջանցի Ղարաբաղից դուրս է եկել 1988 թվականին: Հիմա այնտեղից դուրս եկածները և իրենց ժառանգները քանի՞սն են: Որևէ կասկած չունենաք, որ Ադրբեջանն ասելու էր՝ հիմա նրանք 120 հազարն են: Ընդգծվում է, որ ենթադրվող հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանական կողմն ասում էր, որ իմ դիրքորոշումն այն է, որ առաջիկա 100 տարում այդ հանրաքվեն պետք է տեղի չունենա: Այդ փաստաթղթում գրված է նաև, որ տեղի է ունենում համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Այսինքն, կա ժողովուրդ, և կա բնակչություն: Բնակչությունը ԼՂ բնակչությունն է, որը ըստ Քոչարյան-Սարգսյան զույգի բանակցած տարբերակի, կազմված է հայերից և ադրբեջանցիներից: Բա համաժողովրդական հասկացության ժողովո՞ւրդը: Ո՞ր ժողովրդի մասին է խոսքը: Այստեղ է, որ շատ սկզբունքային կարևոր բան է տեղի ունենում: Ադրբեջանն ասում է, որ իր Սահմանադրության համաձայն՝ որևէ տարածքի կարգավիճակի որոշման հարցով հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն ամբողջ Ադրբեջանի կազմում: Եվ հետևաբար, սա է Քոչարյանի տված հույսերը»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ինքը ներկայացրեց ամբողջ շղթան՝ շեշտելով, որ այն, ինչ ասաց, թղթի վրա գրված է: