Ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցով փորձագետ և «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությանը՝ հրապարակելով «Արդյոք Բայդենը նոր խաղ կսկսի Անդրկովկասում» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

«Էրիկա Օլսոնը, որն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալի պաշտոնում փոխարինել է Ֆիլիպ Ռիկերին, սկսել է իր շրջագայությունն անդրկովկասյան երկրներում։ Այժմ նա Երևանում է, որտեղ երկրի ղեկավարության հետ բանակցություններից բացի, մասնակցում է Անդրկովկասում ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների մասնակցությամբ։ Տարածաշրջանում ամերիկյան առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել 2018 թվականին Թբիլիսիում, իսկ 2019 թվականին՝ Բաքվում։ Բայց Երևանի համաժողովը, որը տեղի է ունենում որոշակի ժամանակային ընդմիջումով, կարելի է համարել շրջադարձային իրադարձություն, քանի որ իրավիճակն Անդրկովկասում, ինչպես և նրա աշխարհաքաղաքական լանդշաֆտը, նկատելի փոփոխություններ են կրել։ 

«Ուրախ ենք, որ կարող ենք վերականգնել Վաշինգտոնի և տարածաշրջանի գործընկերների հետ հանդիպումների երկարատև ավանդույթը, կարծիքներ, մտքեր, տեղեկություններ փոխանակել, որոնք թույլ կտան ավելի լավ համակարգել աշխատանքը բոլոր երեք երկրների հետ», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո Անդրկովկասում աշխատող Վաշինգտոնի համակարգողների, դիվանագիտական և այլ ներկայացուցիչների համար խնդիր է դրվել վերլուծել Կովկասում ամերիկյան քաղաքականության նախկին փորձը, գնահատել դրա հիմնական ձեռքբերումներն ու թերությունները և մշակել առաջարկություններ ապագայի համար: Սա այն է, ինչ այժմ անում է Օլսոնը: Նրա նախորդ Ռիկերին հանձնարարված էր ամրապնդել ՆԱՏՕ-ի դիրքերը տարածաշրջանում, և նա բավականին հաջողակ էր այս հարցում Վրաստանի ուղղությամբ: Իսկ ի՞նչ խնդիրների լուծում է վստահված Օլսոնին, որը ժամանակին աշխատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատանը որպես տնտեսական հարցերով խորհրդական։ Նախ անդրադառնանք Անդրկովկասում ամերիկյան քաղաքականության ընդհանուր խնդիրներին։ Փաստն այն է, որ, ինչպես նշել են շատ փորձագետներ, Վաշինգտոնն ունի այլ «կովկասյան տեսլական»՝ համեմատած Մոսկվայի հետ։ Ռուսաստանում դեռ պահպանվում է «անդրկովկասյան պորտալարը», որն  այս տարածաշրջանում Ռուսաստանի ներքաղաքական օրակարգի որոշակի մասի շարունակության տեսանելիություն է ստեղծում։ Միացյալ Նահանգները, սակայն, տարածաշրջանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելքի շարունակություն, կամուրջ, որը կապում է Կովկասը Կենտրոնական Ասիայի հետ և ելք ունի դեպի Սև և Կասպից ծովեր:

Պարադոքսն այն է, որ Վաշինգտոնը, ինչպես Անտանտը 1918-1920-ականներին, չունի առանձին լավ զարգացած ադրբեջանական, հայկական կամ վրացական քաղաքականություն։ Ըստ Carnegie Endowment-ի հայտնի փորձագետ, Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրասիայի գծով նախկին վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի՝ Անդրկովկասը Վաշինգտոնում «ոչ թե ընկալվում էր որպես արժեքավոր արտաքին քաղաքական սյուժե, այլ միայն որպես մի քանի տախտակների վրա (ռուսական, թուրքական, իրանական, չինական և եվրոպական) խաղի անբաժանելի մաս: Ամերիկացիներին չէր հետաքրքրում տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի առաջացման խնդիրը։ Համեմատաբար վերջերս միայն՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ԱՄՆ-ն սկսեց խոսել Վրաստանի մասին՝ որպես «տարածաշրջանում իր գլխավոր և միակ հենակետի»։

Եվս մեկ պարադոքս. եթե Ռուսաստանի ներսում քննարկվում է՝ արդյոք 2020 թվականի նոյեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմում Մոսկվան հաղթել կամ պարտվել է, Վաշինգտոնը վստահ է երկու փաստի վրա՝ Ռուսաստանի դիվանագիտական առաջնորդությունում հրադադարի հասնելու և բանակցային գործընթացի վերականգնման և ռուս խաղաղապահների տեղակայման հարցում։ Նախկինում ռուս զինվորականներն այնտեղ չէին, իսկ հիմա այնտեղ են։

Ավելին, ռուս զինվորականները, որոնք նախկինում տեղակայված էին միայն Հայաստանում, այժմ հայտնվել են «Ադրբեջանում» (չակերտները՝ Tert.am), ինչը ԱՄՆ-ում դիտվում է որպես ռուսական տարածքային ինչ-որ ընդլայնման մաս։ Մեկ այլ կարևոր կետ. Անդրկովկասում ի հայտ են գալիս ռուս-թուրքական դաշինքի ուրվագծերը՝ Մերձավոր Արևելքի վրա իր պոտենցիալ պրոյեկցիայով: Այս առումով ցուցիչ է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների գնահատականը ղարաբաղյան հակամարտությանն Անկարայի միջամտության անցանկալիության, արևմտյան դաշինքից Թուրքիայի հնարավոր դուրս գալու առնչությամբ մտահոգության վերաբերյալ։ Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները Վաշինգտոնի կողմից սկսում են ընկալվել երկու համատեքստով՝ Անդրկովկասում Մոսկվայի ազդեցության աճը և թուրքական ինքնուրույնության աճը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Ադրբեջանը նախաձեռնեցին 3+3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափ՝ բաղկացած վեց երկրից՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Ինչպես տեսնում եք, ամերիկացիները ոչ մի կերպ չեն տեղավորվում այս համակարգի մեջ։ Անդրկովկասի թիկունքում նրանք ակտիվացրել են վրացական ուղղությունը։ Բայց այնպես, որ Վրաստանը հայտնվել է ձգձգվող քաղաքական ճգնաժամի մեջ այն ժամանակ, նրա քաղաքական վերնախավը չի կարող ուժեր մոբիլիզացնել՝ եվրաատլանտյան վեկտորն ամրապնդելու համար։

Այժմ, ըստ ամերիկյան Foreign Affairs հրատարակության, ԱՄՆ-ին «անհրաժեշտ է գործիքներ ստեղծել Ռուսաստանին և Թուրքիային երկու ուղղություններով՝ Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում» զսպելու համար, սակայն, ըստ հրապարակման, դա «կարող է շատ ժամանակ պահանջել»: Բայց Վաշինգտոնը նաև նվազեցնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, ամերիկացիները լքել են Աֆղանստանը։ Այժմ հարցն այն է, թե արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա՞ կառուցել կամ օգտագործել Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող հզորության պրոյեկցիան:Այսպիսով, Բայդենը դեռ պետք է ձևակերպի իր քաղաքական կուրսը տարածաշրջանում: Հնարավոր է՝ նա կպահպանի իր ներկայիս տեսլականը՝ գործելով իներցիայով և արձագանքելով իրադարձություններին՝ ըստդրանց զարգացման: Կամ գուցե նա որոշի ակտիվ մոտեցում մշակել Անդրկովկասի նկատմամբ։ Օլսոնը, որպես այս ուղղության համակարգողներից մեկը, պետք է բացահայտի մի շարք քաղաքական գործիքներ, որոնք թույլ կտան Վաշինգտոնին բարելավել իր դիրքերը տարածաշրջանում, որը վերջին մի քանի տարիների ընթացքում մնացել է բավականին ստատիկ դիրքում: Արդյոք դա կստացվի՞»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն