Ազգային ժողովում ընթանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման նիստը: Նախարար Նարեկ Մկրտչյանը երկար-բարակ ներկայացրեց իրենց բյուջեն, որը եկող տարի ավելանալու է ավելի քան 15 տոկոսով` կազմելով 580 մլրդ դրամ: Նա ճոխ թվերով ներկայացրեց, թե ինչ ծրագրեր են իրականացնելու այդ բյուջեով, սակայն ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը բազմաթիվ խնդրահարույց կետեր մատնանշեց իրենց ներկայացրած բյուջեում, օրինակ` կրճատել են մի շարք կարևոր սոցիալական ծրագրեր, թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը չեն բարձրացնում, իսկ ավելի ստույգ, թոշակները բարձրանում են ընդամենը 17 տոկոսի չափով, այն էլ 2100 դրամով, մինչդեռ ավելացնում են պետական ապարատի ծախսերը: Եվ այս ամենը բարձր գնաճի պայմաններում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը, Ավետիսյանի գնահատմամբ, հատել է 70 հազար դրամի շեմը:

Այս և պատգամավորի մյուս հարցերին ի պատասխան` նախարար Նարեկ Մկրտչյանը, ըստ էության, ոչ մի էական պատասխան չտվեց: Նա ընդամենը նորից վարժ ընթերցեց այն թվերն ու միջոցառումները, որոնք նախատեսում են իրականացնել եկող տարի այս բյուջեով, ուրիշ ոչինչ: Ապա խնդրեց, որ իր փոխարեն մնացած հարցերին պատասխանեն իր տեղակալները: Նրանցից մեկն էլ` Աննա Ժամկոչյանը, որոշեց, որ պետք է գնահատական տա ընդդիմադիր պատգամավորի հարցերին` նշելով, թե դրանք պոպուլիստական հարցադրումներ են: Բայց պարզվեց` փոխնախարարը սխալվել էր, այն հարցը, ինչն ինքը պոպուլիստական էր որակել, Թադևոս Ավետիսյանը չէր հնչեցրել:

Այս իմաստով տարօրինակ է, որ պատգամավորների այն հարցադրումներին, որոնցում նաև քաղաքական ենթատեքստ կամ պատասխանատվություն կա, նախարարն այդ հարցերի պատասխանները «գցում է» իր տեղակալների վրա` չտալով սպառիչ պատասխաններ, տեղակալներն էլ որոշում են իրենք քաղաքական գնահատականներ հնչեցնել` փոխանակ ըստ էության պատասխանեն հարցերին և բացատրեն, թե ինչու են իրենք այսքան «սոցիալական» բյուջե բերել խորհրդարան:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն