Իշխանությանն ընտրած հասարակական շրջանակն այսօր ընդգծված հիասթափություն է ապրում. դրա փաստացի ցուցիչը ՀՀ-ից տեղի ունեցող արտագաղթի ծավալներն են. Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետն ընդգծեց՝ փոխարենը Հայաստանում պետականության, պետական կառավարման ճգնաժամ է, ինչը շատ ավելի վտանգավոր, երկարաժամկետ և աղետաբեր երևույթ է:
«Երկրում կա ԱԺ, ավել կամ պակաս լեգիտիմ իշխանություն, ԱԺ և արտախորհրդարանական ընդդիմություն՝ քաղաքական կյանքի բոլոր հնարավոր էլեմենտները: Ընդհանուր առմամբ, քաղաքական կյանքն ընթանում է իր տրամաբանությամբ, այլ հարց է, որ դա ՀՀ իրականության հետ որևէ աղերս չունի: Պետությունը չի կարողանում իր առջև դրած գործառույթները իրականացնել կամ չի ցանկանում: Պետական կառավարման համակարգն սկսում է ձեռք բերել տոտալիտարիզմի էլեմենտներ»,-ասաց Ղևոնդյանը:
Ըստ քաղաքագետի՝ թեև տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ իշխանազավթում, իշխանական խմբակը «հեղափոխական կոստյումը» բավական հարմար է հագել և ակտիվ մանիպուլյացիոն դիրքերից կարողանում է գործընթացներ նախաձեռնել:
«Չնայած գործող իշխանությունն ընտրություններում հաղթել է «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, բայց այն շրջանակը, որն իրեն ընտրել է, այսօր ընդգծված հիասթափություն է ապրում, և դրա փաստացի ցուցիչը Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի ծավալներն են»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը՝ քաղաքագետը տեսակետ հայտնեց, թե այն ոչ նախանձելի իրավիճակում է հայտնվել, քանի որ նաև որոշ ընդդիմադիրներ անակնկալի եկան հունիսի 20-ի ընտրությունների արդյուքներից:
«Երբեք չպետք է ոգևորվել դեռ չհաղթած, դա շատ վտանգավոր է քաղաքական գործընթացներում: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ խորհրդարանական ընդդիմությունն ունի սուղ ռեսուրս, բայց կարողանում է ինչ-որ պարբերականությամբ օրակարգեր ստեղծել ԱԺ-ում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իշխանությունն իրեն պահում է լկտի, օրենքից վեր և առաջնորդվում է «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով։
Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքին, որը կայանալու է նոյեմբերի 8-ին, և հասարակական տրամադրություններին՝ Ղևոնդյանն ասաց, որ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունները միայնակ չեն կարող գործել, և դա պետք է հասկանան նաև այն հասարակական շրջանակները, որոնք այդ ուժերին ընտրել են որպես իրենց պատվիրակ ԱԺ-ում: Ըստ նրա՝ ընդդիմությանն ընտրած հասարակությունը չպետք է «կոմֆորտի զոնայում» ապրի և մտածի, թե ինքն իր պարտականությունը կատարել է:
«Գործող քաղաքական խմբակը պատրաստ է Սյունիքը, Սևանը, Գյումրին հանձնել ցանկացած այլ երրորդ երկրի, միայն թե անխախտ լինի իր իշխանությունը: Վերջինիս ներկայացուցիչները գիտեն՝ ինչ են արել, և շատ իրատեսական սպառնալիքներ ունեն նաև իրենց ֆիզիկական անվտանգության տեսանկյունից: Գիտեն՝ հայրենազրկումը, այդքան երիտասարդների մահվան պատճառ լինելը, պետությունը աղետի շեմին հասցնելն ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ, մյուս կողմից իրենք ատելություն են ստեղծել մարդկանց միջև, անցել են այնպիսի կարմիր գծեր, որոնք երբևէ չէր կարելի անցնել»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ քաղաքացին պետք է հասկանա, որ ընդդիմությանն ընտրելով՝ ընտրել է իր պայքարի առաջնորդներին և էլի պետք է շարունակի այդ պայքարը՝ մինչև վերջնական նպատակին հասնելը:
«ՀՀ բոլոր ադեկվատ, պետության շահով մտահոգ քաղաքական ուժերը փորձելու են մասնակցել այդ հանրահավաքին, որպեսզի նաև նոր կապիտուլյացիոն համաձայնագրի վերաբերյալ հանրային ճնշումներ լինեն: Այստեղ խնդիրը պետություն պահելու օրակարգն է, ոչ թե իշխանություն փոխելու: Իշխանափոխությունն օրակարգ չէ, բայց պարտադիր պայման է՝ պետություն պահելու համար»,-ասաց Ալեն Ղևոնդյանը: