Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ոչ երկար ժամանակահատվածում Շիրակի մարզում արդեն 4-րդ մարզպետն է փոխվում: Մարզպետի պաշտոնն այս անգամ ստանձնել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նրա՝ պատգամավորական մանդատը վայր դնելու և մայրաքաղաքից կրկին հարազատ քաղաք վերադառնալու փաստը տարաբնույթ քննարկումների առիթ է տվել: Խոսակցություններ են պտտվում, թե մարզպետ նշանակվելն այնքան էլ Բաղդասարյանի սրտով չէ: Այս դժվարին ժամանակահատվածում ստանձնել Հայաստանի ամենաաղքատ, բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեցող մարզի ղեկավարումը, հասկացողի համար իսկական պատիժ է։ Գյումրիում ձախողված ընտրությունների համար իշխանությունը, ավելի կոնկրետ` հարազատ թիմը, պատժելու է նրան։ 

Նշենք, սակայն, որ այս իշխանության ներկայացուցիչները նման պրոբլեմներ չունեն, որ գիտակցեն պաշտոնի պատասխանատվության աստիճանը կամ իրենց հնարավորությունների սահմանները եւ ըստ այդմ չպատճառաբանված հավակնություններ չդրսեւորեն: Մինչ ընտրություններն էլ Գյումրիում լուրեր էին շրջանառվում, թե ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հավակնում է մարզպետի պաշտոնին եւ շանսը բաց չի թողնի: Ինչևէ, Նազելի Բաղդասարյանն այսօր հարազատ մարզում է` ոչ թե որպես հեռուստալրագրող եւ հաղորդավար, ինչպես հին ու բարի ժամանակներում էր, այլ՝ պաշտոնյա, որին այլևս միանշանակ չեն ընդունում: Մարդիկ թերահավատ են․ ինչպես է այս անփորձ կինը կառավարելու մարզը:

Շիրակում նա երկրորդ կին մարզպետն է, բայց Լիդա Նանյանին շիրակցիներն այլ կերպ են հիշում՝ տարիքով էր, սկզբունքային, եւ նրա կառավարման տարիներն էին այլ (2007-2010թ):  Մինչդեռ այսօր բազմաթիվ մարտահրավերներ կան, այս պահին մարզի համար առաջնային հարցն Արցախում պատերազմից հետո գերեվարված շիրակցիների վերադարձն է: 62 գերեվարված շիրակցիներից 45-ը շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում, գերիների հարազատներն իրենց որդիների վերադարձի պահանջով Բաղդասարյանին բազմիցս դիմել են` պատգամավոր եղած շրջանում, հիմա կարգավիճակն այլ է, նա է մարզի ղեկավարը, եւ նրան ավելի մեծ պահանջներ են ներկայացվելու: 

Առաջիկայում մարզի խոշորացված մի շարք համայնքներում կրկին ՏԻՄ ընտրություններ են, եւ դրանք մարզկենտրոն Գյումրիից պակաս կարևոր չեն։ Արթիկը ներառում է 23 գյուղական եւ 1 քաղաքային համայնք, Ախուրյանը՝ 10 գյուղական համայնք եւ արդեն իսկ խոշորացված Ախուրյան ու Մարմաշեն համայնքները: Ընտրություններ են նաև խոշորացված Ամասիայում, Աշոցքում: Նորընտիր մարզպետի համար լրջագույն փորձություն են խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները: Գաղտնիք չէ, որ Գյումրիում նախընտրական ցուցակի առաջին համարներում նորանշանակ մարզպետի հարազատներն ու մտերիմներն էին, որը թերևս ընտրությունների ձախողման պատճառներից էր: Նազելի Բաղդասարյանի` մարզպետ նշանակվելուց հետո սպասվում է, որ մոտ օրերս կհաստատվի նրա եղբորը՝ Արման Բաղդասարյանին Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունը: 

Կադրային մի շարք փոփոխություններ սպասվում են նաև մարզպետարանում: Ներսում շշուկներ կան, թե աշխատակիցներից ոմանք ինքնակամ ազատման դիմումներ են պատրաստել: Կանխատեսելի է նախկին մարզպետի օգնականների, խորհրդականների` աշխատանքից ազատումը: Չնայած ոմանք էլ վստահեցնում են, թե նորընտիր մարզպետը կարող է այլ մարտավարություն որդեգրել: Որևէ մեկին առաջին օրերին աշխատանքից ազատելու ակնարկ դեռևս չի արել, ավելին՝ փորձում է սիրաշահել բոլորին: Նկատենք նաև, որ ընդամենը երկու օր է, ինչ նա ստանձնել է պաշտոնը: 

Ի դեպ, նորանշանակ մարզպետի աշխատանքային առաջին օրը նշանավորվել է նրանով, որ նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ այցելել է «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն՝ ընդգծելով, թե եռակողմ համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց իր պարտքը համարեց աշխատանքային գործընթացի մեկնարկը տալ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ