Արցախի Հանրապետության դատախազությունը վիճակագրություն է ներկայացրել հայերի նկատմամբ իրականացվող ադրբեջանական սադրանքների վերաբերյալ, արցախցի պատգամավորներն էլ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում ԵԱՀԿ ՄԽ-ին դատապարտել Ադրբեջանի  գործելաոճը։  Նրանք կոշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն են տեսնում։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում, սակայն, քաղաքագետ  Հայկ Նահապետյանը նկատել է, որ սադրող քայլեր դեռ կլինեն,  քանի որ դրանց միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմը հստակ նպատակներ է իրականացնում։

2020թ. նոյեմբերի 10-ից մինչ օրս Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Արցախի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներում կատարվել է 56 հանցագործություն, հարուցվել է 43 քրեական գործ: Բաքվուն արցախայհայությանն ահաբեկելու եւ Արցախը հայաթափելու ծրագիր է իրագործում։ Արցախահայության  դեմ  հանցավոր ոտնձգությունների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել ԱՀ  դատախազությունը։ Նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձ է իրականացվել 68- անձի նկատմամբ, որոնցից 44–ը՝ զինվորական, տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ, ֆիզիկական բռնության է ենթարկվել 6 մարդ։  Թշնամու հանցավոր ոտնձգությունների հետևանքով հափշտակությամբ  ֆիզիկական անձանց պատճառվել է  17.710.000 դրամի գույքային վնաս՝  տարել են խոշոր եղջերավոր անասուններ, տրանսպորտային միջոցներ։

Վիճակագրությունը վկայում է, որ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է փաստաթղթի 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պահանջը, չնայած հայ զինվորի կողքին ծառայություն են իրականացնում  ռուս խաղաղապահները։

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարության մեջ  շեշտվում է, որ հակառակորդը խուճապային  մթնոլորտ ստեղծում՝ Արցախը  հայաթափելու նպատակով։ Խորհրդարանականները դատապարտում են ոտնձգությունը քաղաքացիական անձանց նկատմամբ, որը տեղի էր ունեցել օրերս՝  ռուս խաղաղապահների կողմից հսկվող Շուշի-Բերձոր ճանապարհահատվածին։ Դրա հետևանքով 22-ամյա երիտասարդն  սպանվել էր, 3 անձ՝ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյան․

«Այն, ինչ տեղի է ունենում, ավելանալու է, ցավոք սրտի։ Թուրքիան հստակ խնդիր է դրել, որ Արցախը հայաթափվի, այստեղ Ադրբեջանը կատարող է։ Այո, ուժի միջոցով ստիպելու է, որ հայերը դուրս գան Արցախից, հետո արդեն անիմաստ կլինի ռուս խաղաղապահների գոյությունն այնտեղ։ Այդպիսով սկզբունքորեն կփակվի Արցախի խնդիրը Ադրբեջանի, Թուրքիայի ու իրենց ռազմաքաղաքական ղեկավարության համար»։

ԵԱՀԿ–ն պարտավոր է արձագանքել  նման միջադեպերին․ փորձագետն անհասկանալի է համարում միջնորդները լռությունը։ Ասում է՝ այդ լռության ֆոնին թշնամին իր հստակ նպատակներն է իրագործում․

«Նպատակը սա է ՝ հայ բնակչությանը դուրս մղել այդ տարածքներից վերջնականապես, ինչին կհաջորդի ռուսական զինուժի դուրսբերումը։ Այդ դեպքում իրավական ամրագրում տալու եւ Արցախի շրջանները Ադրբեջանին ինտեգրելու համար որեւ դժվարություն չի լինի»։

Իրավիճակով մտահոգ Արցախի խորհրդարանականները համոզված են, որ  արցախահայությունը կարող է ապրել անվտանգ և արժանապատիվ Արցախի միջազգային ճանաչման դեպքում։ Նրանք դատապարտում են թշնամու հանցավոր արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն եւ համարժեք քայլեր։ Կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի  գործելաոճը։  ՌԴ խաղաղապահ ուժերն ու Արցախի ԶՈՒ-ը եւ այլ ուժային կառույցներ, ըստ նրանց, պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն կանխելու քաղաքացիական բնակչության նկատմամբ ահաբեկչական  գործողությունները։ Ի՞նչ կոշտ միջոցների մասին է խոսքը․ Հայկ Նահապետյանը մատնանշում է, օրինակ, ռուս խաղաղապահների թվաքանակի ավելացումը։

«Ռուսաստանի խաղաղապահները գործել են իրենց վերապահված գործառույթների շջանակում։ Նրանք ավելին չեն կարող անել։ Համարժեքությունը կարելի է գնահատել, եթե նրանք իրենց պարտականությունները չանեն։ Բայց նման բան չկա»։

«Եթե ռուս  խաղաղապահների թիվը չավելացվի, չի բացառվում, որ Արցախի վերահսկողության տարածքներում հայտնվեն, այսպես կոչված, թուրք խաղաղապահները», –ասում է փորձագետը։ Նա բավարար չի համարում աշխատանքը դիվանագիտական հարթությունում։ Կարծում է, որ Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի առարկայական ու կոշտ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն