ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ 2-3 նախադասություններով հօդս ցնդեցրեց Նիկոլ Փաշինյանի թեզը, որը նա լավագույնս խաղարկեց հունիսի 20-ին․ թե, իբր, մերժում ենք պատերազմը։ Իսկ Պուտինն ասաց․ «Վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին ցույց տվեցին, որ այդ ռեգիոնում ամեն բան մինչեւ վերջ դեռ չի հանդարտվել եւ այս իրավիճակում ավելանում է ռուսական դիվանագիտության դերակատարությունն իրադրության հետագա կարգավորման գործում։ 

Կայունության ապահովման համար խիստ պահանջված են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը ՝ որպես հրադադարի ռեժիմի եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր», - ասել է ՌԴ նախագահը:

Քաղաքագետ Արմեն Բադալյանը անիմաստ է համարում պատասխանել հարցին, թե արդյոք սրանով չի ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի ընտրական թեզը կեղծ էր։ «Սա ինչ-որ նորությո՞ւն է։ Այսինքն՝ ինչ, ուզում եք 3 տարվա ընթացքում արձանագրենք դա 4817-րդ անգա՞մ»,- ասաց քաղաքագետը։ Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարությանը, ապա ասաց, թե սա անգամ քողարկված մեսիջ չէ, մարդը բաց տեքստով ասում է․

«Որ տեղի ունեցող ռազմական գործողություններով ավելի են ուժեղանում ՌԴ դիրքերը արցախյան գործընթացում։ Հիշեցնեմ, որ լրատվական դաշտում լուր տարածվեց, որ Պաշտպանության նախարարությունն էլ ինչ-որ քարտեզներ ունի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։ Եվ այս կոնտեքստում կարող եմ ասել,որ ՌԴ նախագահի երեկվա կարճ ելույթը և դրանից առաջ Հայաստանի վարչապետի ասածը, որ ՊՆ-ն էլ ունի իր քարտեզները, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանը հենց այդպես էլ որոշելու է՝ իր քարտեզներով գծելու է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները»։

Բայց չէ որ սա այլևս ԼՂ հարց չէ, այլ Հայաստանի վրա ագրեսիա։ Վերջինս ասում է․ «Այո, բայց չէ՞ որ սահմանները ճշտված չեն․ մի կողմն ասում է՝ իմ սահմանն է, մյուսն ասում է՝ իմը։ Այդ հարցերը լուծելու համար Ռուսաստանն իր քարտեզով կդնի և սահմանները կգծի։ Իսկ Ղարաբաղի հարցն՝ առանձին»։

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Պուտինի ասածը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը երաշխավորում է  տարածաշրջանում հայտարարված զինադադարի ռեժիմը,«բայց Ադրբեջանի կողմից այդ զինադադարի ռեժիմի խախտումները, փաստորեն, պատժելի չեն»։

Քանի որ, ըստ Մեհրաբյանի, այդ ռեժիմը չի ենթադրում որևէ սանկցիա այն խախտողների դեմ։ Ապա հետևյալ արձանգրումն է անում․ «Իսկ Ադրբեջանին պետք է մշտապես խախտել այն, իսկ ռուսներին՝ հետո գալ, մեզ բարիշացնել, որպեսզի Պուտինն ասի, որ Ռուսաստանի դերը բարձրանում է և այլն։ Միայն Հայաստանն է, որին պետք չէ, որ զինադադարի ռեժիմը խախտվի և ռուսներն էլ գան, բարիշացնեն ու իրենց ազդեցությունն էլ մեծանա, ընդլայնի կամ խորանա։ Դա Հայաստանին հետաքրքիր չէ, Հայաստանին պետք է, որ լինի խաղաղություն։ Բայց ռուսներին էլ պետք է, որ Հայաստանը այս շրջապտույտից դուրս չգա։ Ահա և ողջ ճշմարտոթյունը, մնացածը՝ ճիշտ էր, սխալ էր, դրանք լիրիկական հարցեր են, որոնք բացարձակապես կապ  չունեն իրականության հետ»։

Ռուբեն Մերհրաբյանը չշրջանցեց նաև Արևմուտքին․ ՄԱԿ, ԵԽ, ԱՄՆ հայտարարությունները, որոնցով կողմերին կոչ էր արվում դադարեցնել էսկալացիան։ «Այո, նման կեղծ պարիտետային հայտարարությունները Բաքվում ընկալվում և ընկալվելու են որպես դա շարունակելու ինդուլգենցիա և Մոսկվային էլ՝ լրացուցիչ կերպով մեզ բամփելու փաստարկներ տալու»,-ասում է Մեհրաբյանը։ Այս դեպքում ինչու՞ է ռուսական կողմը «քըխ», Արևմուտքը՝ ոչ։ 

Ռուբեն Մեհրաբյան․ «Որովհետև այդ ճահիճը ստեղծել է, այդ ճահճի ճարտարապետը Ռուսաստանն է։ Եվ մենք պետք է խնդիր դնենք դուրս գալու դրանից և այդ ժամանակ միայն կկարողանանք ակնկալել արդյունք։ Սա «քըխ» ու  ոչ «քըխի» հարց չէ, սա ուղղակի ֆունկցիոնալ հարց է»։

Ստեփան Դանիելյան․«Ռուսաստանը համարում է, որ արբիտրի ու միջնորդի կատարողը ռեգիոնում ինքն է։ Եվ նաև շահագրգռված է ճանապարհների բացման հարցում։ Այդ հայտարարություններին պետք է նայել ընթացիկ պրոցեսի տրամաբանության ու ընթացքի մեջ»։

Արդյո՞ք սրանով Մինսկի խմբին ասվեց, որ անելիք չունեն։ Ստեփան Դանիելյանը հիշեցնում է, որ վերջին շրջանում խոսնակ Զախարովայի մակարդակով ասվել է, թե արևմտյան համանախագահությունն էլ զբաղվելու է հումանիտար հարցերով՝ փախստականներ և այլն, և Արցախի կարգավիճակի հարցով։ Որը թողնված է անորոշ ապագային։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն