Իրանը Բաքվի տակից հանում է տարածքը, ժառանգությունն ու իրավունքը․ Իսկ Հայաստա՞նը
Նոյեմբերի 23-ին Թեհրանի քաղաքային խորհուրդը վերանվանել է 38 նրբանցքներ և փողոցներ, մասնավորապես փոխելով «ադրբեջանական» անվանումները ճիշտ՝ իրանական եւ հայկական անվանումներով։ Դրանցից առանձնացնենք մի քանիսը․ Բարադարանի փողոցը վերանվանվել է Բադքուբայի փողոց՝ Բաքվի իրանական անվանումով: Փայվանդի փողոցը դարձել է Գանձակի (Գյանջա) փողոց՝ ի պատիվ պարսիկ բանաստեղծ Նիզամի Գանջևիի, որին Բաքվում անվանում են ադրբեջանցի և այս տարի հռչակել են Նիզամիի տարի: Չամանի նրբանցքը կոչվելու է Առանի նրբանցք, որը ներկայիս «Ադրբեջանի» տարածքի ճիշտ անվանումն է: Իսկ Մարյամ նրբանցքը անվանվել է Շուշի քաղաքի անունով, բայց հենց Շուշի տարբերակով, այլ ոչ թե «Շուշա»:
Այս փոփոխություններն անշուշտ կապված են Հայաստանի դեմ 2020-ի աշնանը սկսած արշավի հետ, ինչը ուղղված է նաեւ Իրանի դեմ, նկատի առնելով Մոսկվայի առաջնորդությամբ այսպես կոչված «Ադրբեջանի» տարածքի նոր գոտիավորումը՝ առաջիկայում նաեւ վարչատարածքային նոր բաժանմամբ, եւ Մոսկվա-Անկարա «հետպատերազմյա կարգավորումը» 3+3-ի, «նոր սահմանների» ամրագրման եւ միջանցքների միջոցով։
Դա ուղեկցվում է Իրանի տարածքային վերաձեւման սպառնալիքներով, «Իրանի հյուսիսում էթնիկ թուրքերի տրամադրությունների աճով»։ Մոսկվայի գործակալական ռեսուրսները բացահայտ խոսում են այդ մասին, իսկ ականավոր վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, ով վերջին ժամանակներս անցել է Բաքվի ուղիղ ծառայության, գրում է, որ Իրանը այդ սպառնալիքները չեզոքացնելու համար պետք է համակերպվի Մոսկվայի ու Անկարայի ծրագրերի հետ։
Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն։ Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում Լավրովի հետ ասուլիսին նրան ուղիղ հարց տվեց՝ ՌԴ-ն կո՞ղմ է սահմանների փոփոխությանը, ինչին հետեւեց Լավրովի ամեն ինչ ասող լռությունը։
Իրանը աշխարհքաղաքական սահմանների տակ նկատի ունի նաեւ ԼՂԻՄ-ը, ինչի վկայությունն է նաեւ Թեհրանի քաղաքային խորհրդի որոշումը։ Իրանն այսպիսով արտահայտում է իր դիրքորոշումը նաեւ պատմական-մշակութային հարթության վրա՝ Բաքվի տակից հանելով տարածքի, ժառանգության եւ Արցախի հանդեպ իրավունքը։
Իսկ Հայաստա՞նը, որը նստած է պատմության ու ժառանգության իր հսկայական ու անառարկելի իրավունքի վրա։ «Ադրբեջանի» լեգալացումից բացի հայ իշխանությունը, քաղաքական միտքն ունա՞կ է այլ բանի։
Lragir.am