Պրահայի հանդիպումներից մեկ շաբաթ անց եվրոպական էստաֆետը հանձնվել է Աստանային․ այստեղ ԱՊՀ ձևաչափերով  մի շարք կարևոր հանդիպումներ են նախատեսվում, չի բացառվում նաև, որ ՌԴ միջնորդությամբ կայանա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար խտացել են ոչ միայն հանդիպումները,  այլև՝ միջնորդների առաջարկները։ Զարգացումներին զուգահեռ  քննարկումների նոր հարց է հասունացել՝  ձևավորվող հարթակները  օգնելո՞ւ, թե՞ միմյանց գործընթացից դուրս մղելու համար են։ 

2022-ի տարեվերջ․ սա այն ժամկետն է, որը պաշտոնական Երևանն արդեն հաստատում է թե՛ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու, թե՛ Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելու համար։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հիմնավորել է, որ Հայաստանում մտավախություն ունեն, որ «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո չսահմանազատված տարածքները Ադրբեջանի համար նոր էսկալացիայի պատրվակ կարող են դառնալ։ Սա է պատճառը, որ հայկական կողմը արդարացված է համարում երկու գործընթացների զուգահեռ իրականացումը, և  պաշտոնապես բարձրաձայնում է այն քարտեզը, որով նպատակահարմար է սահմանագծումը։

«Մեր հաշվով ես կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դելիմիտացիայի ենթարկվել է։ 1929 թվականին այդ գործընթացը Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը անցել են այդ ժամանակվա աշխարհաքաղաքական պայմաններում և, կարելի է, ասել, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիոն գործընթացն ավարտվեց։ Այստեղ մնում է, որ փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք որպես հիմք, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման։ Ընդունենք այդ սահմանը, ապահովագրենք Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը և առաջ շարժվենք»։

Թե որ ուղղությամբ և ում միջնորդությամբ կողմերը առաջ կշարժվեն, վերջին զարգացումների արդյունքում  հասունացած հարցերից և խնդիրներից մեկն է։ Հակամարտության կարգավորման՝ ժամանակին միակ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից բացի, այս պահին առնվազն երկու միջնորդական հարթակ է ձևավորվել, որոնք դեռ բաց առճակատման մեջ չեն, բայց, այսպես ասենք, «խանդի» դրսևորումներ արդեն կան։ Հանդիպումները հաջորդաբար կազմակերպվում են Բրյուսելում և Մոսկվայում, Պրահայում և Սանկտ Պետերբուրգում։ Փաշինյան-Ալիև պրահյան հանդիպումներին ի պատասխան Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կառաջարկի եռակողմ  նոր հանդիպում անցկացնել՝ մտադրության մասին խոսել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պրահայից հետո համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի սահմաններին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու մասին, իսկ մինչ այդ Հայաստանը վաղուց դիմել և սպասում էր ՀԱՊԿ-ի որոշմանը։ Երկկողմ և քառակողմ հանդիպումներին հեռավար հետևած Մոսկվային այս առումով պարզաբանումներ են հետաքրքրում։ Արտգործնախարար Լավրովը հայ գործընկերոջը ուղիղ ակնարկեց․

Եթե Լավրովը ակնարկում է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանից հստակ դիրքորոշում է ակնկալում՝ հետագա կողմնորոշման համար։

«Կան շատ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը և հարթակները։ Մեզ շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Մենք միջազգային աջակցության կարիք ունենք և մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի որոշմանը, ՌԴ որոշմանը»։

Մինչդեռ Լավրովը պնդում է՝ նախնական ուսումնասիրությունն ավարտվել է, և ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։

«Հիմա նախագահող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, այնպես որ, հենց ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք պաշտոնապես հաստատել նման առաքելությունը և այն կկարողանա սկսել աշխատանքը»։

Այս հարցում նախարարները տարաձայնություն ունեն, եթե Միրզոյանը նշում է, որ Հայաստանը փորձել է, բայց հանդիպումը համաձայնեցված չէ, ապա Լավրովը վստահեցնում է՝  անգամ առցանց պատրաստ են նիստ գումարել։ Սա կարելի է դիտարկել որպես ակնհայտ պատասխան քայլ Հայաստանի սահմաններում դիտորդական առաքելութուն տեղակայելու ԵՄ որոշմանը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն, հստակեցրել է՝ ԵՄ դիտորդներին հրավիրելու պատճառը միայն ՀԱՊԿ-ի հապաղումը չէր: 

«Ռուսաստանը տարածաշրջանում ներկա է և ներկա լինելու իրենց նպատակը կայունություն և անվտանգություն ապահովելն է։ Մենք տեսնում ենք, որ անցած տարվա մայիսից Ադրբեջանը առնվազն 3 լայնածավալ հարձակում է իրականացրել։ Անվտանգության, կայունության ապահովման համար ենք մենք հրավիրում ԵՄ-ին, որպեսզի ներկա լինի, որովհետև այդպիսի միտք էլ կա, թե արդյոք ո՞վ է առաջինը հարձակվում։ կարծում եմ, այս վերջին հարձակումով ամբողջ միջազգային հանրությունը արձանագրել է, որ Ադրբեջանն է հարձակվել և օկուպացիա իրականացրել Հայաստանում։ Նրանք, ովքեր դա արձանագրել են, փորձում են օգտակար լինել, որպեսզի շարունակենք աշխատել։ Նախ՝ կայունության մեխանիզմներ ստեղծենք, նաև Ադրբեջանի զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերենք»։   

Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք  խաղաղության պայմանագրին արագորեն հասնելու բրյուսելյան ակնհայտ փորձերին ռուսական կողմը մի քանի անգամ անդրադարձել է՝ համարելով, որ իրենց ձեռքբերումները և աշխատանքները արևմուտքը փորձում է սեփականաշնորհել։ Բրյուսելյան հարթակի առաջարկները Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև ոչ հավասարակշռված է անվանել։ Քանի որ այդ առաջարկները առնչվում են նաև Արցախի ապագային, այնտեղից հստակ հիմնավորում են, թե ինչու են իրենց համար ավելի ընդունելի Ռուսաստանի, այլ ոչ թե արևմուտքի առաջարկները։ Արցախի ԱԺ մեծամասնության՝ «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է․ 

 «ԼՂ հակամարտության մասով ամենակարևոր դերակատարումը այստեղ ունի Ռուսաստանը, որովհետև կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որով ռուս խաղաղապահներն են տեղակայված։ Վերջերս նաև Մարիա Զախարովան նշեց, որ ՌԴ ներկայացուցիչ Խովաևի կողմից կա առաջարկված փաստաթուղթ և այդտեղ փաստացի ԼՂ հակամարտությունն էլ է ներառվում որպես «խաղաղության պայմանագրի» մի կետ։ Իսկ մյուս առաջարկները, որոնք Արևմուտքի կողմից են, այնտեղ ուղղակի նշվում է, որ պետք է նշանակվեն ներկայացուցիչներ՝ նախապայմանով, որ տարածքային ամբողջականության խնդիրներ չենք քննարկում»։

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում միջնորդական հարթակների առճակատման կամ տարածաշրջանից որևէ մեկին դուրս մղելու խնդիրն առաջին հերթին Հայաստանի ներսում խառնաշփոթի հետևանքն է։

«Այստեղ խնդիրն այն է, որ մենք որպես պետություն ունենանք հստակ դիրքորոշում։ Կառավարության ծրագիր կա ԱԺ-ով հաստատված, որտեղ նշում են, որ ղարաբաղյան հարցը ունի համապարփակ կարգավորում՝ Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտմամբ։, ինքնորոշման իրավունքի հիման վրա և այդ գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո հայտնի տարրերի ու սկզբունքների վրա։ Հիմա ամբողջը խեղաթյուրվում է և միայն մեկ թեզ է հնչում՝ մենք եկել ենք խաղաղության օրակարգով։ Բայց թե ինչ բովանդակություն կա, ոչ մեկը չի հասկանում։ Դրա համար խառնաշփոթ է և՛ ձևաչափերի, և՛ դիրքորոշումների առումով։ Եթե մեր պետությունն ունենա հստակ ֆիքսված դիրքորոշում Արցախի հիմնահարցում, խաղաղության բովանդակության հարցում, ապա անկախ ձևաչափերից կկարողանա ճիշտ ձևով առաջ մղել գործընթացը»։ 

Պրահայի հանդիպումներից մեկ շաբաթ անց եվրոպական էստաֆետը հանձնվեց Աստանային։ Չի բացառվում, որ այնտեղ՝ արդեն ԱՊՀ հարթակներում և ՌԴ միջնորդությամբ կայանա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը՝ արդեն Պրահայի հանդիպումների հիմքով կամ սրբագրումներով։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն