Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ նախատեսվող հանդիպումից օրեր առաջ Հայաստանում խորհրդարանական ուժերի միջև հերթական գարշելի «բանավեճ» ծավալվեց՝ մատնելով խորհրդարանի անմեղսունակ ու պրիմիտիվ արձագանքը Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հրաժարականի ընթացակարգը։ Նկատենք՝ ոչ այն բանի համար, որ Սիմոնյանի գլխավորած խորհրդարանը հրաժարվեց ընդունել ընդդիմության՝ երկու քիչ թե շատ պահանջներ պարունակող հայտարարությունները, ոչ էլ «եռակողմ հայտարարության» փաստացի ճանաչման, ազգային-պետական կարեւոր խնդիրների քննարկումից խուսափելու համար։ Ընդդիմությունը ցանկանում է հեռացնել խոսնակին․․․ Լավրովի պլանը հիշատակելու եւ Ռուսաստանին Արցախը հանձնելու մեջ մեղադրելու համար։

Հայաստան դաշինքն ասում է, որ դա վտանգում է Հայաստանը, ՀՀ անվտանգության սպառնալիք է, հաստատելով, որ վտանգը Ռուսաստանից է։ Նշենք, որ ավելի վաղ, Հայաստան դաշինքը հաստատել էր դավադիր պատերազմի վարկածը։

Իշխող կուսակցությունն այլ կերպ է խեղաթյուրում իրադարձությունները՝ փորձելով «դժվար» որոշումների մեղքը բարդել «նախկինների» վրա։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է. «ՀՀ վարչապետն ասել է, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացում Արցախը Ադրբեջանի տարածքից դուրս ունենալու գործնական եւ տեսական հնարավորություն չի եղել: Եվ որ պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը տարածքների վերադարձն էր առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման»:

Այս կարճ մեջբերումն արտացոլում է իշխող խմբավորման այլասերված պատկերացումները։ Իրականում Քաղաքացիական պայմանագրի համար գլխավորը ոչ թե ազգային շահերի ու իրավունքների պահպանումն է, այլ ամեն գնով պատերազմից խուսափելը։ Սա նշանակում է, որ ՔՊ-ն պատրաստ է պատերազմի սպառնալիքի գեներացմամբ ապագայում գնալ նոր զիջումների։

Ինքը՝ վարչապետը, ֆեյսբուքյան իր վերջին գրառմամբ 2020 թվականի գործընթացները դարձյալ կապել է ընդդիմության դավերի հետ․ «Արտաքին ուժերին՝ տարածքներ, ներքին ուժերին՝ իշխանություն։ 2020-2021 թվականներին առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետեւ նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում», ասում է վարչապետը:

ԳԽ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն ասում է, որ «աշխարհում վաղուց ծիծաղում են մեզ վրա, թե մենք ինչո՞ւ նահանջեցինք վերամիավորման ճանապարհից։ Նույնիսկ մի անգամ ինձ ասացին՝ մենք չենք հասկանում, թե ձեր իշխանություններն այսպիսի վարքագծով ի՞նչ գնով ու ինչպե՞ս են ուզում վաճառել Արցախը։ Չասեմ, թե որ իշխանությունների մասին է խոսքը, քանի որ չորսն էլ նույն քաղաքականությունն են վարել»։

Բրյուսելի հանդիպման շեմին «բանավեճերը» կարող են հիասթափեցնել անգամ աշխարհի այն ուժերին, որոնք դեռ փորձում են օգնել Հայաստանին։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն