Ինչ կատարվեց Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը
Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո, որ տեղի ունեցավ ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ, հանրությունը փորձում է ամփոփել դրա արդյունքը, ավելի շուտ՝ շոշափել, հասկանալ, թե ինչ արդյունք ունեցավ հանդիպումը: Մեծ հաշվով, Բրյուսելի հանդիպումից առանձնակի մեծ սպասումն ինքնին թերևս ռացիոնալ չէր, քանի որ հենց Բրյուսելի հանդիպումից ժամեր առաջ «միջանցքային» հերթական հայտարարությամբ Ալիևը վկայեց, որ գործ ունենք բավականին բարդ և համառ դիրքային դիմակայության հետ, որը չունի արագ հանգուցալուծումներ և լուծումներ: Ըստ այդմ, առավելագույն սպասելիքը, որ թերևս արժե ունենալ բրյուսելյան հանդիպումից, իրավիճակի քաղաքական կառավարելիության աստիճանի բարձրացմանը նպաստելն էր: Արդարացե՞լ է այդ սպասելիքը, թե ոչ, այս հարցը բաց է: Մի կողմից դատելով հանդիպմանը հաջորդած քաղաքական հայտարարություններից, հնարավոր է ասել, որ առկա է կառուցողական մթնոլորտ:
Մյուս կողմից սակայն, ընդհանրապես արցախյան կարգավորման ամբողջ գործընթացը ցույց է տվել, որ շատ հաճախ հայտարարություններն ու իրականությունը կարող են ունենալ կտրուկ անհամապատասխանություններ, կարող են կտրուկ փոխվել հանգամանքները: Առավել ևս, որ այստեղ էական է ամենևին ոչ միայն հակամարտության կողմերի, այլ նաև միջնորդների միջև հարաբերությունների հանգամանքը: Իսկ միջնորդ խաղացողները ունեն զգալի տարբերություններ իրենց պատկերացումներում ավելի լայն մասշտաբով, քան արցախյան, հայ-ադրբեջանական խնդիրը, հետևաբար մեր հարցերը կարող են լինել նրանց ավելի մեծ առևտրի ազդեցության ներքո: Այս առումով, դեռ պետք է տեսնել, թե ինչպես կարտացոլվի Բրյուսելն իրական կյանքում, ինչ քայլեր կլինեն նախ մարդասիրական, մասնավորապես գերիների վերադարձի հարցերում, բացի այդ ինչպես կընթանա դեբլոկադայի և սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ քննարկումը: Արժե արձանագրել երկու էական հանգամանք: Բրյուսելի հանդիպմանը մատնացույց է արվում նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 6-ի եռակողմ հայտարարություններին հավատարիմ լինելու և դրանց կատարման անհրաժեշտությանը: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, եթե որևէ միջնորդական նախաձեռնություն կտրված լինի մյուսից, այս դեպքում ռուսական նախաձեռնությունից, չի կարող հավակնել որևէ արդյունավետության: Այդ իմաստով, եթե նշմարվում է առանցքայյին հարցերում Բրյուսելի և Ռուսաստանի, կամ երեք համանախագահ երկրների միջև որոշակի ընդհանուր հայտարար, դա կարող է լինել դրական, կարող է լինել իրավիճակի քաղաքական կառավարման մթնոլորտի նախադրյալ: Միևնույն ժամանակ, Բրյուսելի արդյունքի առումով ողջունելի է սահմանագծման և սահմանազատման հարցում ԵԽ փորձագիտական և տեխնիկական օժանդակության մասին Շարլ Միշելի հայտարարությունը, եթե իհարկե դա հաջողվի իրագործել ռեալ գործընթացում:
Միաժամանակ, այստեղ էլ, եթե չլինի համադրվածություն ռուսական ներգրավվածության հետ, ապա պետք է սպասել ոչ թե արդյունք, այլ խափանումներ: Հատկանշակական է նաև այն, որ հանդիպումից մի քանի ժամ առաջ Ալիևի «միջանցքային» հերթական «սրացումը» փաստորեն որևէ կերպ տեղ չի ստացել հետհանդիպումային հայտարարություններում ու հաղորդագրություններում: Ավելին, Միշելի հայտարարության մեջ խոսվում է ապաշրջափակման մասին, մատնացույց անելով այդ գործընթացում երկրների ինքնիշխանության լիակատար պահպանման անբեկանելիությունը: Խոշոր հաշվով, անկասկած է, որ ծավալվող քաղաքական գործընթացը ընդգրկում է ավելի լայն և բազմազան «գծեր», որտեղ Բրյուսելը հերթական մի հանգրվան էր, հարաբերական արդյունքով, որը սակայն ընդհանուր առմամբ արտացոլում է Երևանի համար էական մարտահրավերների առկայությունը, միաժամանակ նաև դրսևորում, որ կա դրանց կառավարման և հակազդման որոշակի արդյունավետություն:
1in.am